Ադրբեջանը ցույց է տալիս, որ Փաշինյանի հույսերը, որ սահմանազատման արդյունքում կարող է խաղաղություն լինել, ուղղակի փուչ են․ Արա Պողոսյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է քաղաքագետ Արա Պողոսյանը

– Պարո՛ն Պողոսյան, ինչպե՞ս եք գնահատում պաշտոնական Երևանի առաջարկը Ադրբեջանին՝ հայ-ադրբեջանական մոնիթորինգի ստեղծման վերաբերյալ։ Արդյոք Ադրբեջանը ընդունելո՞ւ է այդ առաջարկը։

– Այս ամենի կարևոր ու հանգուցային կետը երկրորդ հարցադրումն էր՝ արդյոք Ադրբեջանը կհամաձայնի՞, վստահաբար չի համաձայնելու Ադրբեջանը, նախկինում՝ դեռևս 2016-ից սկսած, մենք ունեցել ենք նման առաջարկ Վիեննայի, Սանկտ Պետերբուրգի հանդիպումներից հետո, հետո արդեն 2020-ից հետո՝ հենց Փաշինյանի կողմից նման տարբեր առաջարկներ եղել են։ Նախ՝ այս իշխանությունը որևէ կերպ, իր որևէ առաջարկի մեջ հետևողական չի եղել երբեք, չեք հիշի նման բան, որում հետևողական լինեն, նույնիսկ Հայաստանի համար բացասական առաջարկներում հետևողական չեն եղել, էլ ուր մնաց՝ Հայաստանի շահերից բխող առաջարկներում։ Հետևաբար, վստահ եմ, որ այս մասով իրենք ևս հետևողական չեն լինելու, նույնիսկ եթե ԵՄ-ն է ողջունում, ԱՄՆ-ն է ողջունում։ 

Երկրորդ՝ պետք է հասկանանք, թե որքանով է դա ձեռնտու Ադրբեջանին, որովհետև այսօրվա հայ-ադրբեջանական հարաբերությունները հիմնված են բացառապես Ադրբեջանի ցանկությունների վրա՝ անկախ նրանից, թե ի՛նչ առաջարկ ու ո՛ր կողմից կլինի դա։ Ադրբեջանին, արդեն ասացի, ձեռնտու չէ այս տարբերակը, հատկապես վերջին շրջանում այս ապատեղեկատությունները սահմանային կրակոցների մասին, այն մասին է, որ Ադրբեջանը փորձում է ստեղծել իրողություն, որի պայմաններում հնարավոր չի լինի ստորագրել որևէ պայմանագիր։ 

Հենց սրան են միտված Ադրբեջանի թե՛ անտրամաբանական պահանջները Հայաստանի նկատմամբ, թե՛ ամեն օր նոր թեզերի շրջանառումն Ադրբեջանի կողմից։ Այս ամենը եթե փորձենք համադրել, կստացվի մի պատկեր, երբ Ադրբեջանին պետք է Հայաստանից պոկել ամեն ինչ, չունենալով Հայաստանի հետ խաղաղություն հաստատելու որևէ փաստական ամրագրում։ Հետևաբար, այս առաջարկը, որը տեսականորեն կարող է սահմանափակել Ադրբեջանի կողմից Հայաստանի նկատմամբ սադրանքների կիրրառման հնարավորությունը, միանշանակ է, որ Ադրբեջանը սրան չի գնալու, առնվազն այնքան ժամանակ, քանի դեռ վստահ է ու հույս ունի, որ Հայաստանից կարող է սողացող պատերազմի միջոցով, սադրանքների, ուժի կիրառման սպառնալիքի կամ ուղիղ ուժի կիրառմամբ ցանկալի զիջումներ ստանալ։ 

Ադրբեջանը քանի դեռ տեսնում է այս հնարավորությունները, իրեն սահմանափակող որևէ բան չի ընդունելու։ Հիշում ենք՝ Եվրոպական միության մոնիթորինգային խմբի տեղակայումը Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին, որին Ադրբեջանը չտվեց համաձայնություն, ավելին՝ մինչ օրս բողոքում է այդ խմբի առկայությունից, ինչը նշանակում է, որ իր համար հավելյալ խնդիր հարուցող որևէ գործիքակազմ ուղղակի թույլ չի տալու։

– Իսկ ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանը նման առաջարկություն անում, եթե արդեն կան ԵՄ դիտորդները այդ ամենի համար։

