Բայդեն. Ասադի անկումն «արդարության հաղթանակ» է, բայց նաև «ռիսկեր կան». «Ազատություն»

Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի վարչակարգի տապալումն «արդարության հաղթանակ» է, երեկ երեկոյան Սպիտակ տանն իր ելույթում հայտարարել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը։Այս մասին հայտնում է «Ազատություն»-ը:

Ընդունելով, որ Սիրիայում իրավիճակն անկայուն է և հղի է նոր ռիսկերով՝ ԱՄՆ նախագահը խոստացել է օգնել տարածաշրջանի երկրներին և Սիրիային անցումային այս շրջանում։

Բայդենն ասել է, որ Ասադի գտնվելու մասին ստույգ տվյալներ չունի, սակայն նշել է՝ տեղեկություններ կան, որ նա Մոսկվայում է։

Ռուսական РИА “Новости” գործակալությանն էր նաև երեկ ուշ երեկոյան, հղում անելով Կրեմլի իր աղբյուրը, հաղորդել, որ Ասադը Մոսկվայում է և որ Ռուսաստանը Սիրիայի նախագահին ու նրա հարազատներին «ապաստան է տվել՝ հումանիտար նկատառումներով»:

Դեկտեմբերի 8-ին սիրիացի զինյալները գրավեցին Դամասկոսը, իսկ երկիրը 24 տարի ղեկավարած Բաշար ալ-Ասադը լքեց Սիրիան։

Իր ելույթում Բայդենը նշել է, որ Ասադի դաշնակիցները՝ Ռուսաստանը, Իրանը և լիբանանյան արմատական «Հեզբոլա» շարժումը (ԱՄՆ-ում ահաբեկչական ճանաչված) «առաջին անգամ» Սիրիայում քաղաքացիական պատերազմի ընթացքում չկարողացան օգնել Ասադին։ Բայդենը սա կապել է նաև ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների վարած քաղաքականության հետ, որը, ըստ ԱՄՆ նախագահի, հանգեցրել է Մոսկվայի և Թեհրանի թուլացմանը։

Պատմական հնարավորություն է բացվում Սիրիայի ժողովրդի համար, նաև հայտարարել է Բայդենը՝ միաժամանակ ընդգծելով, որ մի շարք ընդդիմադիր ուժեր, որոնք այժմ եկել են իշխանության, նախկինում ներգրավված են եղել ահաբեկչական գործողությունների և մարդու իրավունքների խախտումների մեջ։

Ավելին՝ սկզբնաղբյուրում