Դատարանը բավարարել է Երևանի ավագանու անդամի և նրա պապի նկատմամբ սպանության փորձի քրգործով կալանավորման միջնորդությունը

 ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժնում՝ Երևան քաղաքի ավագանու անդամ Արման Անտոնյանին և նրա պապին ծեծի ենթարկելու, նրանց նկատմամբ սպանության փորձ կատարելու և բնակարանի անձեռնմխելիությունը խախտելու դեպքի առթիվ քննվող քրեական գործով շարունակվում են ձեռնարկվել ակտիվ քննչական և այլ դատավարական գործողություններ, ինչպես նաև՝ օպերատիվ հետախուզական և օպերատիվ-որոնողական միջոցառումներ: 

Այս մասին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

«Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ 2021թ. օգոստոսի 1-ին՝ ժամը 01:00-ի սահմաններում, դիմակավորված երկու անձինք ապօրինի մուտք են գործել Ա.Անտոնյանի՝ Նոր Արտամետ համայնքում գտնվող բնակարան, հարձակվել նրա վրա, կտրող-ծակող և բութ առարկայով հարվածներ հասցրել վերջինիս կենսական կարևոր նշանակություն ունեցող օրգանների հատվածում և փորձել դիմել փախուստի, սակայն հանդիպելով Ա.Անտոնյանի՝ 87-ամյա պապի դիմադրությանը՝ ենթադրյալ հանցագործություն կատարած անձանցից մեկը կտրող-ծակող առարկայով հարվածներ էր հասցրել նաև տարեց տղամարդուն»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ քննությամբ պարզվել էր առերևույթ հանցագործություն կատարած անձանցից մեկի ինքնությունը, որը Երևան քաղաքի 30-ամյա բնակիչ է:

ՀՀ քննչական կոմիտեից հայտնում են, որ ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ վերջինս ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ, 147-րդ հոդվածի 1-ին մասով և 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետի հատկանիշներով որպես մեղադրյալ է ներգրավվել, և նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում:

Օգոստոսի 6-ին դատարանը բավարարել է նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու վերաբերյալ վարույթն իրականացնող մարմնի կողմից ներկայացված միջնորդությունը:

Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, օբյեկտիվ և բազմակողմանի քննություն ապահովելու ուղղությամբ:

ՀՀ ՔԿ-ի տեղեկացմամբ՝ 30-ամյա տղամարդուն հայտնաբերելու, ինչպես նաև ենթադրյալ հանցագործություն կատարած երկրորդ անձի ինքնությունը պարզելու, նրանց վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ իրականացվող ակտիվ միջոցառումները շարունակվում են:

Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: