Սպի մարմնի ու հոգու վրա. «Ես չէի հավատում, որ սա ինձ հետ է կատարվում». մանկաբարձական բռնության անտես կողմերը

Վերջին հինգ տարիներին Հայաստանում միջինը շուրջ 36,5 հազար ծնունդ է գրանցվում։ Թե սրանցից քանիսն են ուղեկցվում մանկաբարձական բռնությամբ, հնարավոր չէ ասել, Հայաստանում նման վիճակագրություն չի վարվում։ Հայաստանում, ընդհանրապես, որևէ իրավական փաստաթղթում ձևակերպված չէ «մանկաբարձական բռնություն» հասկացությունը։

Ձևակերպումը չկա, դրա մասին ամբողջական պատկերացումը, հիմնականում, նույնպես։ Բայց սա չի նշանակում, թե մայրանալ պատրաստվող կանայք բռնության չեն ենթարկվում նրանց կողմից, ովքեր կոչված են չվնասելու։

Հայաստանում, սակայն, կանանց մի խումբ կա, որ շատ ավելի հաճախ է հանդիպում բռնության և խտրականության, քան մյուսները։ Ավելի հստակ՝ 89.778 կին։ Սա Հայաստանում 2023 թ․ հուլիսի 1-ի դրությամբ հաշվառված հաշմանդամություն ունեցող կանանց թիվն է։ Նրանց դեպքում մանկաբարձական բռնությունը գրեթե անխուսափելի է։

Բայց դու կարո՞ղ ես

34-ամյա Արև Մելքոնյանը մեկն է հաշմանդամություն ունեցող այն սակավաթիվ կանանցից, որոնք խիզախել են երեխա ունենալ։ Մայրանալու մասին Արևը երազել է միշտ։ Երազել ու պատրաստվել դրան։ Հղիությունը, սակայն, չպլանավորված էր․ շարունակական սրտխառնոցն ու գործընկերները հուշեցին նրան հղիության թեստ անել։ Դրական պատասխանը չուշացավ:

«Եվ հենց այստեղ ես բախվեցի իմ նկատմամբ մանկաբարձական բռնության առաջին ու, ցավոք սրտի, շարունակական դեպքերի։ Նախ ընկերուհուս հետ գնացինք պոլիկլինիկա՝ սոնոգրաֆիայի և հղիությունս գրանցելու։ Հատկապես այն դեպքում, երբ այցելում ես ուղեկցողի հետ, դու շատերի համար վերածվում ես անշունչ առարկայի։ Առանց քեզ նայելու՝ հարցնում են ուղեկցողիդ՝ «անունն ի՞նչ է», «ի՞նչ խնդիր ունի», «ինչի՞ց է բողոքում»։ 

Այդպես և էխոյի բժիշկը, մտնելով սենյակ և տեսնելով ինձ ու ընկերուհուս, առանց որևէ հարց տալու, նայեց ընկերուհուս և ասաց՝ պառկի՛ր։ Ընկերուհիս ասաց՝ «ես չեմ հղին, ինքն է» ու ինձ ցույց տվեց: 

Բժիշկը նայեց ինձ, նայեց ընկերուհուս ու շատ ագրեսիվ տոնով հարցրեց՝ ձե՞ռ եք առնում։ Հետո համաձայնեց սոնո անել, որ համոզվի, որ չենք խաբում իրեն։ Երբ տեսավ, որ իրոք հղի եմ, առաջին արձագանքը սա էր՝ պե՞տք է ոստիկան կանչել, կարո՞ղ է բռնության զոհ եմ և այլն։ Նրա համար ուղղակի անպատկերացնելի էր, որ ամեն բան կարող է իմ կամքով և իմ համաձայնությամբ եղած լինի։ Այդ բժիշկը մինչև վերջ էլ մնաց այն կարծիքին, որ ես այդքան էլ նորմալ չեմ, եթե գնացել եմ այդ քայլին»,– հիշում է Արևը։ 

Ըստ նրա՝ եթե դու հաշմանդամություն ունեցող անձ ես, շատերի կարծիքով՝ անկարող ես, անընդհատ խնամքի կարիք ունես։ Առավել ևս, եթե կին ես․ այդ դեպքում, ընդհանրապես, որևէ բան անելու ո՛չ իրավունք ունես, ո՛չ հնարավորություն։ Շատերի համար հաշմանդամություն ունեցող կանայք ուղղակի անտեսանելի են դառնում։ Միտքը, որ դու կարող ես անձնական, սեռական կյանք ունենալ, սիրված լինել, ամուսնանալ և, առավել ևս, հանդգնել մտածել մայրանալու մասին, ուղղակի չի տեղավորվում նրանց գլխում:

«Նախ բժիշկը շատ զարմացավ, որ ամուսին ունեմ, ու հարցրեց՝ «Ինքն էլ պրոբլեմ ունի՞»։ Հարցրի՝ իսկ ես ի՞նչ պրոբլեմ ունեմ։ Ասաց՝ «կալյասկեդ նկատի ունեմ»։ Իսկ հետազոտության վերջում այդ նույն բժիշկը հարցրեց՝ «Բա հիմա որ այդ երեխան ծնվի, ո՞վ է պահելու»։ Ասացի՝ հանգիստ եղեք, չեմ բերելու՝ դուք պահեք, իսկ մնացյալն այլևս ձեր գործը չէ»,– հիշում է Արևը։

Նման խտրական, անհարգալից վերաբերմունքը, սակայն, միակ դժվարությունը չէր, որին բախվեց Արևը հղիության սկզբում։ Բուժհաստատությունների ֆիզիկական անմատչելիությունը, համապատասխան սարքավորումների բացակայությունը մղձավանջի էին վերածել Արևի առօրյան։ 

Թեև «Մարդու վերարտադրողական առողջության և վերարտադրողական իրավունքի մասին» ՀՀ օրենքը հստակ ամրագրում է բժշկական խորհրդատվություն և ծառայություններ սեռական և վերարտադրողական առողջության հարցերի շուրջ` մեկուսի ու գաղտնի պայմաններում ստանալու իրավունքը, Արևի դեպքում այն խախտվում էր ամեն քայլափոխի:

«Շենքի անմատչելիության պատճառով այնպես էին կազմակերպում, որ ես հերթական ստուգումներն անցնեի առաջին հարկում, և շատ հաճախ դա լինում էր այնպիսի պայմաններում, երբ տարածքում շատ մարդիկ կային, և իմ գաղտնիությունը չէր ապահովվում, իսկ համապատասխան գործիքների անմատչելիության պատճառով ես չեմ անցել մի շարք կարևորագույն հետազոտություններ։ Որպես օրինակ ուղղակի ասեմ, որ ոչ մի անգամ գինեկոլոգիական բազկաթոռին չեմ բարձրացել, որովհետև դա ուղղակի անհնար էր իմ պարագայում»,– պատմում է Արևը։

Հիշում է՝ չնայած հղիությունն իր կյանքի ամենաերջանիկ շրջանն էր, տագնապներն ու վախերը մշտապես ուղեկցել են իրեն, հատկապես որ չիմացությունն իր դեպքում շատ էր․ չէր կարողացել անցնել սահմանված սքրինինգային հետազոտությունները, չգիտեր երեխայի զարգացման միտումները, բայց ինքն իրեն շարունակ ասում էր՝ ինչ էլ լինի, իր երեխան ծնվելու է:

«Այդ շրջանն ընդհանրապես շատ էմոցիոնալ է, բայց հատկապես իմ դեպքում, երբ ես ոչ մի նորմալ հետազոտություն չէի անցել։ Բայց ինքս ինձ համար որոշել էի, որ եթե անգամ պարզվի, որ երեխան խնդիրներ ունի, նա, միևնույն է, ծնվելու է։ Մի անգամ բժիշկը շատ տհաճ տոնով ասաց, որ ուղարկում է ինձ ինչ-որ գենետիկական անալիզ հանձնելու, հարցրեցի՝ ինչի՞ համար է դա։ Պատասխանեց՝ «որ իմանաս՝ երեխադ դաուն է, թե ոչ»։ Ես հրաժարվեցի հետազոտությունից, իսկ նրա արձագանքն ուղղակի զավեշտալի էր։ Ասաց՝ «դու՝ սենց, մի հատ էլ հիվանդ երեխա՞ ես ուզում»։ Դա հիմա եմ զավեշտի տալիս, բայց այդ պահին ուղղակի սարսափելի էր։ Ես չէի հավատում, որ դա իրոք տեղի է ունենում ինձ հետ»,– ասում է Արևը։

