Որևէ մեկը չի կարող ասել, որ Թուրքիայի ու Ադրբեջանի ղեկավարները փորձում են տարածաշրջանում խաղաղության հասնել. Ադրբեջանագետ

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է ադրբեջանագետ Արամ Փոլադյանը

– Պարո՛ն Փոլադյան, հունիսի 10-ին Անկարայում հանդիպել են Ադրբեջանի ու Թուրքիայի նախագահները, ճիշտ է, շատ քիչ տեղեկություն կա, թե ինչ են քննարկել Էրդողանն ու Ալիևը, բայց, ձեր գնահատմամբ՝ կողմերն անդրադարձե՞լ են Հայաստանին առնչվող հարցերի։

– Այն քիչ դեպքերից է, երբ այս երկրների ղեկավարների հանդիպումից գրեթե ոչինչ հայտնի չէ, փորձում են հնարավորինս ավելի քիչ ինֆորմացիա դուրս հանել, ինչն առաջին հերթին խոսում է այն մասին, որ քննարկվել են հարցեր, որ առնվազն այս պահին կողմերը փորձում են չհանրայնացնել։ 

Անդրադարձ է կատարվել Թյուրքական պետությունների կազմակերպության աշխատանքներին, սա ամենևին էլ զարմանալի չէ, որովհետև ցանկացած հանդիպման ժամանակ, անկախ ձևաչափից, նրանք անդրադառնում են այս հարցին՝ փորձելով վերահաստատել բոլորին իրենց անվերապահ նվիրվածությունն ու աջակցությունը պանթյուրքիզմի գաղափարին: Դրանով իսկ Ալիևը, առանց որևէ բառ ասելու, շատ հստակ շեշտում է, որ այն թելադրանքները, որ գալիս են Թուրքիայից, պահանջում են աներեր կատարում ու քննարկման ենթակա էլ չեն Ադրբեջանում։ 

Բնականաբար, կողմերն անդրադարձել են Հայաստանին առնչվող հարցերին՝ հավատարիմ մնալով մինչ այս ունեցած իրենց տեսակետներին։ 

– «Հայ–թուրքական սահմանի բացման համար հայկական կողմից բոլոր ենթակառուցվածքային աշխատանքները արված են, անցակետը պատրաստ է, իսկ թուրքական կողմից մենք քայլեր չենք տեսել այս պայմանավորվածության իրագործման ուղղությամբ»,- այս մասին ասել է ԱԺ փոխնախագահ, Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը։ Ինչո՞ւ Թուրքիան չի անում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարմանն ուղղված քայլեր։

– Ես բազմիցս եմ ասել, որ Թուրքիան ու Ադրբեջանը կգնան հարաբերությունների համապարփակ կարգավորման այն պարագայում, երբ՝ 1․ բավարարված լինեն իրենց բոլոր պահանջները, 2․ իրենք լիապես վստահ լինեն, որ այդ պահանջների կատարումից բխող հանգամանքներն ու էությունը որևէ պարագայում չեն ենթարկվելու փոփոխության կամ ձևախեղումների։ 

Նրանց նպատակները հստակ են ու անփոփոխ, և որևէ մեկը չի կարող ասել, որ այս պետությունների ղեկավարները փորձում են տարածաշրջանում խաղաղության հասնել։ Այսինքն՝ մեր հանրությունը հոգեպես նաև պետք է պատրաստ լինի պատերազմի, որովհետև թշնամին խաղաղության չի պատրաստվում։

– Պարո՛ն Փոլադյան, այսինքն՝ Թուրքիան և Ադրբեջանը Հայաստանի հետ հարաբերությունները կկարգավորեն միայն այն ժամանակ, երբ Հայաստանը Ադրբեջանի հետ ստորագրի այդ պայմանագիրը իրենց ցանկացած բովանդակությա՞մբ։ 

– Թուրքիան շատ ավելի գլոբալ է դատում ու վարում իր դիվանագիտական քաղաքականությունը, վայրկենական էմոցիաներով չի առաջնորդվում։ Այսօր Թուրքիան տարածաշրջանում ունի մեծ կշիռ ու գործոն է, որքան էլ մեզ համար դա ցավալի է, բայց այդպես է, ու նրանք Ադրբեջանի ձեռամբ շարունակում են պնդել բոլոր այն պահանջները, որոնք հնչում են ադրբեջանական կողմից՝ Սահմանադրության փոփոխություն, սիմվոլներից հրաժարում, ադրբեջանցիների վերադարձ «իրենց պատմական հողեր», այսինքն՝ Հայաստանը պետք է անի այն, ինչ կուզի Ադրբեջանը։ 

Այս համատեքստում խոսել այն մասին, թե կա՞ դրական փոփոխություն Թուրքիայի հետ բանակցություններում կամ որևէ առաջընթաց, անիմաստ եմ համարում, որովհետև ակնհայտ է, որ այս պահին անհնար է խոսել խաղաղության մասին, որովհետև թշնամիները մեզ փաստացի պարտադրում են պատրաստվել, որպեսզի կարողանանք դիմագրավել այս բոլոր մարտահրավերներին։ 

Ադրբեջանա-թուրքական տանդեմն այսօր մեզ պարտադրում է պահանջներ, որոնք, մեղմ ասած, չեն բխում Հայաստանի շահերից ու չեն էլ բխելու, քանի դեռ այս պետությունների ղեկավարները շարունակում են հավատարիմ մնալ ցեղասպան ու հայատյաց իրենց քաղաքականությանը։

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am