Տարբեր դատարաններում Սուրենյանցի վերաբերյալ քրեական գործերը կմիավորվեն մեկ վարույթում

Տարբեր դատարաններում Սուրենյանցի վերաբերյալ քրեական գործերը կմիավորվեն մեկ վարույթում
Տարբեր դատարաններում Սուրենյանցի վերաբերյալ քրեական գործերը կմիավորվեն մեկ վարույթում

«Փաստինֆո»-Ավան և նոր-Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը նպատակահարմար չի գտել քաղաքագետ Սուրիկ Սուրենյանցի վերաբերյալ քրեական գործը քննել առանձին և ուղարկել է Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան՝ երկու գործերը միասին քննելու համար:

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Սուրեն Սուրենյանցի նկատմամբ խարդախության համար առաջադրված 2 քրեական գործեր քննում էին  Երևանի 2 տարբեր դատարաններում:

Ըստ մեղադրանքի՝ Սուրիկ Սուրենյանցը խարդախությամբ տիրացել է «Նարեկ Հարությունյան» Ա/Ձ-ի զգալի չափի՝ ընդհանուր 215.955 ՀՀ դրամի գույքին:

Նրան մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 1-ին մասով, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:

Նրա վերաբերյալ մեկ այլ գործ էլ քննվում է Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում:

Ըստ մեղադրանքի՝ այս անգամ Սուրենյանցը, օգտագործելով ՀՀ պաշտպանության նախարարության կողմից ազատամարտիկներին հատկացվող բնակարաններ ձեռք բերելու հարմար առիթը, բնակարան ձեռք բերելու գործընթացն արագացնելու ուղղությամբ սուտ խոստումներ է տվել Անուշ Աղաջանյանին և վերջինիս վստահությունը չարաշահելու եղանակով նրանից վերցրել է 30.000 ՀՀ դրամ և 1100 ԱՄՆ դոլար գումար, սակայն այդ ուղղությամբ որևէ գործողություն չկատարելով` խաբեությամբ հափշտակել է զգալի չափերի` 484.286 ՀՀ դրամ գումար:

Բացի այդ, ըստ գործի նյութերի՝ Սուրենյանցը, Ազգանուշ Մուշեղյանի եղբորը ժամկետային զինվորական ծառայությունից ազատելու պատրվակն օգտագործելով և առողջական խնդիրներ ունենալու հիման վրա բժշկական փաստաթղթեր ձևակերպելու սուտ խոստումներ է տվել և խաբեությամբ, վստահությունը չարաշահելու եղանակով պահանջել և 2014 թվականի փետրվարի ընթացքում նրանից վերցրել է 400.000 և 800.000 ՀՀ դրամ գումար:

Մեկ այլ դրվագով էլ Սուրիկ Սուրենյանցը ԱՄՆ դասընթացների ուղարկելու գործընթացը կազմակերպելու շուրջ սուտ խոստումներ է տվել Հայկազ Մարտիրոսյանին և Նարեկ Մանուկյանին, ապա պահանջել և 2014 թվականին վերցրել է 500 ԱՄՆ և 400 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ:

Սուրիկ Սուրենյանցին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդված 1-ին մասով և 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:

Հեղինակ: «Փաստինֆո»