Փառանձեմն ու Թագուհին. Թե ինչու դու չես հասցնում հեծանիվ քշել

Լիաննա Խաչատրյանը (Լուսանկարը՝ Էմմա Գրիգորյան, MediaLab.am)

Փառանձեմն ու Թագուհին կիրակի վազվզուքի արանքում ձեռի հետ թերթում են ռիլերը և կրկին նկատում են, որ երկրի ղեկավարը այս անգամ եսիմ քանի կիլոմետր հեծանիվ է քշել: Փառանձեմն ու Թագուհին գիտեն, որ հեծանվասպորտը շատ լավ է թե առողջության, թե կազմվածքի համար: Նրանք նաև հավանում են այն գաղափարները, որոնք քարոզում է իշխանությունը, ու որոշում են հաջորդ օրը անպայման հեծանիվ քշել: 

Փառանձեմի տանը հեծանիվ կա, Թագուհին ծախսում է իր աշխատավարձի կեսը նոր և լավ հեծանիվ գնելու համար: Մարզահագուստի և սաղավարտի համար գումարը չի բավականացնում: Պարտք են անում: Փառանձեմն ու Թագուհին երկուսն էլ աշխատում են: 

Թագուհին արթնանում է առավոտյան 7:30-ին, մի կերպ խցկվում ավտոբուս: Հասնում է աշխատավայր: Գործն ավարտվում է 18:00-ին: Կանգառում տուն տանող ավտոբուսին սպասում է 25 րոպե: Տրանսպորտն այնքան լցված է լինում, որ չի կարողանում նստել: Ստիպված սպասում է երկրորդին: Եվս 35 րոպե, հաշվի առնելով, որ այդ ժամին քաղաքում խցանումներ են: Կանգնած ու ճմռթված վիճակում Թագուհին տուն է հասնում 50 րոպե անց: Արդեն մթնել է: Թագուհին մտնում է մթերային խանութ: Գնումներ կատարում: Հասնում է տուն: Ճաշ է եփում, արդուկ անում, երեխաների հետ դասեր, հետո հավաքել թափթփված բոլոր իրերը: Հիմա էլ բոլորը թեյ են ուզում: Քաղցր ինչ-որ բան պատրաստել: Նորից տնայիններ: Լվացք: Լվացքը փռել: Արդեն ժամը տասն է: Թագուհին նայում է հեծանիվին: Դրսում մութ է ու ցուրտ: Ինքն էլ այնքան հոգնած է, որ պատրաստ է հենց տեղում պառկել տան գորգի վրա ու քնել: 

Փառանձեմը նույնպես աշխատանքը 18:00-ին է ավարտում: Նա իր մեքենան ունի: Բայց մինչև խցանումների մեջ տուն է հասնում, դառնում է ժամը 19:00-ը: Հետո, դե, մտնել սուպերմարկետ: Դրամարկղի մոտ հերթեր: Լվացք, արդուկ, երեխաներ, տնեցիներ, մաքրություն, օգնություն հարևանին: Տանը կիսատ թողած գործ, որ պետք է ավարտել արդեն գիշերը, սեփական լափթոփի դիմաց: Փառանձեմն անգամ չի էլ հիշում, որ հեծանիվ ունի: 

Երկուսն էլ մտածում են՝ ոչինչ, շաբաթ-կիրակի կքշեն: Վերջապես ազատ ժամ են գտնում: Պարզվում է՝ տարածքում պուրակ չկա: Պետք է կանչել տաքսի կամ սեփական մեքենայով գնալ: Վերցնել հեծանիվը տանել ինչ-որ այնպիսի տարածք, որտեղ կարելի է քշել: Հասնում են Բուսաբանական այգի: Սկսում են քշել, ընթացքում մեկը հիշում է, որ վաղը երկուշաբթի է, պետք է հիփոթեքի ամսական վճարը մուծի: Փող չկա: Մյուսը՝ վարկերի մասին է հիշում, ու որ աշխատավարձի կեսը տվել հեծանիվ է գնել, արդյունքում չգիտի՝ ինչպես ամսվա երկրորդ կեսը ձգել: Երկուսն էլ հեծանիվը տխուր քշելուց հետո, հոգնած մտնում են խանութ: Քանի որ պիտի խնայողություն անեն, գնում են մի տասը կիլո կարտոֆիլ և մակարոն ու հնդկաձավար: Միայն ածխաջրեր: Միսն էլ՝ հավ, բայց էն դրսի սառեցրածներից, որովհետև պետք է մինչև ամսվա վերջ ձգեն: 

Գնում են տուն, նորից եփութափ, զանգ աշխատավայրից: Բողոք դպրոցից: Մուննաթ հարևանից: Ամանները լվանալիս Փառանձեմն ու Թագուհին մտածում են՝ ախր ինչպե՞ս է ստացվում, որ երկրի վարչապետը, որը պիտի այդքան զբաղված լիներ, ժամանակ է գտնում հեծանիվ քշելու, իսկ իրենք հազիվ գտան այդ մի ժամը, այն էլ չվայելեցին:

Փառանձեմ ու Թագուհին հետո մտածեցին, որ եթե լինեին հատուկ վարձած մարդիկ, որոնք կանեին բոլոր տնային գործերը, եթե նրանց երթևեկությունը հեշտացներ անձնական մեքենան, և այդ մեքենայի ճանապարհը բացող ոստիկանությունը, եթե նրանք չմտածեին իրենց օրվա հացի մասին, ֆիզիկապես այդքան չհոգնեին, եթե մարդկանց մի ամբողջ խումբ ամեն օր իրենց սպասարկեր և անգամ որոշեր, թե իրենք ինչ են հագնելու, այդ ժամանակ գուցե իրենք էլ աշխարհի բոլոր քաղաքների փողոցներով ուրախ երթևեկեին և առողջ ապրելակերպ քարոզեին: 

Փառանձեմն ու Թագուհին սպունգով տրորում էին թավային կպած յուղոտ ճաշի հետքերը ու հասկանում, որ առաջին հայացքից հեծանիվն այդքան դեմոկրատական, մարդամոտ և էժան փոխադրամիջոց է թվում: Բայց պարբերաբար հեծանիվ քշելը իրենց երկրում արտոնություն է, որ ամեն մեկին հասու չէ: Հատկապես հասարակ, միջին աշխատավարձով ապրող քաղաքացիներին: 

Երեկո էր: Երկրի ղեկավարը Սևանի ճանապարհին արդեն քանի կիլոմետր հեծանիվ էր քշում, իսկ Փառանձեմն ու Թագուհին կեղտոտ ամանները դեռ լվանում էին ու լվանում…

Լիաննա Խաչատրյան

MediaLab.am