Հեղափոխության սերուցքը ուսանողներն էին։ Գոնե սկզբում։ Քաղաքային ակտիվ և առաջադեմ երիտասարդությունը, որ հոգնել էր հին դեմքերից ու բարքերից։ Ժողովրդական ցասման թիրախում էին մասնավորապես «քրեաօլիգարխիկ տարրերը»։
Սա մի հավաքական կերպար էր, որ սկիզբ էր առել 90-ականներից։ Տգետ, բայց վտանգավոր, հաճախ կերած-խմած պարոնայք, որոնք ոչ մի սրբություն չունեն. թալանի, գողության և սպանությունների միջոցով շատ փող են դիզել։
Բայց սա դեռ քիչ չէ, մի հատ էլ երկրով մեկ տարածել են իրենց փողոցային բարքերը՝ դառնալով երիտասարդների համար «հաջողության պատմության» խորհրդանշան:
Արանքում նսեմացվել է «ինժեներ բալա» գիտնականը, իսկ պետական աշխատողները պարզապես դարձել են այս մարդկանց կողմից փաստացի կառավարվող «ավազակապետության» մանկլավիկներ: Սա էր ընդհանուր շրջանառվող պատմությունը։ Եվ ժողովրդի ցասման ալիքը երևան բերեց նշված պատումների հղփացած հերոսների հակահերոսին։
Անցան տարիներ։ Այսօր մենք ունենք ակտիվ ԿԳՄՍ նախարար, առաջին տիկինն է պարբերաբար հայտարարում, թե «կրթությունը նորաձև է», քննարկումներ են ընթանում Ակադեմիական քաղաքի շուրջ։ Թե որքան է այս ամենը արդյունավետ, թերևս այլ հոդվածի թեմա է։
Իսկ հիմա ուզում եմ ինքներս մեզ հարցնենք՝ արդյոք փոխվեցի՞ն մեր բարքերը։ Արդյոք նոր կառավարությունը մեզ հուշո՞ւմ է, որ այլևս ինչ-որ բանի հասնելու համար պիտի նախ վաստակ ունենաս, աշխատես ու սովորես, ձգտես ու կրթվես։ Բնավ։
Այո, իհարկե լրագրողի հարցին ի պատասխան հայհոյանք հնչեցնող անձինք այլևս չեն նշմարվում Ազգային ժողովում։ (Չնայած… լավ, հեչ): Բայց մենք տեսնում ենք նոր միտում։ Բացեք կառավարման օղակներում աշխատող անձանց ցուցակները, տեսեք՝ 26-30 տարեկան քանի՛ պաշտոնյա ունենք։ Գուցե ոմանք զարմանան, բայց ունենք անգամ պաշտոնյաներ, որոնց կրծքին ավելի շատ մեդալ կարելի է հաշվել, քան իմ՝ Երկրորդ աշխարհամարտի հերոս պապի։
Արդյոք այս բոլոր մարդիկ ունե՞ն բավարար աշխատանքային փորձ ու հմտություններ։ Իհարկե ոչ։ Տեսեք՝ ես ոչինչ չեմ ասում խելքի մասին։ Քավ լիցի, գուցե յուրաքանչյուրը հանճար է (չնայած՝ դժվար):
Ես խոսում եմ կյանքում գոնե մի թերթի կրպակ կառավարել կարողանալու մասին։ Մարդիկ ուսանողական նստարանից անցնում են պաշտոնի։ Սրա համար իհարկե կան օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներ։
Նախ՝ միջին տարիքի լավ մասնագետներն արդեն տեղավորված են մասնավոր հատվածում, նրանց համար անշնորհակալ պետական աշխատանքը անհրապույր է։ Հատկապես որ յուրաքանչյուր պահի Հակակոռուպցիոնը կարող է մտնել քո սենյակ, հետո ամիսներով փակել տանը, կամ տարօրինակ հաղորդագրություն ստանաս։
Մյուս կողմից՝ պաշտոնյան, որը գիտի՝ իր սոցիալական դիրքը, աշխատավարձն ու ընդհանրապես վաստակը բացառապես կախված են մեկ կամ մի քանի մարդուց, կլինի առավելագույնս ենթարկվող։ Թե քաղաքական, թե օբյեկտիվ պատճառները ինձ համար հասկանալի են։ Բայց պետք է ընդունենք, որ սա փաստորեն հին մեսիջն է ստացվում նոր փաթեթավորմամբ։
Հարգելի երիտասարդներ, կյանքում ինչ-որ բանի հասնելու համար ձեզ ոչ հմտություն, ոչ աշխատանքային փորձ, ոչ էլ լրացուցիչ կրթություն պետք չեն։ Մի աշխատեք ձեզ վրա։ Մի ձգտեք լինել լավը։ Միևնույն է, կյանքում, առնվազն ձեր երկրում, ինչ-որ բանի հասնելու է նա, ով հասցնի ճիշտ պահին ճիշտ մարդկանց ելույթներից հետո բարձր ծափահարել։
Արդյոք մեր իշխանությունները նման սերունդ կրթելու նպատա՞կ ունեն։ Հուսամ՝ ոչ։ Բայց անկախ ամեն ինչից, արդյունքը ստացվում է այսպիսին։ Այդուհանդերձ իմ պարտքն եմ համարում զգուշացնել, որ իրապես դժվար է ասել, թե նման մեսիջ ստացող ջահելությունը ինչ անսպասելի հետևություններ կանի։
Լիանա Խաչատրյան
MediaLab.am