Հաջորդ փուլում, երբ Արևը պետք է կցվեր որևէ բուժհաստատության՝ հետագայում այնտեղ ծննդաբերելու համար, պարզվեց, որ դա այնքան էլ հեշտ չէ։ Թե՛ պետական, թե՛ մասնավոր մի քանի բուժհաստատություններ հրաժարվեցին ընդունել նրան՝ պատճառաբանելով, թե չունեն նման փորձառություն և մասնագետ, «որ կգնա այդ ռիսկին»։ 

Ընկերուհու հորդորով Արևը նամակ գրեց Հայաստանի լավագույն ծննդատներից մեկում աշխատող հայտնի բժիշկներից մեկին։ Ի զարմանս նրա՝ բժիշկն անմիջապես արձագանքեց։ Հաջորդ օրն արդեն Արևը նրա մոտ էր՝ խորհրդատվության:

«Ո՛չ նրա, ո՛չ ծննդատան մյուս աշխատողների կողմից որևէ զարմացական հայացքի, հաշմանդամության հետ կապված որևէ ավելորդ հարցի կամ արտահայտության չեմ հանդիպել։ Բացի այդ՝ այդ ծննդատունը և ամբողջ տեխնիկան հարմարեցված էին հաշմանդամություն ունեցող մարդկանց համար։ Նրա մոտ հետազոտության ընթացքում միայն իմացա, որ որդուս տոտիկը ծուռ է։ Նշանակվեց կեսարյան հատման օրը, և ես ունեցա որդուս՝ Դավիթին»,– հիշում է Արևը։ 

Կրկնակի խոցելիները

Նա, սակայն, միակը չէ, որ մանկաբարձական բռնության զոհ է դարձել։ Տարիներ առաջ այս խնդրին առաջինն անդրադարձավ ՀՀ ԱԺ պատգամավոր Զարուհի Բաթոյանը՝ իր «Ներառական առողջապահական ծառայություններ՝ հաշմանդամություն ունեցող կանանց համար» ուսումնասիրության մեջ։ Բաթոյանը պարզել էր, որ Հայաստանում առողջապահության ոլորտում առկա խտրականությունը հաշմանդամություն ունեցող կանանց և աղջիկների նկատմամբ պայմանավորված է բժշկական հաստատությունների զգայական, ֆիզիկական և վերաբերմունքային խոչընդոտներով, բուժհաստատությունների աշխատակիցների ոչ լիարժեք պատրաստվածությամբ, ինչպես նաև օրենքը կարգավորող մեխանիզմներում առկա բացերով: 

Հետազոտության ընթացքում մասնակից կանայք պատմել էին նաև այն ցավալի փորձառության մասին, որ ունեցել էին իրենց վերարտադրողական իրավունքի իրացման ընթացքում:

«Ծննդատուն մտնելուց հետո էլ երբեք չեք ցանկանա այդտեղ վերադառնալ: Հիշում եմ, երբ բալիկիս ունենում էի, ասեցին` բարձրացի բազկաթոռ, ասեցի` ինքնուրույն չեմ կարող, ասեցին` ինքնուրույն կարող ես երեխա սարքես, չե՞ս կարող բարձրանալ, էլ ձևեր մի´ թափի, ու այդպես: Ես չեմ կարող հաստատ ասել` ես և բալիկս ողջ և առողջ կվերադառնայինք տո՞ւն, թե՞ ոչ, եթե չլիներ իմ մասնագիտական աշխատանքը»,– պատմել էր հետազոտության ընթացքում հարցված կանանցից մեկը։

«Գնացել եմ հղիության քարտ հանելու համար, աշխատողը նայում ա դեմքիս, ասում. «Իա´, էս դու հղի՞ ես (շատ խիստ զարմացած), բա կարա՞ս բերես, որ հղիացել ես, չե՞ս վախում»»,– հիշել էր մյուս կինը։

Հետազոտության նպատակներից էր նաև օրենսդրական բացերի վերհանումը և համապատասխան առաջարկություններով հանդես գալը։ Ըստ այդ, Բաթոյանը մի շարք օրենսդրական փոփոխություններ էր առաջարկել, որոնց միջոցով կկարգավորվեին հաշմանդամություն ունեցող անձանց վերարտադրողական առողջության ծառայությունների առանձնահատկությունները, մատչելիությունը և ներառականությունը, ինչը ներառում է ինչպես հավասար պայմանների երաշխավորում, այնպես էլ հատուկ պայմանների ապահովում։ Բաթոյանի առաջարկած որևէ օրենսդրական փոփոխություն կյանքի չի կոչվել։

