«Մի անգամ պիկ ժամին ավտոբուսում ինձ շատ մոտ կանգնած տղամարդը սկսեց հպվել և շոյել ոտքս։ 14 տարեկան էի: Սկզբում չէի հասկանում, թե ինչ է կատարվում, մտածում էի՝ ավտոբուսում լիքը մարդիկ են, տեղ չկա, դրա համար էլ պատահաբար հպվում է ինձ։ Երևի դա կշարունակվեր մինչև իմ կանգառում իջնելը, բայց երբ մի քանի հոգի իջան, ու տեղ ազատվեց, նստեցի։ Բայց այդ մարդը մինչև իմ կանգառում իջնելը հայացքը չէր կտրում ինձնից»,- հիշում է 20-ամյա Անին։
Նարինեի հետ նման դեպք եղել է, երբ 12 տարեկան էր:
«Ձմեռ էր, ավտոբուսում հանկարծ զգացի, որ մարմնիս վրայով ինչ-որ ձեռք ա սահում, ինձ թվաց, թե պարզապես մեկն ա, ով անցնում ա կողքովս ու պատահաբար ա ինձ դիպչում: Մի փոքր շարժվեցի տեղիցս ու զգացի, որ ինչ-որ մեկը ամուր բռնել է հետույքս ու շոյում է։ Վախից քարացա տեղումս։ Ամուր սեղմել էի բռունցքս ու քարացել, չէի կարողանում շարժվել։ Շարժվեցի տեղիցս մի փոքր՝ հույսով, որ նա կսթափվի, բայց իմ շարժվելուց հետո ավելի ամուր սեղմեց ձեռքը։ Ես զգում էի նրա շնչառությունը, որը գնալով ավելի էր արագանում, զգում էի, թե ոնց ա սիրտս թուլանում զզվանքից»։
Ֆրոտերիզմը (Frotteurism) սեռական խանգարում կամ սեռական բռնության ձև է, երբ մարդը սեռական բավարարվածություն է ստանում՝ շփվելով կամ հպվելով այլ անձանց՝ առանց նրանց համաձայնության, սովորաբար մարդաշատ վայրերում: Հայաստանում հանրային տրանսպորտում, մարդաշատ հերթերում, որտեղ տարածքը խիստ սահմանափակ է, հնարավորություն է տալիս հպվել մարդկանց, շատերն են բախվել այս երևույթին:
«Իմ ընկերուհիներից գրեթե բոլորի հետ նման դեպք եղել է,- նշում է Նարինեն,- ընկերուհի ունեմ, որի հետ դա 9 տարեկանում է եղել: Երեխաները, դեռահասները շատ դեպքերում չեն էլ հասկանում, թե ինչ է կատարվում իրենց հետ»,- նշում է Նարինեն:
Ֆրոտերիզմով զբաղվողների թիրախում հիմնականում կանայք, աղջիկները, դեռահասները և երեխաներն են, որոնք հաճախ չեն կարողանում դիմադրել կամ իրենց պաշտպանել:
Հոգեբան-հոգեթերապևտ Անեթ Շամիրյանը նշում է, որ այս կարգի սեռական ոտնձգությունների ենթարկվածների մեջ հաճախ առաջանում են հոգեբանական հետևանքներ, քանի որ խախտվում է նրանց ֆիզիկական և անձնական տարածքը:
«Մարդիկ կարող են անապահովության զգացում ունենալ տարբեր վախերի, տագնապների տեսքով, ինչպես նաև վարքային փոփոխություններ. կարող են խուսափել հանրային վայրերում հայտնվելուց, նվազեցնել հասարակության հետ շփումները, խուսափել հանրային տրանսպորտից օգտվելուց և կորցնել վստահությունը մարդկանց նկատմամբ»։
Շամիրյանը նշում է, որ շատ դեպքեր արձագանք չեն գտնում, քանի որ մնում են անպատժելի, իսկ զոհերը չեն խոսում կամ չեն ստանում անհրաժեշտ աջակցություն։
«Անպատժելիության պայմաններում նման վարքագիծը կարող է կրկնվել, իսկ մի քանի անգամ չպատժված անձանց արարքը երբեմն անգամ արդարացվում է, հենց պատասխանատվության չենթարկվելն է նպաստում նման վարքագծին»,- նշում է նա:
