Ձրիակերների ձեռքի ծախսը

Մհեր Արշակյան

«Իմ քայլը», որ նոր խորհրդարանում կոչվելու է «Քաղաքացիական պայմանագիր», այլևս համբերություն չունի՝ ուզում է շտապ լավ ապրել։ Մարդիկ օրենք են բերել խորհրդարան, որով առաջարկում են 5 անգամ բարձրացնել պետական բյուջեից պատգամավորներին տրվող ամսական չհարկվող գումարը՝ 50 հազար դրամը։ 

Այսինքն՝ աշխատավարձից, պարգևավճարներից բացի, մի հատ էլ 250 հազար դրամ են ուզում։ Ու գիտե՞ք ինչի համար են ուզում՝ զուտ որպես ձեռքի ծախս։ 

Սա՝ առանց կատակի։ Վաղն էլ ասելու են՝ ժողովուրդը մեզ իր հարկերի հաշվին ձեռքի ծախսը ավելացնելու մանդատ է տվել։ Ասելու են, անպայման ասելու են։ Արսեն Թորոսյանն ու Հակոբ Արշակյանը պիտի լավ ապրեն, որովհետև ժողովուրդը հենց Նիկոլ Փաշինյանին (ոչ թե ՔՊ-ին, այլ հենց Նիկոլ Փաշինյանին) մանդատ է տվել։ 

Ու չի տվել, որ իր հարկերի հաշվին պատգամավորների ձեռքի ծախսերն ավելացնի։ Այլ տվել է, որ իր՝ ժողովրդի կյանքը լավացնի։ Դուք հիմա՞ր եք, թե՞ ժողովրդին եք հիմարի տեղ դրել։ 

Հիմնավորումը, թե ինչու պետք է ավելացնել պատգամավորների ձեռքի ծախսը, մի ուրիշ պոեզիա է՝ ասում է՝ քանի որ պատգամավորների թիվը 131-ից դարձել է 107 հոգի, ծախսերը խնայվում են 17 մլն դրամով։ 

Խնայվո՞ւմ են, տարեք ուրիշ ծրագրերի վրա ծախսեք։ Այսինքն՝ եթե մյուս արտահերթ ընտրություններին պատգամավորների թիվը կրկին ավելանա, էդ օրենքը հետողորմյա՞ եք անելու։ Ինչո՞ւ պիտի հենց ձեր կյանքը լավանա։ Ասենք, էդ երբվանի՞ց Հանրապետականից լավը դարձաք։ 

Ո՞ւմ կյանքն է էս ընթացքում լավացել, որ հերթը հասել է ձեր կյանքը լավացնելուն։ Հլը դուք հերիք չեք, միլիարդատեր Քոչարյանի ու նրա խմբակցության (Վանեցյանն ու իր խմբակցությունն էլ ձեզ նվեր) կյանքն եք ուզում լավացնել։ 

Գիտեմ, որ 5 անգամ ավելացնելու եք ձեր ձեռքի ծախսը առանց ախ քաշելու։ Ոչ մեկի կողմն էլ չեք նայելու։ Գիտեմ, որ ասելու եք, թե քանի որ աշխատավարձը ցածր է, ու բարձրացնելու այլ լիազորություն չունեք, կարող եք միայն ձեռքի ծախսն ավելացնել այս փուլում։ 

Բայց ձեռքի ծա՞խսը։ Ու ինչո՞ւ չհարկվող։ Դուք հարկ եք ուտում, ընկերնե՛ր, ինչո՞ւ եք ուզում, որ ձեր կերածը չհարկվի։ Մենակ թե պոեմ չկարդաք, թե ամբողջ աշխարհում է այդպես։ 

Ամբողջ աշխարհում իրենց 5 հազար որդիներին քիչ առաջ անհեթեթ ճանապարհներով չեն զոհաբերել, ամբողջ աշխարհում տոտալ թանկացումներից հետո միայն պատգամավորների մասին չեն մտածել։ 

Եվ հետո՝ ինձ հետաքրքիր չէ, թե ում է հետաքրքրում ամբողջ աշխարհը։ Դուք դեռ ոչինչ չեք արել։ Դուք արել եք Հայաստանի համար ամենածանր հանցագործությունը մարտի 1-ից հետո՝ դուք հարություն եք տվել Ռոբերտ Քոչարյանին ու Սերժ Սարգսյանին։ Դուք պիտի իշխանության մեջ չլինեիք։ 

Բայց ձեր այլընտրանքը հենց ձեր խնամքով իրացրած հարության շնորհիվ դարձել էր Ռոբերտ Քոչարյանը։ Ահա ինչու դուք (դուք չէ, Նիկոլ Փաշինյանը) անխուսափելիորեն դարձաք իշխանություն։ 

Ընտրություններից առաջ ասում էիք՝ ընտրվելուց հետո ավելի մեծ եռանդով ենք աշխատելու։ Կլինի՞ մինչև ձեր կյանքը լավանա, մեր կյանքն ավելի մեծ եռանդով լավանա։ Ձեր օգտին քվեարկողի ձեռքի ծախսն ո՞վ պետք է ավելացնի։ 

Կարո՞ղ է պատահի քվեարկողն է մնացել առանց արտգործնախարարության, կարո՞ղ է քվեարկողն է պետական կառավարման վրա ղժժում Արգիշտի Քյարամյանի պաշտոնային վոյաժներով։ Դո՞ւք կամ ձեր հարազատնե՞րն են զոհվել Ղարաբաղում։ 

Ասեք կատարված մի խոստում կամ պետության իմիջի բարձրացմանն ուղղված մի քայլ, որից հետո ձեր ձեռքի ծախսը պետք է դառնա 250 հազար դրամ՝ չհաշված աշխատավարձն ու պարգևավճարները։ Մենք ձեր իշխանության օրոք չասեմ ինչի մեջ ենք հայտնվել, էդ բառը հրապարակախոսային չէ։ 

Դուք մերն եք, հասկացանք, բայց մեզնով չեք։ 

Թե՞ դուք Բարաք Օբաման եք, որն աշխարհն ավելի լավը դարձնելու խոստումով Նոբելյան մրցանակ ստացավ։ Մարդը գոնե ինքը չէր իրեն մրցանակ շնորհողը, դուք որոշել եք հեռացող «Իմ քայլի» ձեռքով լավացնեք եկող «Քաղաքացիական պայմանագրի» կյանքը։ Կեցցե՛ք։ 

Մհեր Արշակյան 

MediaLab.am