Մենք չենք տեսնում այն միջազգային մեխանիզմը, որն ի վիճակի է ապահովելու խաղաղություն որևէ ռեժիմով. Հակոբ Բադալյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը

– Պարո՛ն Բադալյան, ինչպե՞ս եք վերաբերվում Արցախի Հանրապետության խորհրդարանի հայտարարությանը, որով խմբակցությունները պատասխանում էին Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, թե Մադրիդյան սկզբունքներով Հայաստանը համաձայնել է, որ Արցախն Ադրբեջանի մաս է։ Պատգամավորների համոզմամբ՝ Փաշինյանի մտքերը նույնական են Իլհամ Ալիևի մտքերի հետ։ Այդ նույնությունը դուք և՞ս նկատում եք։

– Նույնության մասով, ես կարծում եմ՝ ավելի շատ քաղաքական հռետորաբանության խնդիր է, որովհետև գործնական առումով Հայաստանի հրապարակային հայտարարությունները նույնական են Հայաստանի հնարավորությունների հետ, այսինքն՝ Հայաստանի իշխանության քաղաքական հռետորաբանությունը բխում է այդ հնարավորություններից կամ պայմանավորված է դրանցով, որոնք այսօր Հայաստանն ունի որևէ քաղաքական հայտարարություն սպասարկելու իմաստով։

Ինչո՞ւ է սա կարևոր, որովհետև այսօր գտնվում ենք չափազանց անկանխատեսելի միջազգային միջավայրում, որտեղ իրավիճակը շատ բարձր լեգիտիմություն է ապահովում ցանկացած ուժի կիրառման համար, ու քանի որ այդ ռիսկը բավական բարձր է, իսկ Հայաստանը գտնվում է ուժային բալանսի ոչ բարենպաստ վիճակում, իր հայտարարությունները, քաղաքական հռետորաբանությունը պետք է նույնական դարձնի իր հնարավորությունների հետ, ու եթե խոսում ենք նույնականության մասին, պետք է այս դաշտում դիտարկենք։

Մնացյալ գնահատականները, որ հնչում են Արցախից կամ Հայաստանի ընդդիմադիր դաշտից, ևս կարևոր են, ու այն, որ այս հայտարարությունները ընդդեմ ՀՀ իշխանության քաղաքական հռետորաբանության են, լայն իմաստով Հայաստանի համար անհրաժեշտ քաղաքական բազմազանություն է։

Շատ բնական է, որ Արցախի քաղաքական սեգմենտը չպետք է ընդունի այն դիվանագիտական մեղմությունը, որը դրսևորում է Հայաստանը, ու իր հերթին ունի իր քաղաքական հռետորաբանության սահմանագծերը։ Այս տարբերությունը արտաքին միջավայրում Հայաստանին տալիս է ճկունության հնարավորություն, առավելևս, որ այսօր կա Արցախի սուբյեկտայնության վերականգնման շատ ծանր խնդիրը, որը տևական աշխատանք պահանջող խնդիր է։

Այստեղ պետք է դիտարկել նաև երկրորդ հանգամանքը, որ Արցախի խորհրդարանի խնդիրը չպետք է լինի միայն հայտարարություններով ինչ-որ իրողությունների արձագանքելը ու գերազանցապես Հայաստանի քաղաքական ղեկավարության հայտարարություններին արձագանքելը։

Կրկնեմ, որ այդ արձագանքները ես չեմ դիտարկում որպես ողբերգություն, այլ գտնում եմ, որ այդ հարաբերակցությունը ի նպաստ Հայաստանի ճկունության է, բայց Արցախի խորհրդարանը պետք է ավելի գործնական զբաղվի հենց Արցախի սուբյեկտայնության խնդրով, իսկ դա նշանակում է Արցախում քաղաքական, հասարակական իրողությունների վերափոխում, որակների վերափոխում ու խոսակցություն միջազգային հանրության հետ, որ ի վերջո Բաքու-Ստեփանակերտ շփման այդ գաղափարը առարկայանա՝ ելնելով Արցախի սուբյեկտայնության հանգամանքից։

– Փաշինյանի հայտարարությունը, որ «Մադրիդյան սկզբունքներով արդեն իսկ Հայաստանի Հանրապետությունը Արցախը ճանաչել է Ադրբեջանի կազմում» և՞ս պետք է դիտարկենք ձեր ասած այդ հնարավորությունների համատեքստում։

– Ես ասացի, որ պաշտոնական Երևանի հռետորաբանությունը դիտարկում եմ Հայաստանի հնարավորություններից բխող, այսինքն՝ երբ պաշտոնական մակարդակով որևէ քաղաքական հայտարարություն է արվում, բնականաբար, պետք է հաշվի առնենք, թե մենք որքանով կարող ենք այդ հայտարարությունների այս կամ այն աստիճանը սպասարկել ու հնարավոր այս կամ այն ազդեցությունը, հետևանքը առաջացնելու պարագայում որքանով կարող ենք հակազդել դրան։

44-օրյա պատերազմից հետո հատկապես ստեղծվել է մի իրավիճակ, որ Հայաստանն ու Արցախը անհրաժեշտաբար պետք է դրսևորեն տարբեր հռետորաբանություն, ու դա որքան էլ ներքին իմաստով լինի շատ կոշտ, այդուհանդերձ, շատ ավելի օգտակար է հայկական կողմին դիվանագիտական ճկունության համար, քան երբ Երևանի ու Ստեփանակերտի կարծիքները նույնական կամ փոխլրացնող լինեին։

Ստեփանակերտը պետք է քայլ առ քայլ փորձի ձևավորել իր սուբյեկտությունը, իսկ դա նշանակում է խմորել գաղափարներ ու դրանք դարձնել միջազգային հանրության հետ հաղորդակցության որոշակի առարկա։