Սոցիալական աշխատող Լինա Անտոնյանի խոսքով՝ մարդը, որը ենթարկվում է նման վերաբերմունքի, հաճախ ամոթ է զգում ու մտածում, թե ինքն է մեղավոր։
«Այդ պատճառով շատերը հաճախ չեն խոսում կամ վախի պատճառով ընդհանրապես լռում են: Ոմանք նախընտրում են իջնել առանց բռնարարին դիմադրելու, մինչդեռ ուրիշները պարզապես լռում են և չեն արձագանքում»,- նշում է նա:
Անտոնյանը կարևորում է հասարակության ճիշտ արձագանքը և խորհուրդ է տալիս նման դեպքի ականատես լինելու դեպքում անտարբեր չլինել:
«Պետք է ոչ թե անտեսել, այլ իրավիճակից դուրս գալու ելք առաջարկել, օրինակ՝ փոխել տեղը այն անձի հետ, որի նկատմամբ կատարվում է ոտնձգությունը։ Հաջորդ քայլը կարող է լինել այդ պահի նկարահանումը, որը կօգնի իրավապահներին՝ ոստիկանություն դիմելու դեպքում»,- նշում է նա։
Ըստ ՄԱԿ-Կանայք (UN Women – Ending Violence Against Women), Առողջապահության համաշխարհային կազմակերպության (WHO – Violence Against Women) և այլ միջազգային կազմակերպությունների զեկույցների՝ աշխարհում յուրաքանչյուր երրորդ կին իր կյանքի ընթացքում բախվում է սեռական բռնության որևէ ձևի, և ֆրոտերիզմը դրանցից մեկն է։
Որոշ երկրներում, ինչպես, օրինակ՝ ԱՄՆ-ում, Կանադայում, Մեծ Բրիտանիայում, Գերմանիայում, Շվեդիայում և Նիդերլանդներում, ֆրոտերիզմի կրկնվող դեպքերով անձանց համար իրավական համակարգը նախատեսում է պարտադիր վերականգնողական ծրագրեր կամ թերապիա։ Այս ծրագրերը նպատակ ունեն կանխարգելելու սեռական հանցագործությունների կրկնությունը:
Հայաստանում սեռական բռնության այս տեսակի վերաբերյալ ամբողջական հետազոտություն չկա։ Այնուամենայնիվ, առկա դեպքերը, ինչպես նաև սոցիալական ցանցերում և կանանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպությունների զեկույցներում ֆրոտերիզմը հաճախ ընդգրկվում է որպես ուսումնասիրության առարկա։ Իրավապաշտպան կազմակերպությունների տվյալները վկայում են, որ սեռական բռնության այս ձևը լայնորեն տարածված է և շարունակում է մեծապես ազդեցություն ունենալ հատկապես կանանց, դեռահասների և երեխաների վրա։
Իրավաբան Ինեսա Պետրոսյանը նշում է, որ պետք է բարձրանա պատժելիությունը այս տեսակի հանցագործությունների համար:
«Պետք է օրենսգրքում ավելի հստակ տեղ գտնեն այդ հանցատեսակների վերաբերյալ օրենքներ, նաև վարույթ իրականացնող մարմինները պետք է առավել ուշադրություն դարձնեն հենց հանրային տրանսպորտում կատարվող հանցագործություններին»,- նշում է իրավաբան Ինեսա Պետրոսյանը։
ՀՀ քրեական օրենսգրքի 198-րդ հոդվածը սահմանում է պատասխանատվություն սեռական ազատության և սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված հանցագործությունների համար, հատկապես սեքսուալ բնույթի բռնի գործողությունների դեպքում.
«Սեռական հարաբերությունը կամ սեքսուալ բնույթի այլ գործողությունները, այդ թվում՝ սեռական հարաբերության նմանակումը կամ սեռական կարիքները բավարարելը, որոնք կատարվել են հանցագործությունից տուժած անձի կամքին հակառակ կամ նրա կամքն անտեսելով, հանցագործությունից տուժած անձի կամ այլ անձի նկատմամբ բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով, կամ հանցագործությունից տուժած անձի անօգնական վիճակն օգտագործելով, պատժվում է ազատազրկմամբ` երեքից վեց տարի ժամկետով»։
Սակայն իրավաբան Պետրոսյանը նշում է, որ շատ դեպքերում զոհերը չեն դիմում իրավապահներին և չգիտեն, թե ինչ քայլեր պետք է ձեռնարկեն նման միջադեպերից հետո:
«Շատ կարևոր է մարդկանց իրազեկվածությունը բարձրացնելը, պետք է իրազեկել, որ այս տեսակի բռնությունը պատժելի է, քաղաքացին պետք է իմանա, որ հարցը բարձրաձայնելով պետք է կանխի այդ հանցագործությունները»,- նշում է Պետրոսյանը։
Հոգեբան Անեթ Շամիրյանը ևս կարևորում է մարդկանց տեղեկացված լինելը և չլռելը:
«Ամենաարդյունավետ միջոցներից մեկը բարձրաձայնելն է, խոսել, օրինակ՝ «ինչ եք անում» կամ «մի կողմ գնացեք», բայց նաև շատ կարևոր է հասարակության դերը։ Պետք է անտարբեր չլինել, ինչը կարող է օգնել, ապահովության և վստահության զգացում առաջացնել այն մարդու մեջ, որը բռնության զոհ է, այս դեպքում ամենաարդյունավետը դա կարող է լինել։ Կարևոր են նաև իրազեկվածությունը, գիտելիքն ու ինքնավստահությունը, որպեսզի անձը կարողանա բարձրաձայնել իր հետ կատարվողի մասին»,- նշում է նա:
Հոգեբանը նշում է, որ տուժողը կարող է դիմել նաև աջակցման կենտրոններ, որտեղ հնարավոր կլինի աշխատել հոգեբանների ու սոցիալական աշխատողների հետ:
Էմմա Հովհաննիսյանը, որ սեռական ոտնձգության է ենթարկվել հանրային տրանսպորտում, նույնպես կարևորում է մարդկանց տեղեկացված լինելը և բարձրաձայնելը:
«Ես շատ լավ եմ հիշում այդ դեպքը. առավոտյան դասի էի գնում, ավտոբուսում բոլորը սեղմված էին իրար, երբ հասկացա, որ ինձ հպված տղամարդը ինտենսիվ շոյում է մարմինս… Շոկի մեջ էի, 17 տարեկան էի՝ չգիտեի ինչ անել, կանգառում դուրս եմ թռել ավտոբուսից, թեև դեռ չորս կանգառ կար մինչ տեղ հասնելը: Անզորությունից սկսեցի լաց լինել»:
Նա նշում է, որ իր շրջապատում շատերի հետ են նման դեպքեր եղել, և շատ դեպքերում տուժողներն ամոթից չեն իմացել՝ ինչ վարք դրսևորել:
«Հետո էլի նման դեպքեր եղան, ես արդեն չէի լռում, ասում էի՝ հանգիստ կանգնեք, ձեզ հանգիստ պահեք: Բարձրաձայնելը շատ կարևոր է: Այս դեպքում խնդրի լուծումը հենց չլռելն է, քանի որ եթե չես լռում, սկսում են վախենալ, երբ չես լռում, մյուսները, որ նույն վիճակում են հայտնվել, տեսնում են, որ կարելի է չլռել: Այս դեպքում բարձրաձայնելը կարող է իրավիճակ փոխել»:
Հոդվածում հերոսների անունները փոխված են:
Նկարազարդումը՝ Դիանա Հովհաննիսյանի
Ալիսա Հարությունյան
MediaLab.am