Ո՛չ օրենքով, ո՛չ իրավունքով

Հայաստանում մարդու վերարտադրողական իրավունքը սահմանվում է օրենքով, և չնայած մանկաբարձական բռնության մասին այստեղ չի խոսվում, հստակ սահմանվում են մի շարք կարևորագույն իրավունքներ, այդ թվում՝ անվտանգ մայրության իրավունքը, սակայն օրենքում անդրադարձ չկա հաշմանդամություն ունեցող կանանց իրավունքներին։

Միևնույն ժամանակ, Հայաստանը 2010 թ. հոկտեմբերին վավերացրել է ՄԱԿ-ի «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» կոնվենցիան, որի 25-րդ հոդվածում նշվում է, որ մասնակից պետությունները ձեռնարկում են անհրաժեշտ բոլոր միջոցները, որպեսզի հաշմանդամություն ունեցող անձինք մատչելի կերպով օգտվեն առողջապահական այնպիսի ծառայություններից, նաև` առողջության վերականգնողական միջոցներից, որոնք հաշվի են առնում գենդերային առանձնահատկությունները: Մասնավորապես, մասնակից պետությունները պարտավորվում են հաշմանդամություն ունեցող անձանց ապահովել այն նույն կարգի, որակի ու չափանիշների անվճար կամ մատչելի առողջապահական ծրագրերով և ծառայություններով՝ ներառյալ սեռական ու վերարտադրողական առողջության դաշտում, որոնք մշակվում և մատուցվում են մյուս բոլոր քաղաքացիների համար:

Բուժանձնակազմի կողմից անհարգալից, խտրական վերաբերմունքը, վերբալ վիրավորանքները, արհամարհանքը, անհասանելի կամ անմատչելի առողջապահական ծառայությունները մանկաբարձական բռնության ձևերից մի քանիսն են միայն, որոնք կարելի է համարել հոգեբանական բռնության տեսակներ։

Մանկաբարձական բռնությունը, սակայն, կարող է նաև ֆիզիկական բնույթի լինել․ ցանկացած անհարկի ֆիզիկական միջամտություն արդեն բռնություն է։ Օրինակ՝ շեքահատումը, պտղաթաղանթի պատռումը, ծննդկանի որովայնի սեղմումը՝ ծննդալուծումը խթանելու նպատակով, առանց բժշկական խիստ ցուցումների՝ կեսարյան հատումների իրականացումը, կծկումների ընթացքում ծննդկանին իբր հանգստացնելու նպատակով հասցվող ապտակները։

Մանկաբարձական բռնության այս և մյուս դրսևորումները ձևակերպված են Առողջապահության համաշխարհային կազմակերպության և ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից:

«Յուրաքանչյուր կին իրավունք ունի առողջապահության հասանելիության ամենաբարձր ստանդարտի, ինչը ներառում է արժանապատիվ, հարգալից բուժօգնություն՝ հղիության և ծննդաբերության ընթացքում, ինչպես նաև պաշտպանվածություն բռնությունից ու խտրական վերաբերմունքից»,- ասվում է ԱՀԿ հայտարարության մեջ։ 

2015 թ. ԱՀԿ-ն, արձագանքելով կանանց աճող մտահոգություններին՝ կապված ծննդաբերության ընթացքում հանդիպող խնդիրների հետ, դատապարտել է «բացահայտ ֆիզիկական բռնությունը, խոր նվաստացումը և բանավոր բռնությունը, հարկադիր բժշկական գործողությունները կամ կնոջ հետ չհամաձայնեցված գործողությունները (ներառյալ ամլացումը), գաղտնիության սկզբունքների կոպիտ խախտումները, իրազեկ համաձայնության բացակայությունը, դեղորայքի, այդ թվում՝ ցավազրկողների տրամադրման մերժումը, հոսպիտալացումից հրաժարվելու դեպքերը, ծննդաբերության ժամանակ կանանց նկատմամբ անուշադրությունը, ինչը մեծացնում է նրանց կյանքին սպառնացող բարդությունների ռիսկը, որոնցից հնարավոր կլիներ խուսափել, ինչպես նաև՝ անվճարունակության պատճառով կանանց և նորածինների վաղաժամ դուրսգրումը ծննդատներից»։ 

