Վահե Ներսեսյանի նկարազարդումը՝ մրցանակակիր. Հայտնի են «Թվապատում 2019» լրագրողական մրցույթի արդյունքները

Վահե Ներսեսյանի նկարազարդումը՝ մրցանակակիր. Հայտնի են «Թվապատում 2019» լրագրողական մրցույթի արդյունքները
Վահե Ներսեսյանի նկարազարդումը՝ մրցանակակիր. Հայտնի են «Թվապատում 2019» լրագրողական մրցույթի արդյունքները

Սեպտեմբերի 27-ին Մեդիա նախաձեռնությունների կենտրոնն ամփոփեց «Թվապատում 2019. պատմություններ փոփոխությունների մասին» լրագրողական մրցույթի արդյունքները:

Արդեն հինգերորդ անգամ անցկացվող մրցույթի առանցքային թեմաներն են սոցիալական, հաշվետու և թափանցիկ կառավարման ոլորտները, համայնքների խոշորացումը, մարդու իրավունքները:

«Թվապատում» ամենամյա մրցույթը կազմակերպում է Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ֆինանսավորմամբ: Այս տարի ևս մրցույթին աջակցել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեն։

Լրագրողական պատմությունները գնահատելիս այս տարի ժյուրին կարևորեց աշխատանքի որակը, ժամանակակից տեխնոլոգիաների կիրառումը, մրցույթի թեմաներին համապատասխանությունը, ստեղծագործական և նորարարական մոտեցումները:

«Թվապատում 2019» մրցույթի ժյուրիի կազմում մեդիադաշտի փորձառու մասնագետներ են`

Լիլիկ Ստեփանյան, ԵՊԼՀ-ի դասախոս, լրագրող,

Հակոբ Կարապետյան, Երևանի քաղաքապետարանի մամուլի քարտուղար,

Գոհար Տեր-Հակոբյան, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի թվային հաղորդակցման մասնագետ,

Մանանա Ասլամազյան, մեդիա մենեջեր, Ռուսաստանի հեռուստաակադեմիայի անդամ,

Ինչպես յուրաքանչյուր տարի՝ ժյուրիի մասնագիտական կազմում էր նաև նախորդ մրցույթի «Գործող անձը»՝ EVNreport նախագծի «Լսել Երևանը» պատմության հերոս Սիփան Ասատրյանը:

Ժյուրիի գնահատականների և քննարկման արդյունքում որոշվեցին հաղթողները: Վերջիններս պարգևատրվեցին դրամական մրցանակով և Թվապատման խորհրդանիշ արձանիկներով:

Ստատուս․ մարդու իրավունքներ անվանակարգում հաղթող ճանաչվեց և 250 000 դրամի արժանացավ Aravot.am-ի լրագրող Նելլի Բաբայանը՝ «Սովորույթի ուժով՝ ընդհատելով կրթությունը» տեսանյութի համար:

Մեդիա 3.0. տեխնոլոգիաների լավագույն կիրառում անվանակարգի հաղթող նյութը Hetq.am-ում հրապարակված «Մենակ դասարանում․ Հայաստանում 452 երեխա դասարանի միակ աշակերտն է» մուլտիմեդիա պատմությունն է, որի հեղինակ Դիանա Ղազարյանը պարգևատրվեց 200 000 դրամով:

Ստուգված է անվանակարգը նորություն է «Թվապատում» մրցույթում: Անվանակարգում հաղթող ճանաչվեց և 200 000 դրամի արժանացավ 24news.am-ի լրագրող Լիլիթ Հովհաննիսյանը «Շաքարավազի շուկայում հեղափոխությունից հետո ավելացել է Սամվել Ալեքսանյանի հարևանը» նյութի համար։

Դիտակ. հետաքննական լրագրություն անվանակարգում մրցանակակիր ճանաչվեց և 250 000 դրամի արժանացավ Hetq.am-ի լրագրող Քրիստինե Աղալարայանը՝ «Հայկական ոսկու գինը. աղքատ համայնքներ և լքված պոչամբարներ» նյութի համար։

