Միքայել Մինասյանը ռազմավարական նշանակության օբյեկտ է սեփականաշնորհել և մեծ հավանականությամբ գործով մեղադրյալ կլինի. Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձավ Սերժ Սարգսանի փեսայի՝ Միքայել Մինասյանի հայտարարություններին:

«Ես այդ հայտարարությունները կապում եմ նրա հետ, որ Միքայել Մինասյանը ստացել է ինֆորմացիա, որ որոշ քրեական գործերով արդեն քննությունը հասել է իրեն, և շատ մեծ հավանականություն կա, որ ինքը որպես մեղադրյալ կանցնի, մասնավորապես, Հայաստանի ստրատեգիական նշանակության օբյեկտներից մեկի սեփականաշնորհման գործով: Ենթադրում եմ՝ ինքը մտածել է, որ ինքն էլ ցուցմունք կտա Սերժ Սարգսյանի դեմ, ինչի արդյունքում Սերժ Սարգսյանը կձերբակալվի»,- ասաց նա:

Փաշինյանը հավելեց, որ Միքայել Մինասյանին խորհուրդ է տալիս վերադառնալ Հայաստան և պատասխանել Հատուկ քննչական ծառայության հարցերին: Լրագրողները հետաքրքրվեցին՝ ի՞նչ ռազմավարական նշանակության օբյեկտ է սեփականաշնորհել Մինասյանը: Փաշինյանը պատասխանեց, որ խոսքը Լոռու մարզում գտնվող օբյեկտներից մեկի մասին է:

«Միքայել Մինասյանը շատ օբյեկտների սեփականատեր է եղել և շարունակում է մնալ, բայց այլ հարց է, որ դրանք գրանցված են մի կնոջ անունով, որը ձեզ ոչինչ չի ասում: Այն, որ այդ մարդիկ դեռ շարունակում են խոսել, ես հասկանում եմ, որ դա հակասում է արդարության տրամաբանությանը, բայց դա չի հակասում իրավական պետության տրամաբանությանը, որովհետև մենք ոչ մեկի բերանը չենք պատրաստվում փակել: Թող խոսեն, բայց թող նաև արձանագրեն, որ այն, ինչ իրենք խոսում են, կարող է օգտագործվել իրենց դեմ: Այնպես որ, ավանսով իրենցից քաղբանտարկյալ ստեղծել չի լինի, որովհետև այդ մարդիկ ՀՀ-ն թալանել են»,- նշեց Նիկոլ Փաշինյանը: