Շարժման հաջողելու հնարավորությունը գրեթե զրոյական է. պայքարի ստրատեգիան սխալ է. Արմեն Բադալյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը

– Պարո՛ն Բադալյան, «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումն ազդարարել է նոր ֆորմատով գործողությունների շարունակության մասին։ Ի՞նչը սխալ արեց շարժումն անցնող մեկ ու ավելի ամսվա ընթացքում, որ այդ փուլում չկարողացավ հաջողել։

– Ցանկացած ընդդիմադիր շարժում երբ սկսվում է, միշտ ունենում է արդյունքի հասնելու համար մեծ պոտենցիալ, ցանկացած նոր շարժում, ոչ թե հնի կրկնություն։ Սա քաղաքագիտության կանոններից մեկն է, եթե որոշակի պայմաններ թույլ են տալիս, իսկ Հայաստանում պայմանները թույլ տվեցին՝ ժողովրդի շրջանում եղած դժգոհությունը իշխանությունից, այս պարտվողական վիճակը և այլն։ 

Արդեն առաջանում է երկրորդ հարցը՝ իսկ այդ ընդդիմադիր գործողությունը կգնա՞ ճիշտ ճանապարհով, թե՞ չէ: Մեկնարկայինում այս շարժումն ուներ այդ հնարավորությունը, բայց մեկ ամիս անց արդեն կարող ենք ասել, որ այն հաջողություն չունեցավ ոչ թե նրա համար, որ այս կամ այն տեխնոլոգիան սխալ կիրառեց, այլ՝ ամբողջովին սխալ ճանապարհով գնաց, կրկնեց նախորդ 30 տարում, սկսած 92 թվականից, ընդդիմադիր բոլոր կառույցների կատարած սխալները։ 

Բոլորին թվում է, թե նախկինը սխալվել է, որովհետև խելոք չի եղել, ինքն ավելի խելոք է, կհաջողի։ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման այս փուլում պարտությունը, հետոն չգիտեմ՝ կհաղթեն, թե չէ, բայց քիչ հավանական է, որ հաղթի, պայմանավորված էր այդ նույն սխալով, ինչ 90-ականներից իշխանությունների դեմ պայքարած բոլոր ընդդիմադիր շարժումներն են անում։ Իսկ սխալը մեկն է՝ նրանք փորձեցին փողոցով վերցնել իշխանությունը, Հայաստանում փողոցով հնարավոր չէ գալ իշխանության։ 

Ամենամեծ սխալը սա է, շատերի մեջ այն պատկերացումը կա, թե 2018-ին ստացվեց, պետք է այստեղ նորից նշենք, որ 2018-ի գործողությունը՝ իշխանության գալու, ուներ բովանդակություն ու ձև։ Բովանդակությունն այն էր, որ դրսի ուժերի պահանջով այն ժամանակվա իշխանությունը իր իշխանությունը հանձնեց ընդդիմադիր գործչին, իսկ ձևն այն էր, որ դա հանձնվեց թատերական գործողությունների միջոցով, որը կոչվում էր փողոցների փակում, որովհետև երբ հինգ հոգով Ֆրանսիայի հրապարակ են փակում, ու ոստիկանությունը ուժ չի կիրառում այն բացելու համար, ու թավշյա այդ ոստիկանությանը հիմա վերածում են կարմիրբերետավորների, հասկանում ես, որ մի բան առնվազն այն չէ։ 

Մարդիկ դրա համար են կարծում, որ այն ժամանակ, եթե փողոց փակելով եկան իշխանության, հիմա էլ կգան, բայց այդպես չի լինում, որովհետև հասարակությունը չունի այդ պոտենցիալը, որ փողոց փակելով գա իշխանության։ Սա է, որ ընդդիմադիր շարժում իրականացնող ղեկավարությունը չի ընկալում ու անընդհատ փորձում է հասարակական ճնշմամբ իշխանափոխություն անել։ 

– Այդ դեպքում ի՞նչ է պետք անել։

– Թող մտածեն, որ մտածեն՝ պատասխանը կգտնեն, պետք է հաշվի առնեն շատ հանգամանքներ, առկա իրավիճակը ու կրեատիվ մոտեցում դրսևորեն Հայաստանի Սահմանադրության շրջանակներում, ու կգաս իշխանության։

– Պարո՛ն Բադալյան, ձեր խոսքում արդեն նշեցիք, որ այս շարժման, պայմանական ասած՝ երկրորդ փուլը կհաջողի, ինչո՞ւ եք այդպես կարծում, որովհետև մարդիկ դժգոհություններ չունե՞ն գործող իշխանության վարած քաղաքականությունից, թե՞ այլ խնդիր կա։

– Մարդիկ շատ-շատ մեծ դժգոհություն ունեն իշխանությունից, բայց պետք է հասկանալ, թե քաղաքական այս համակարգի դեմ պայքարելու ինչ տեխնոլոգիաներ պետք է ընտրել, եթե դու դա չես հասկանում, իսկ իրենց ելույթներից երևում է, որ չեն հասկացել ու գնում են նույն շարժումը մարզերում անեն։ Էլի հաջողություն չի ունենալու, որովհետև քաղաքական համակարգն այնպիսին է, որ դրան հաղթելու համար պետք է ստրատեգիան փոխես։ Իրենց մտածելակերպը մնացել է 1990 թվականի մակարդակին, բայց հիմա 2024 թվականն է։ 

– Այսինքն՝ շարժման հաջողելու հնարավորությունը զրոյակա՞ն եք համարում։

– Գրեթե զրոյական, իհարկե ոչ մի գուշակություն չեմ անում, գուցեև հաջող, բայց եթե սխալ ճանապարհով է գնում, ապա առանձին գործողությունները, որքան էլ հաջող լինեն, միևնույն է, վերջնական արդյունքը հաջող չի լինի։ Պայքարի ստրատեգիան սխալ է, իսկ այդ դեպքում հաջողության հասնել չես կարող։ 

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am