«Բանակը մեկ մարմին չէ, բանակը հենց մենք ենք՝ բոլորս». Երևանից հերթական խումբը մեկնել է զորավարժության

«Բանակը մեկ մարմին չէ, բանակը հենց մենք ենք՝ բոլորս». Երևանից հերթական խումբը մեկնել է զորավարժության
«Բանակը մեկ մարմին չէ, բանակը հենց մենք ենք՝ բոլորս». Երևանից հերթական խումբը մեկնել է զորավարժության

Սեպտեմբերի 24-ից Հայաստանի Հանրապետության տարածքում մեկնարկել է «Զինված ուժերի ծավալումը, հակառակորդի ագրեսիայի դիմագրավումը» թեմայով լայնածավալ ռազմավարական զորավարժություն:

ՀՀ ՊՆ Երևանի թիվ 4 զինվորական կոմիսարիատից զինապարտների հերթական խմբին ճանապարհելու էին եկել Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն ու ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը: 

Բարի ծառայություն մաղթելով զորավարժության մասնակիցներին՝ քաղաքապետն ու նախարարը նկատել են, որ սա ևս մեկ հնարավորություն է՝ վերհիշելու այն բոլոր հմտությունները, որ նրանք ձեռք են բերել ծառայության ժամանակ:
«Սա աննախադեպ ցուցանիշ է, որ Երևանը ցուցաբերում է: Դա նշանակում է, որ ուղղակի մոտեցումը փոխվել է, և իրավիճակն այնպիսին է երկրում, որ մարդիկ հասկանում են, թե ինչքան կարևոր է ամեն մեկի արածը: Մենք բոլորս սա անում ենք մեզ համար և առաջին հերթին՝ մեր երեխաների համար: Պետությունն առանց բանակի պետություն չէ, իսկ բանակը մեկ մարմին չէ, բանակը հենց մենք ենք՝ բոլորս»,- նշել է քաղաքապետը:
«Դուք այն անձնակազմն եք, որ ունեք հատուկ պատրաստվածություն, մասնագիտական ունակություններ և 5-10 օր անցկացնելու եք զորամասում: Իրականում ձեզ համար էլ է լավ, մեզ համար էլ է ճիշտ, որ հաջորդ անգամ մենք արդեն չենք հավաքելու, ասելու ենք՝ եղբա՛յր, գիտես քո զորամասը՝ ուղիղ ձեր կցագրման վայրը: Շնորհակալ եմ ձեզ գիտակցաբար մոտեցման համար»,- նշել է նախարարը:

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն ու ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը շրջել են նաև զինվորական կոմիսարիատում, զրուցել բժշկական հանձնաժողովի մասնագետների հետ: Զինապարտներն, ի դեպ, մինչ զորավարժության մեկնելը նաև բժշկական համապատասխան զննում են անցել:

Ներգրավված զինապարտները կներկայանան զորամասեր, կստանան իրենց համազգեստն ու հանդերձանքը, զենք-զինամթերքը:

Այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից: