ԱԺ Լուսավոր Հայաստան խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը դատապարտել է Իմ քայլը խմբակցության անդամ Անդրանիկ Քոչարյանի արտահայտությունները։
«Դատապարտելի և ծայրահեղ անընդունելի եմ համարում կնոջը քաղաքական գործունեության համար վիրավորելը, ծաղրելը, անձնական կյանքը քննարկման առարկա դարձնելը, այդ թվում` ԱԺ պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի այսօրվա ձևակերպումները Արփինե Հովհաննիսյանի հասցեին, և ինքս, որպես ԱԺ պատգամավոր, ներողություն եմ խնդրում այս քաղաքական մշակույթի և այս ամենի համար:
Հույս ունեմ, որ պարոն Քոչարյանը ներողություն կխնդրի հայ տղամարդուն և պատգամավորին ոչ հարիր հայտարարությունների համար»։
Հիշեցնենք, որ ԱԺ Իմ քայլը խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը անվայելուչ արտահայտություն է թույլ տվել ԱԺ նախկին փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանի հասցեին՝ նշելով․ «Տիկինը ինչ-որ պահի հանդիսացել է մեր երկրի արդարադատության նախարարը։ Պետք է խոսի փաստերով, իսկ պայմանական կարող է տալ իր մայրիկի, իր անհայտ հայրիկի և մյուսների անունները, և այն մարդկանց անունները, որոնք ըստ էության թաքցրել են կամ չեն հայտարարագրել ունեցվածքը։ Մեր հայտարարագրերը, կոնկրետ իմ պարագայում հասանելի են հասարակության բոլոր անդամներին»։
Անդրանիկ Քոչարյանի այս արտահայտությունը սոցիալական ցանցերում բուռն քննադատության է արժանացել։