«Առողջապահության նախարարության որոշման մեջ զավեշտալի կամ արտառոց ոչինչ չեմ տեսնում»․ Արարատ Մկրտչյան

«Մարդկանց մտքով անցել է պատվաստումը խթանող միջոց կիրառել, դա են որոշել։ Կհանդիսանա՞ խթան, թե՞ ոչ՝ չեմ կարող ասել, սպասել է պետք։ Բայց այս որոշման մեջ զավեշտալի կամ արտառոց ոչինչ չեմ տեսնում»,- «Մեդիալաբին» ասաց առողջապահության նախկին նախարար Արարատ Մկրտչյանը՝ մեկնաբանելով կորոնավիրուսի դեմ պատվաստվել ցանկացողներին վիճակահանության միջոցով թատրոնի կամ կինոյի տոմսեր տրամադրելու մասին առողջապահության նախարարության նոր նախաձեռնությունը։

Նախկին նախարարի կարծիքով՝ Հայաստանում պատվաստումների վերաբերյալ իրազեկումը ճիշտ է իրականացվել ու իրականացվում, իսկ պատվաստումների դեմ տարվող հակաքարոզչություն եղել է դեռ խորհրդային տարիներից, որը, իհարկե, ազդում է հասարակական կարծիքի վրա։

«Պատվաստումները սկսվել են մոտ 6 ամիս առաջ և դրա հիման վրա եզրակացություն անել, թե Հայաստանում պատվաստվողների պասիվություն է նկատվում, սխալ է։ Ես չեմ ընդունում այն երկրների վարքագիծը, որոնք պատվաստումների ընդգրկումը մեծացնելու համար դիմում են որոշակի միջոցների, որոնք պարտադրանքի բնույթ են կրում, իսկ ցանկացած պատվաստում պարտադիր անել ընդունելի չէ և հակասում է ժողովրդավարությանը»,- ասաց նախկին նախարարը՝ հավելելով, որ Հայաստանում պատվաստման գործընթացը ճիշտ ընթացք է կրում։

Մկրտչյանի խոսքով՝ ով էլ այս ընթացքում նախարար լիներ, չէր կարող այնպես անել, որ պատվաստվողների թիվն ավելի շատ լիներ, քան կա, որովհետև ցանկացած պատվաստում ենթադրում է որոշակի ժամանակ։ Մարդիկ, ըստ Մկրտչյանի, նախևառաջ իրենց մեջ պետք է հաղթահարեն այդ «վախերը» և գիտակցեն պատվաստվելու կարևորությունը։

Բնակչության շրջանում վախերն հաղթահարելու ուղղությամբ, Մկրտչյանի խոսքով, առողջապահության նախարարությունը քայլեր կատարում է, ընդ որում՝ ճիշտ և այդ գիտակցմանը նպաստող։

Ինչ վերաբերում է կորոնավիրուսի ակտիորեն տարածվող հնդկական «դելտա» շտամին, առողջապահության կազմակերպիչը նկատեց․

«Հնդկական նոր «դելտա» շտամին դիմակայելու համար Հայաստանը պատրաստ է այնքան, որքան ամբողջ աշխարհը այս համավարակին և նրա փոխակերպված հարուցիչներին։ Հայաստանը, բնականաբար, պատրաստ է դիմակայելու նոր շտամին, ինչպես պատրաստ էր և դիմակայեց COVID-19-ին»։

Համավարակի նոր ալիքի բռնկում կլինի՞, թե՞ ոչ Մկրտչյանը դժվարացավ ասել, որովհետև այս համավարակը անկանխատեսելի է և դասական համավարակների տրամաբանությանը չի ենթարկվում։

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am