Դեմարշի այս ձևը շատ էժան է, կամք դրսևորեք և դուրս եկեք ՀԱՊԿ-ից. Կարապետյանը՝ ՀԱՊԿ նիստին չմասնակցելու մասին

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է միջազգայնագետ Դավիթ Կարապետյանը

– Պարո՛ն Կարապետյան, ՀՀ արտգործնախարարը չի մասնակցի ՀԱՊԿ արտգործնախարարների, պաշտպանության նախարարների և Անվտանգության խորհրդի քարտուղարների կոմիտեի համատեղ նիստին։ Արդյոք սա նշանակո՞ւմ է, որ Հայաստանը վերջնականապես որոշել է խզել կապերը ՀԱՊԿ-ի հետ։

– Նորից գործ ունենք մանիպուլյատիվ ու շատ էժանագին հայտարարության հետ, որը որպես այդպիսին ոչ մի կոնկրետություն չի պարունակում, եթե ժամանակին Նիկոլ Փաշինյանն ասում էր՝ գործնականում պետք է սառեցնենք մեր մասնակցությունը այդ կառույցին, ապա հիմա ստացվում է, որ ի ցույց են դնում այդ սառեցված «հարաբերությունները»։ Ընդհանրապես ցույց են տալիս, որ նեղացկոտի դիրքերից չեն մասնակցում այդ հանդիպմանը, ընդամենը արարողակարգային հանդիպում, որին, ըստ տրամաբանության, հայկական կողմը պետք է մասնակցեր։ 

Այստեղ հարցերի հարցը հետևյալն է՝ կոնկրետ պատճառաբանություն բերելով, որ մենք սառեցրել ենք անդամակցությունը, ինչպիսի քաղաքական կատեգորիա չկա, առավելևս՝ միջպետական հարաբերություններում, վերպետական կառույցների հետ հարաբերություններում, նման իրավաքաղաքական ռեժիմ, տերմին չկա։ Գործող իշխանություններին մեկ բան կարող եմ ասել՝ կողմնորոշվեք, կա՛մ դուք մնում եք այդ կառույցում ու խելոք կատարում եք այդ անդամակցությունից բխող ձեր պարտավորությունները, կա՛մ դուրս եկեք այդ կառույցից, եթե այն իրեն չի արդարացնում, չի բավարարում ձեր պահանջները։ Կամք դրսևորեք ու ՀԱՊԿ-ից դուրս եկեք ու մի շարունակեք մանիպուլյատիվ ու դեմագոգիկ պատասխաններ տալ։ Սթափվեք ու հստակ քաղաքական դիրքորոշմամբ հանդես եկեք, դեմարշի այս ձևը շատ էժան է։ 

– Որ ՀԱՊԿ-ից դժգոհ են, բազմիցս հայտարարել են, բայց ինչո՞ւ ձեր ասած կամքը չեն դրսևորում։

– Որովհետև, կարծում եմ, որ գոնե իրենց նեղ շրջանակներում գիտակցում են, որ ՀԱՊԿ-ին փոխարինող կառույց չունեն։ Իրենց մոտ գլխավոր հարցը հետևյալն է՝ առհասարակ մենք ապառազմականացվա՞ծ ենք լինելու, ինչ-որ ռազմաքաղաքական դաշինքի մաս կազմելո՞ւ ենք, թե՞ չէ։ 

Ենթադրում եմ, հասկացել են՝ մենք ինչ-որ ռազմաքաղաքական դաշինքի միավոր պետք է լինենք, որովհետև չենք կարող պաշտպանել սեփական անվտանգությունը։ Նրանք տեսնում են, որ ոչ մի տեղից որևիցե ռազմաքաղաքական դաշինքի մասնակից դառնալու պաշտոնապես և անգամ ոչ պաշտոնապես ակնարկ չկա։ Իսկ այս պարագայում ընտրել են քինապահության ու ոչ քաղաքական դիրքավորման ձևը ու փորձում են ամեն անգամ իրենց բողոքն արտահայտել չմասնակցելով։ 

– Այդ կերպ ինչի՞ են ուզում հասնել, ի՞նչ պատասխան են ուզում ստանալ։

– Ոչ մի հարցի լուծում չի լինի։ Արդեն որերորդ անգամ մասնավորապես ռուսական կողմն ակնարկում է, որ դուք ունեք պարտավորություններ՝ անկախ ձեր ունեցած դիրքորոշումից։ Հատուկ ուշադրություն եմ ուզում հրավիրել օր առաջ Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինի հայտարարությանը, իհարկե նա դիվանագիտական բառամթերքով, բայց ասում է, որ Ռուսաստանը հուսով է, որ Հայաստանը կներգրավվի Եվրասիայում անվտանգության միասնական ու անբաժանելի զարգացման գործում, որ մենք հավատարիմ ենք ռուս-հայկական դաշնակցային համագործակցությանը, որին համեմատելի ու իրական այլընտրանքներ չկան ու հատուկ շեշտադրում է, այդ թվում՝ ՀԱՊԿ-ի շրջանակներում։

Ռուսաստանը հավատարիմ է մնում ապահովել Հայաստանի անվտանգությունը իր պարտավորությունների շրջանակներում՝ ինչպես երկկողմ, այնպես էլ ՀԱՊԿ-ի միջոցով։ 

Այսինքն՝ Ռուսաստանն ասում է, որ իրենց մասով իրենց առաքելությունն ու գործառույթներն իրականացնելու են, բարի եղեք դուք էլ ձեր մասն ապահովեք՝ կա՛մ դուրս գալու որոշում կայացրեք, կա՛մ խելոք ձեր պարտավորությունները կատարեք։ 

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am