– Սահմանազատման ու սահմանագծման աշխատանքների սկսմանը զուգահեռ, Փաշինյանի իշխանությունը սկսեց շրջանառել, որ այդպիսով Հայաստանի սահմանը էլ ավելի անվտանգ է լինելու, որ սահմանազատումն ու սահմանագծումը լինելու է անվտանգության երաշխիք, որ հնարավոր չէ Հայաստանի տարածքային ամբողջականությունը ավելի լավ պաշտպանել, քան սահմանազատված ու սահմանագծված սահման ունենալով։ Հիմա Ադրբեջանը ապացուցում է, որ այդ թեզն այնքան սին էր, որ անգամ քննարկման ենթակա չէ, Ադրբեջանը ցույց է տալիս, որ այդ հույսերը, որ սահմանազատման ու սահմանագծման արդյունքում կարող է լինել խաղաղություն, ուղղակի փուչ են։ Ու հիմա դեմքերը փրկելու համար փորձում են հավելյալ գործիքներ բերել, որպեսզի վաղը կարողանան ասել՝ ժողովուրդ ջան, տեսաք, որ անվտանգ էր։ 

Բայց ոչ միայն Ադրբեջանը չի համաձայնելու դրան, ու սադրանքները շարունակվելու են, այլև ՀՀ ԱԳՆ-ն է հայտարարում, որ, հավանաբար, Ադրբեջանը պատրաստվում է COP29-ից հետո Հայաստանի դեմ պատերազմ սանձազերծելու, էլ ուր մնաց խոսենք սահմանազատման միջոցով խաղաղության մասին։ Հետևաբար, փորձում են հավելյալ ինչ-որ գործիքներ ներմուծելով հարաբերական խաղաղության վիճակ ստեղծել, մարդկանց շրջանում պատրանք ստեղծել, որ այդ թեզը ճիշտ էր, թե խաղաղություն հնարավոր է սահմանազատման ու սահմանագծման միջոցով։ 

– Պարո՛ն Պողոսյան, ասացիք, որ այս իշխանությունը ոչ մի բանում հետևողական չէ՝ անգամ ի վնաս Հայաստանի որևէ գործընթացում, ինչո՞վ եք բացատրում այդ անհետևողականությունը։

– Եթե տրամաբանական իշխանություն լիներ, որի գործողությունների հետագծի մեջ որոշակի տրամաբանություն լիներ, հնարավոր կլիներ այդ հարցին պատասխանել, բայց այս իշխանության պարագայում, ես կարծում եմ, որ իրենց խնդիրն ամեն գնով իշխանություն պահելն է,  ու, եթե այսօր ինչ-որ թեզ հնչեց, բայց դաշարունակելու գինը կարող է լինել իրենց իշխանությունը, ուղղակի հրաժարվելու են դրանից, միայն արտաքին, շեշտում եմ՝ արտաքին լեգիտիմության գնով պահպանել իշխանությունը, ու կարևոր չէ Հայաստանի կենսական շահերի համար սպասարկելի վարքագիծ է, թե ոչ։ Ուղղակի անտրամաբանական է այս իշխանությունների՝ հատկապես արտաքին քաղաքականության բնագավառում վարքագիծը կամ խոսույթը։

– Ձեր ասած անտրամաբանական վարքագծի հետևանքները որո՞նք են լինելու պետության համար։

– Այդ հետևանքները մենք արդեն քաղում ենք․ սկսած 2018 թվականից, ինչ իրենք իրենց զրոյական կետից սկսեցին արտաքին քաղաքականություն վարել, Հայաստանի արտաքին քաղաքականությունը դարձավ ցայտնոտային, ռեակտիվ, օրվա խնդիրներին ընդամենը արձագանքող ու որևէ ձեռքբերման մասին ես կդժվարանամ ուղղակի հիշել։ Մենք ունեցել ենք կորուստներ, հարաբերությունների վատթարացում հարևանների հետ, նախկին կամ ներկա դաշնակից, շահակից պետությունների հետ, փորձել ենք փնտրել նոր դաշնակիցներ, բայց հարաբերությունները կառուցել ենք այնքան անտրամաբանական հիմքերի վրա, որ անգամ դժվար է պատկերացնել, թե այդ նոր պետությունների հետ մեր հարաբերությունների որակն ինչպիսին է։ 

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am