– Պարո՛ն Բադալյան, իրենք էլ ասում են, որ սահմանափակ հնարավորություններ ունեն ու անում են առավելագույնը այդ պայմաններում։

– Մտածելու ու միտք ստեղծելու հնարավորությունները սահմանափա՞կ են, դա ոչ ոք չի կարող սահմանափակել։ Իհարկե սա բարդ խնդիր է, բայց քայլ առ քայլ պետք է արվի դա, որը ես չեմ տեսնում։

– Արցախից մշտապես պնդում են, որ իրենց պետք է Հայաստանի աջակցությունը, ինչը հիմա չկա, ու որպես օրինակ ասում են, որ եթե երկրի ղեկավարն ասում է՝ Արցախը վաղուց է ճանաչվել Ադրբեջանի կազմում, ապա միջազգային հանրության հետ խոսելն առավել քան բարդ է դառնում։

– Ես կարծում եմ, որ իրական քաղաքականությունը շատ ավելի խորն է, քան պարզապես այդ հրապարակային հայտարարությունները: Այս տեսանկյունից իրական քաղաքականությունն ունի շատ ավելի լայն հնարավորություններ, ու անընդհատ հղում անել, որ պաշտոնական Երևանը հրաժարվել է, ու դրա համար մենք ոչինչ չենք կարող անել, եթե սա զուտ հռետորաբանության տակտիկական կիրառում է, կարող է ընդունելի լինել, բայց եթե սա ընդամենը արդարացում է, թե ինչու մնացյալ աշխատանքը չի արվում, ապա սա քաղաքականապես համարժեք չէ։

– Ձեր գնահատմամբ՝ ի՞նչ իրական հնարավորություններ կան Հայաստանի ու Արցախի համար։

– Եթե միջազգային իրավիճակի առումով նայենք, ցավոք սրտի, դրանք այսօր մեծ չեն, այն իմաստով, որ աշխարհաքաղաքական կենտրոնները միմյանց դեմ պատերազմի կամ դիմակայության մեջ են։ Բայց մնացյալ առումներով մեր հնարավորությունները մենք ինքներս պետք է ձևավորենք:

Երկու աստիճան կա այստեղ՝ նախ շատ արդյունավետ ու առարկայական աշխատանք մեր ներքին կարողությունները, ուժը ավելացնելու մասով ու, բնականաբար, քաղաքական մտավոր աշխատանք այսօրվա իրավիճակում մեր խնդիրներին առնչվող մտավոր բովանդակությունը հարստացնելու համար, ինչը հետաքրքիր կլինի այն միջազգային դերակատարների համար, որոնք այսօր պայքարում են իրենց ազդեցության համար։ Ընդ որում՝ կարևոր է, որ այդ մտավոր բովանդակությունը չձևավորվի խոշոր խաղացողների շահերին ու ռազմավարությանը հակադիր։

Մեր անելիքը սա է, որը իհարկե հեշտ ու մեկօրյա աշխատանք չէ, բայց քայլ առ քայլ պետք գնանք դեպի դա, իսկ մենք առայժմ զբաղված ենք միմյանց հասցեին մուննաթային ներքին խոսակցություններով, որոնք մեզ ոչինչ չեն տալիս։

– Պարո՛ն Բադալյան, իսկ խաղաղության պայմանագրի կնքումը իրատեսակա՞ն է։

– Դա իրատեսական կլինի, երբ ԱՄՆ-ն ու Ռուսաստանը Կովկասում այդ հեռանկարի շուրջ կգան կայուն ընդհանուր համաձայնության, հասկանալի է, որ խաղացողներն այս երկուսը չեն, ուղղակի շատ չծավալվելու համար ես այս երկուսի անունը նշեցի։

Բայց պետք է նկատել, որ կողմերից յուրաքանչյուրը փորձում է այդ պայմանագիրը ծառայեցնել իր շահերին, այլ ոչ թե իսկապես խաղաղության նկատառումներից ելնելով է փորձում հասնել դրան։ Իսկ այս համատեքստում ես դժվար եմ պատկերացնում, որ հնարավոր կլինի գալ այդ համաձայնությանը, չկա իրական հնարավորություն, որովհետև մենք չենք տեսնում այն միջազգային մեխանիզմը, որն ի վիճակի է որևէ ռեժիմով խաղաղություն ապահովելու, դրա համար եմ ասում, որ մենք պետք է փորձենք բարձրացնել մեր կենսունակությունը, որ գոնե այդ հարաբերական խաղաղության ապահովման խնդիրները կարողանանք լուծել, իսկ դրանք պետք է լուծենք թե՛ մեր պաշտպանական կարողությունների ուժեղացմամբ, թե՛ խոշոր ազդեցիկ դերակատարների հետ անմիջական դիվանագիտական աշխատանքով։

Ես, օրինակ՝ շատ կարևոր եմ համարում, որ Հայաստանում անընդհատ շրջանառվում են Մադրիդյան սկզբունքների մասին խոսակցությունները, բնավ նկատի չունեմ այն իմաստով, որով շահարկում են։ Այս թեմայով խոսակցությունը պետք է պահել օրակարգում, որովհետև մեծ հաշվով այսօր դա մի բովանդակություն է, որը մեզ համար թերևս լավագույնն է, ու այս տեսանկյունից շատ կարևոր է, որ Մինսկի խմբի համանախագահներից որևէ մեկը մեծ հաշվով չի չեղարկել այդ սկզբունքները։ Հնարավորություններից մեկը հենց սա է, շատ կարևոր է, որ Երևանն այս հարցը փորձի անընդհատ առաջ մղել, բայց ոչ այն մակարդակով, որ անում են։

 Քրիստինե Աղաբեկյան