Քոչարյանի հարցազրույցը մեկ նպատակ ունի՝ ցույց տալ, որ վայելում է ՌԴ աջակցությունը և փորձի այդպես գալ իշխանության. Սաֆարյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է Հանրային խորհրդի նախագահ Ստյոպա Սաֆարյանը

– Ռոբերտ Քոչարյանը հարցազրույց է տվել Վլադիմիր Պոզներին, որում սուր քննադատության է արժանացրել ՀՀ իշխանություններին, նաև խոսել է վերջին 3 տարիների ընթացքում ՀՀ բանակի մարտունակության քայքայման մասին: Ինչպե՞ս եք գնահատում հարցազրույցը, և ինչո՞ւ էր պետք նախընտրական այս փուլում նման հարցազրույցը: 

– Կարծում եմ՝ Քոչարյանը հետպատերազմական շրջանում հասկացավ, որ ինքը չունի հասարակության աջակցությունը՝ տապալելու համար Փաշինյանի իշխանությունը, և այժմ վերջին գործոնն է դրել խաղադրույք. դա Ռուսաստանի և Վլադիմիր Պուտինի գործոնն է: 

Ես կարծում եմ, որ Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը մեկ նպատակ ունի՝ հայ հասարակությանը ցույց տալ, որ ինքը վայելում է ՌԴ աջակցությունը և փորձում է այդպես գալ իշխանության: 

Պիտի ասեմ, որ Քոչարյանը երևի չի զգում, թե որքան է փոխվել հասարակությունը, որ սա 1998 թվականի հասարակությունը չէ, որովհետև նույն 1998-ին այս տեխնոլոգիաները կիրառվում էին: Իհարկե, այն ժամանակ հարցազրույց չէր տալիս Պոզներին, բայց ռուսական հեռուստաընկերությունները պատրաստում էին հաղորդումներ, ասենք՝ Герой без галстука, կամ Կրեմլին մերձ հայկական որոշ շրջանակների խոսքով՝ այն տպավորությունն էին ստեղծում, որ նա վայելում է ՌԴ աջակցությունը: 

Հանուն արդարության պետք է ասել, որ 1998-ին և 2003 թվականին դա աշխատում էր, ինչը չես ասի հիմա: Պոզներն իզուր չէր, որ նկատում էր, թե արդյոք այս ամենը ձեր դեմ չի՞ աշխատի: 

Իսկ ինքը հպարտությամբ ներկայացնում էր, որ Պուտինի հետ լավ հարաբերություններ ունի, ինքը հանդես է գալիս Ռուսաստանի պետական հեռուստաընկերությամբ և ասում էր, որ ուրախ կլինի, եթե իր դեմ դա օգտագործվի: 

Հիմա հարցազրույցի բովանդակությունը մի կողմ, այնուամենայնիվ, վերին աստիճանի տգեղ է, երբ դու 10 տարի երկրի ղեկավար ես եղել, և նախընտրական արշավը տեղափոխում ես այլ երկրի տարածք, գնում ես այլ երկրի պետական հեռուստաընկերությամբ սկսում ես բամբասել քո երկրից, քո երկրի իշխանություններից: Նա այդ ամենը Հայաստանում ասելու բազմաթիվ հնարավորություններ է ունեցել, նրա խոսքը թարգմանվել է ռուսերեն, կարդացվել է ՌԴ-ում: 

Ուղղակի այդքան ճանապարհ կտրել, գնալ ռուսական հեռուստատեսությամբ բողոքել, բամբասել սեփական երկրից, ներեցե՛ք, վերին աստիճանի տգեղ է:

– Նա անընդհատ կենտրոնանում էր իր անձի վրա, նա, ըստ էության, փորձում է ընտրություններից առաջ Մոսկվայի աջակցությո՞ւնը շահել:

– Այո՛, փորձում, է բայց ես կարծում եմ, որ Ռուսաստանում ուշադիր հետևում էին հետպատերազմյան իրավիճակներին, չափազանց տեսանելի էր, և նրանք էլ արձանագրեցին, որ Ռոբերտ Քոչարյանի շանսերը ուղղակի նվազագույն են:

Ի վերջո, նա փոքր ռեսուրսներ չուներ, որոնք դրեց Հայաստանի ներսում պատերազմից հետո իշխանությունների նկատմամբ ատելություն գեներացնելու ուղղությամբ, բայց դա չստացվեց: Ռուսաստանն այն երկիրը չէ, որ շատ նաիվ լինի Հայաստանի ներքաղաքական իրավիճակի հարցերում: 

Եթե տեսնում ես, որ թեստը տապալված է, բնականաբար, չես կարող այդպես խաղադրույք կատարել մեկի վրա, որին հասարակությունը խոշոր առումով չի ընդունում: 

