Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է ԱՄՆ նախագահի հատուկ օգնական և Ազգային անվտանգության խորհրդում եվրոպական հարցերով ավագ տնօրեն Մայքլ Քարփենթերին։ Այս մասին հայտնում է Factor.am-ը:
Ադրբեջանի նախագահականի հաղորդմամբ՝ Քարփենթերն Ալիևին է հանձնել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի նամակը։ Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Բայդենը նամակում նշում է, որ գոհ է Ադրբեջանի և Հայաստանի կողմից ձեռք բերված շարունակական առաջընթացից խաղաղության համաձայնագրի կնքման ուղղությամբ, որը կծառայի երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորմանը։
«Ուզում եմ ձեզ վստահեցնել, որ ԱՄՆ-ը պատրաստ է աջակցել Ադրբեջանի և Հայաստանի միջև կայուն և արժանապատիվ խաղաղության ձեռքբերմանը, որը վերջ կդնի դարավոր հակամարտությանը։ Ի հավելումն Ադրբեջանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության ապահովմանը՝ խաղաղության համաձայնագիրը կվերափոխի ամբողջ տարածաշրջանը՝ հնարավորություն տալով ավելի մեծ առևտուր, ներդրումներ և կապ ունենալ Եվրոպայի ու Կենտրոնական Ասիայի միջև:
Քանի որ COP29-ում աշխարհի ուշադրությունն ուղղված է դեպի Բաքուն, դուք աննախադեպ հնարավորություն ունեք համաշխարհային հանրությանը ցույց տալու ձեր նվիրվածությունը խաղաղությանը: Խաղաղության համաձայնագրի չլուծված կետերը վերջնական տեսքի բերելը կպահանջի կրեատիվություն և փոխզիջում երկու կողմերից: Բայց վստահ եմ, որ դուք կշարունակեք օգտվել այդ հնարավորությունից։ Հրավիրում եմ համաձայնագրի ստորագրումն ավարտին հասցնել այս տարի»,-ասվում է նամակում։ ԱՄՆ նախագահը նաև աջակցության պատրաստակամություն է հայտնել։