Իր հայտարարության մեջ ԱՀԿ-ն նաև խոստովանել է, որ «նման վերաբերմունքը ոչ միայն խախտում է կանանց արժանապատիվ առողջապահական ծառայություններ ստանալու իրավունքը, այլև վտանգ է ներկայացնում նրանց կյանքի, առողջության, ֆիզիկական ամբողջականության և խտրականությունից զերծ լինելու իրավունքների համար»:

Այս մասին խոսվում է նաև «Կենսաբանության և բժշկության նվաճումների կիրառման առնչությամբ մարդու իրավունքների և արժանապատվության պաշտպանության մասին» կոնվենցիայում, որն առավել հայտնի է Օվիեդոյի կոնվենցիա անվանումով:

«Եվրոպայի խորհրդի Օվիեդոյի կոնվենցիան իրավական պարտադիր ուժ ունեցող միակ միջազգային գործիքն է, որը կիրառելի օրենսդրական շրջանակ է սահմանում և՛ ամենօրյա բժշկական պրակտիկայի և՛ կենսաբժշկության մեջ նոր տեխնոլոգիաների ներդրման համար: Կոնվենցիան սահմանում է կարգավորումներ առողջապահության ոլորտում կարևորագույն հարցերի վերաբերյալ, ներառյալ՝ վերարտադրողական առողջության պահպանման ոլորտում մարդու իրավունքների և էթիկական ասպեկտների պաշտպանությունը, պտղի սեռի խտրական ընտրության արգելքը և այլն։ Կոնվենցիան վավերացնելիս Եվրոպայի խորհրդի յուրաքանչյուր անդամ պետություն հանձն է առնում իր ազգային օրենսդրությունը համապատասխանեցնել կոնվենցիայով սահմանված չափանիշներին։ Այս առումով Հայաստանի կողմից այս տարվա մայիսին կոնվենցիայի ստորագրումն ու վավերացման ուղղությամբ իրականացվող աշխատանքները վկայում են պետության այդ հանձնառության մասին։ Միաժամանակ, պետության կողմից շարունակական աշխատանքներ արդեն իրականացվում են ոլորտի օրենսդրությունը համապատասխանեցնելու եվրոպական չափորոշիչներին»,– ասում է ԵԽ «Մարդու իրավունքների պաշտպանությունը կենսաբժշկության մեջ II» ծրագրի ավագ պատասխանատու Մերի Կատվալյանը։

Ըստ նրա՝ պացիենտների իրավունքների պաշտպանության եզակի կարգավորումներ ունենալու շնորհիվ կոնվենցիան հայտնի է նաև որպես Պացիենտների իրավունքների եվրոպական պայմանագիր։

Եվ չնայած կոնվենցիան չունի հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության առանձին կարգավորումներ, կոնվենցիայի հենց առաջին հոդվածը սահմանում է, որ կոնվենցիան վավերացրած անդամ պետությունները պաշտպանում են բոլոր մարդկանց արժանապատվությունը և ինքնությունը, առանց խտրականության երաշխավորում յուրաքանչյուրի անձնական անձեռնմխելիության և այլ իրավունքների ու հիմնարար ազատությունների պաշտպանությունը կենսաբանության և բժշկության նվաճումների կիրառման առնչությամբ:

Որքանով Օվիեդոյի կոնվենցիայի վավերացումը կնպաստի ներպետական օրենսդրության մակարդակում բարեփոխումների իրականացմանը և ներառականության ապահովմանը, հնարավոր չէ կանխատեսել։ 

Վերջին կաթիլը՝ մինչև այրում ու ընկճախտ

Մանկաբարձական բռնությունը հաճախ սպի է թողնում ոչ միայն կնոջ մարմնի, այլև հոգու վրա։ Պրենատալ հոգեբան, հոգեթերապևտ Լիլիթ Չոբանյանն ասում է. 