Իհարկե, Ռուսաստանը երբեք չի հրաժարվելու Ռոբերտ Քոչարյանից, որովհետև նրա ծառայությունները Ռուսաստանին գնահատվում են: Այնպես չէ, որ իրենք դեմ են կամ չէին ցանկանա, որ Ռոբերտ Քոչարյանը վերադառնա քաղաքական կյանք, բայց այնքան անիրատես էլ չեն, որպեսզի չհասկանան, որ Ռոբերտ Քոչարյանն այն քաղաքական դեմքն է, որը կարող է Հայաստանում վերադառնալ իշխանության՝ չունենալով ժողովրդի աջակցությունը կամ նույնիսկ վայելելով ժողովրդի զգալի հատվածի հակակրանքը: 

Ի վերջո, հասարակությունը չի ցանկանում վերադառնալ անցյալ անգամ պատերազմի դառը և ցավալի արդյունքներից: Դա բավականին տեսանելի է: 

Մյուս կողմից՝ հայ հասարակությունն իր սեփական վերլուծություններն ունի այս պատերազմում Հայաստանի պարտության, դրա պատճառների, այդ թվում նաև՝ նախկին իշխանությունների արդարանալու հետ կապված: 

Իհարկե, ՌԴ-ի համար ցանկալի կլինի, որ Ռոբերտ Քոչարյանը կարողանա, այսպես ասած, ընդդիմության շարքերում ազդել Հայաստանի արտաքին քաղաքական կուրսի վրա: 

Ի վերջո, պատահական չէ, որ Ռոբերտ Քոչարյանն իր հարցազրույցի մեխն էր սարքել այնպիսի թեզեր, ինչպիսիք են՝ «Հայաստանի ընտրությունը պատմականորեն Ռուսաստանն է», ինքը այլ ճակատներ չունի Հայաստանի համար պայքարելով՝ նկատի ունենալով այլ ուղղություններով հարաբերությունները: 

Այնպես որ, մի բան ակնհայտ է, եթե Ռոբերտ Քոչարյանը կարողանա լինել ազդեցիկ գործոն, թեկուզ ընդդիմադիր դաշտում, դա կարող է բերել իշխանության և նրա միջև մրցակցության՝ ավելի ռուսամետ լինելու առումներով: 

Հետևաբար նրա ներկայությունը և նրա կողմից քաղաքական դիսկուրսը, անշուշտ, ձեռնտու են, շահեկան են, և դա է պատճառը, որ նրան նման լսարան է ընձեռվել: Բայց նաև վստահ եմ, որ Մոսկվայում այդքան միամիտ չեն՝ հասկանալու համար, որ նրա շանսերը փոքր են: 

– Այս ընտրություններին Ռուսաստանն ինչպիսի՞ դերակատարություն կունենա՝ հաշվի առնելով, որ միշտ ունեցել է միջամտություն ՀՀ ներքին գործերին, այդ թվում՝ ընտրական գործընթացներին:

– Բնականաբար, կփորձեն խաղալ այն ուժերի հետ, որոնք ավելի խոր ինտեգրացիա են խոստանում Ռուսաստանի հետ: Դա կարվի շատ տարբեր եղանակներով, ինչպես արվել է՝ ցուցադրաբար, ուշադրությունը վառ պահելով և այլն: 

– Քոչարյանը հայտարարում է, որ ընտրություններին մի քանի ուժերի դաշինք է գլխավորելու: Դա իր շանսերը չի՞ մեծացնում:

– Այն քաղաքական ուժերը, որոնց մենք կարող ենք դիտարկել այդ առումով, չեն շտապել հայտարարել Քոչարյանի հետ խաղի մեջ մտնելու պատրաստակամության մասին: 

Ես կարծում եմ, որ այդ քաղաքական միավորները պարզ են: Նա առաջին հերթին ակնարկում է ՀՅԴ-ին, բայց անգամ այսօրվա դրությամբ որևէ քաղաքական ուժ չի շտապում հայտարարել, որ ինքը ընտրություններին գնում է Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ: 

– Կարծում եք, որ եթե նույնիսկ այդ ուժերը որոշեն Քոչարյանի հետ գնալ ընտրությունների, չե՞ն կարող հաջողել:

– Դե, բոլորն էլ հասկանում են ռիսկերը: Դա բավական ռիսկային արշավ է խոստանում որևէ քաղաքական ուժի, որը կմտնի այդ ցուցակի մեջ: Համենայնդեպս, Ռոբերտ Քոչարյանն այնքան էլ ուրախ չէ, երբ հայտարարում էր, որ 2-3 քաղաքական ուժերից կազմված դաշինք կլինի: 

Ակնհայտորեն նա շատ ավելի մեծ կոնսոլիդացիայի հավակնություններ է ունեցել, բայց ինքն էլ գիտակցում է, որ քաղաքական ուժերը, որոնք իր հետ կմտնեն ընտրապայքարի մեջ, այնքան էլ շատ չեն: 

Մանե Հարությունյան

MediaLab.am