Հատուկ մրցանակ՝ Մարդասիրական թեմաներով-ը նույնպես նորություն էր «Թվապատում» մրցույթում։ Հաղթող նյութը Mediamax.am-ի «Վազաշեն. Կրակոցները, պարող ու «Արարատը մեր լեռն է» երգող աղջիկները» հատուկ ռեպորտաժն էր, որի հեղինակ Լուսին Մկրտչյանը պարգևատրվեց 200 000 դրամով:

Ռեինֆորմացիա. բարեփոխումների լավագույն լուսաբանում անվանակարգում հաղթող ճանաչվեց և 250 000 դրամի արժանացավ Ampop.am-ի լրագրող Աստղիկ Գևորգյանը «Համայնքների միավորում և խոշորացում. բնակիչների համաձայնությունը ոչ միշտ է առկա» նյութի համար։

«Թվապատում 2019»-ի Գործող անձ (Homo Agendi) անվանակարգում հաղթեց 4Plus.org-ի «Տաթևիկ» պատմությունը: 300 000-ական դրամով պարգևատրվեցին նյութի հեղինակ Վաղինակ Ղազարյանը և հերոս Տաթևիկ Ռևազյանը:

Հիմնական անվանակարգերից բացի՝ հատուկ և խրախուսական մրցանակների արժանացան մեդիա պատմություններ, որոնք տպավորեցին ժյուրիին նյութերի լրագրողական բարձր որակով և ներկայացված թեմայի կարևորությամբ:

Սարո Բաղդասարյանի, Սեդա Ղուկասյանի և Տիրայր Մուրադյանի հեղինակած

«Կենտրոնում 14 մանկապարտեզ է փակվել, տարածքը՝ վաճառվել» տեսանյութը արժանացավ Երևանի Քաղաքապետարանի հատուկ մրցանակին։

Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը հատուկ մրցանակներ հանձնեց երեք պատմության հեղինակների՝ Mediamax.am-ից Ամալի Խաչատրյանին՝ «զրոյից» շարքի համար, Daphnearmenia.com-ից www.MediaLab.am -ի համահիմնադիր Վահե Ներսեսյանին՝  «40 տարվա լռություն» նկարազարդած պատմության համար, Hetq.am-ից Մարինե Մարտիրոսյանին՝ «Հայաստանի «փակ քաղաքները»․ հոգեբուժարաններ» հետազոտական նյութի համար։

Խրախուսական 50 000 դրամական պարգևի արժանացան EVNreport.com-ից Արշալույս Բարսեղյանը՝ «Կհավատա՞ս» նյութի համար և Կուշանե Չոբանյանը՝ «Տիգրան Գևորգյան․ կոտրելով կարծրատիպերը» նյութի համար։ Խրախուսական 50 000 դրամական պարգևի արժանացավ «Տիգրան Գևորգյան․ կոտրելով կարծրատիպերը» նյութի հերոս Տիգրան Գևորգյանը։

4 լրագրողական պատմություններ արժանացել էին ժյուրիի բարձր գնահատականներին, բայց քանի որ ստեղծվել էին «Մեդիան քաղաքացիների տեղեկացված մասնակցության համար» ծրագրի շրջանակներում, մրցանակների փոխարեն արժանացան հատուկ հիշատակման պատվոգրերի։

Մեդիա նախաձեռնությունների կենտրոնն ամփոփեց նաև հինգերորդ տարին անընդմեջ անցկացվող «Ես եմ մեդիան» ուսանողական մրցույթը, որը խրախուսում է մասնակիցներին մտածել լրագրության դերի, լրատվության կարևորության ու ազդեցության, մեդիայի ու լսարանի կապի մասին։

Փորձառու լրագրողներից ու դասախոսներից կազմված ժյուրին ընտրեց երեք հիմնական մրցանակակիրներին, ևս երկու նյութ արժանացավ խրախուսական պարգևի:

Առաջին մրցանակին արժանացավ ԵՊՀ Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի ուսանողուհի Սոնա Մկրտչյանը` մի ստի պատմության հետաքրքիր մատուցման և վերլուծության համար։ Երկրորդ մրցանակակիրը ԵՊԼՀ անգլերենի և լրագրության ֆակուլտետի ուսանող Ավետիս Հարությունյանն էր, երրորդ մրցանակիր դարձավ ԵՊՀ լրագրության ֆակուլտետի ուսանող Մարիամ Մկրտչյանը։