«Ինձ չի հանդիպել հետազոտություն, որը ցույց կտար, որ հենց մանկաբարձական բռնությունն է ունենում հիմնական կամ միակ ազդեցությունը հետագայում կանանց մոտ հետծննդաբերական ընկճախտի առաջացման վրա, սակայն փորձը ցույց է տալիս, որ այն կարող է զգալի և ազդեցիկ գործոններից մեկը լինել: Դա այնքան կարևոր նշանակություն ունի, որ նույնիսկ գիտության մեջ բնորոշվում է հատուկ տերմինով՝ իատրոգենեզ, հղիի առողջության վրա վատ ազդեցությունը բուժաշխատողի վերաբերմունքի պատճառով»:

«Մանկաբարձական բռնությունը կարող է զգալի գործոն դառնալ, քանի որ նախածննդաբերական շրջանում և ծննդաբերության ընթացքում կինը խոցելի և զգայուն վիճակում է գտնվում և ակնկալում է աջակցություն, որը կարող է չստանալ իր համար այդ պահին հեղինակություն հանդիսացող անձանցից, այս դեպքում՝ բուժանձնակազմի կողմից։ Երբեմն մանկաբարձական բռնությունը կարող է համընկնել կնոջ կյանքում տեղի ունեցող մի շարք փոփոխությունների հետ և դառնալ վերջին կաթիլը, որ կնոջը բերում է ծանր վիճակի»,– ասում է նա։

Հոգեբանը հիշեցնում է, որ հետծննդաբերական շրջանում կանանց օրգանիզմում տեղի են ունենում մի շարք հորմոնային փոփոխություններ, որոնց ազդեցությամբ առաջնածին կանանց շուրջ 70%-ն ունենում է այսպես կոչված «բեյբի բլյուզ»։ Այս շրջանը տևում է մոտ 2 շաբաթ և կարող է ինքնաբերաբար անցնել։ Ավելի քիչ թվով կանանց մոտ առաջանում է ավելի լուրջ խնդիր՝ հետծննդաբերական դեպրեսիա, որը կարող է դրսևորվել անգամ սուիցիդալ մտքերով, ուստի շատ կարևոր է հիշել, որ այս դեպքերում անհրաժեշտ է դիմել հոգեկան առողջության մասնագետի: 

Ցավով ընդունելով, որ բազմաթիվ են մանկաբարձական բռնության դեպքերը, հոգեբանը, սակայն, վստահ է՝ որևէ բժիշկ միտում չունի վնասելու հղիին կամ պտղին, և կարևոր է հասկանալ, թե ի՛նչն է նման վերաբերմունքի պատճառը: 

«Որպես պատճառ կարող է լինել մասնագիտական հյուծվածությունը, այրումը, որը զարգանում է քրոնիկական սթրեսի ֆոնին՝ հանգեցնելով բժշկի հուզական և անձնական ռեսուրսների սպառման, ինչի հետևանքով նա դառնում է անարդյունավետ, չի կարողանում կառավարել հույզերը և այլն։ Սակայն այս հանգամանքը ոչ մի կերպ չի արդարացնում հղի կնոջ նկատմամբ վատ վերաբերմունքը: Կարևոր է, որ բժիշկը հասկանա՝ եթե դա իր համար հերթական ծնունդն է, իր ամենօրյա աշխատանքը, ապա կնոջ համար բացառիկ իրադարձություն է ամբողջ կյանքի համար՝ այսպիսով կարևորելով իր ասած խոսքի և վերաբերմունքի ազդեցությունը կնոջ վրա»,– ասում է Չոբանյանը։

Բայց դու կարող ես

Արևն ասում է՝ որդին արդեն 5 տարեկան է, բայց, միևնույն է՝ հղիության ընթացքում ունեցած տագնապները մինչ օրս էլ երբեմն գլուխ են բարձրացնում:

«Մինչև հիմա էլ երբեմն արթնանում եմ գիշերը, ձեռքս դնում փորիկին՝ ստուգելու համար շնչառությունը։ Իսկ երբ փոքր էր, ամեն շարժման, ամեն լացի, ամեն րոպե ավել քնելու համար բժիշկ էի կանչում»,– ծիծաղով է հիշում Արևը։

Եվ չնայած այս ամենին՝ նա երբեք չի կասկածել իր ուժերին, վստահ է եղել՝ չկա մի բան, որ չի կարող անել որդու ծնվելուց հետո։ Այն, ինչ անում են մյուս մայրերը, անում է նաև ինքը՝ երբեմն մի քիչ այլ ձևերով։ Արևն ասում է՝ իր այս վստահությունն արդարացվել է։ 

Սոնա Մարտիրոսյան

Նկարազարդումը՝ Վահե Ներսեսյանի

MediaLab.am