«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է քաղաքագետ Մանվել Սարգսյանը
– Պարո՛ն Սարգսյան, Հայաստանն ու Ադրբեջանը ավարտել են խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ քննարկումները, բոլոր կետերը համաձայնեցված են: Սրան հաջորդում է Ադրբեջանի նախագահի հայտարարությունը, որ ՀՀ ղեկավարության նկատմամբ կա զրո վստահություն, ու պետք է ձեռք բերված բոլոր համաձայնությունները փաստաթղթավորվեն: Եթե կողմերից մեկը խոսում է զրո վստահության մասին, ապա մյուս կողմն ինչպե՞ս կարող է գնալ խաղաղության պայմանագրի ստորագրման տվյալ կողմի հետ:
– Պետք է տեսնել ընդհանրապես, թե հայ-ադրբեջանական հարաբերության քաղաքականության մեջ ով ի՛նչ նպատակ է հետապնդում: Ադրբեջանն ի սկզբանե, անցած տարի էլ արտգործնախարարի մակարդակով, հայտարեց, որ Հայաստանը մի քիչ լավ չի հասկանում այս խաղաղության պայմանագրի իմաստը: Խաղաղության պայմանագիրը հետագա բանակցությունների շրջանակն է հստակեցնում, այն պայմանները, որով իրենք պետք է բանակցեն Հայաստանի հետ:
Սա շատ էական բան է, բայց ես չեմ լսել, որ Հայաստանում որևէ մեկն այս մասին խոսի: Իսկ այդ ի՞նչ պայմաններ են, բոլորն ասում են՝ այո՛, որևէ լուրջ խնդիր երկրների միջև պայմանագրում չկա, բա ի՞նչ գոյություն ունի, հարցերի հարցը սա է:
Գոյություն ունի մի շատ էական բան. Ադրբեջանը թելադրել է, ու թղթի մեջ գրված է 17 պայման, 17-ն էլ Ադրբեջանի պայմաններն են: Այդ 17 պայմանն այն է, որ Հայաստանը գրավոր համաձայնություն է տալիս այն ամենին, ինչ Ադրբեջանը կատարել է, սա Հայաստանի պաշտոնական կարծիքն է, որ ընդունում է այդ ամենը: Այս փաստաթղթի էությունը սա է, Ադրբեջանը նորից խոսում է այն կետերի մասին, որոնք չեն արձանագրվել այդ փաստաթղթում, առնվազն կան կետեր, որոնք Հայաստանը պայմանավորվել է անել, բայց դրանք արձանագրված չեն՝ Սահմանադրության, ԵԱՀԿ Մինսկի խմբի հետ կապված ու այլ հարցեր:
Նաև գլխավորը, որ Ադրբեջանի նախագահի խորհրդականն ասել է, որ գոյություն ունի Հայաստանի կողմից կոմպենսացիայի հարց, Ադրբեջանի նախագահի հանձնարարությամբ հաշվել է բոլոր կորուստները, ու նա էլ հայտարարել է 150 միլիարդ դոլար, ու այս հարցը ևս պետք է քննարկվի:
Սրան գումարվում է ադրբեջանցիների վերադարձը, էքսպանսիա և այլն, սրանք ընդգծել են՝ որպես քննարկման խնդիրներ, այս պայմանագիրը պայման է ստեղծում դրանց քննարկման համար, այսինքն՝ Հայաստանը պետք է ընդունի այն, ինչ եղել է, հետո գնան սրանց քննարկմանը, իսկ Հայաստանը գնացել է սրան:
– Այսինքն՝ բնավ չի՞ նշանակում, որ այդ պայմանագիրը ստորագրվի, մենք ունենալու ենք խաղաղություն, բոլոր հարցերը լուծվելու են, ու այլևս քննարկելու բան չի մնա:
– Գիտեք՝ ի՞նչն է վերջանալու, այն, որ դուք ծպտուն չեք կարողանալու հանել որևէ հարցի շուրջ: Եթե իրենք ասեն, որ արցախցիները բոլորը պետք է բանտ նստեն, դու պետք է ասես՝ այո՛, Ադրբեջանը բերանից ինչ թռցնի, դու պետք է ասես՝ այո՛: Սա է փոխվելու, իսկ այսօր դու կարող ես ասել ո՛չ, իսկ այդ պայմանագրից հետո նման բան ասես, քեզ կորակեն ագրեսոր, բայց մարդիկ գնացին սրան:
– Պարո՛ն Սարգսյան, ինչի՞ համար են գնացել:
– Այսօրվա հարց են լուծում, ապագայի համար բացելով նոր խնդիրներ, որոնք արդեն բնութագրեցի: Միամիտ մտածում ունեն, որ սրանով կարող են շատերի ուշադրությունը առնել, ընդ որում՝ Թուրքիայի: Թուրքիան էլ է անընդհատ ասում՝ ստորագրեք այդ փաստաթուղթը՝ այդպիսով Հայաստանին մտցնելով լրիվ իրավազուրկ կարգավիճակի մեջ: Այս իշխանությունն էլ հավատում է, թե Թուրքիան ինչ-որ ձևով կաջակցի իրեն Ադրբեջանից պաշտպանվելու համար: Միամիտ կարծիք են ձևավորել, թե Թուրքիան կապ չունի Ադրբեջանի հետ, առանձնացրել են այդ երկուսին:
Եթե գանք ընդհանուր իրավիճակին, ապա կարծում եմ, Ադրբեջանն էլ, Հայաստանն էլ մի քիչ այլ կերպ են խնդիրներին վերաբերվում՝ կապված Թրամփի այս նոր քաղաքականության հետ, բոլորը հասկացել են, որ այն, ինչ եղել է մինչև փետրվար, հիմա չկա: Բոլոր պետությունները փորձում են տեղավորվել այս նոր վիճակի մեջ:
– Հայաստանը որտե՞ղ է փորձում տեղավորվել:
– Դե Հայաստանում շատ վաղուց գոյություն ուներ մի համոզմունք, որ ուրիշ ձև չկա, պետք է ընդունել բոլոր պայմանները, դա է ճանապարհը: Միջազգային հարաբերություններում բոլոր պայմաններն ընդունելը նշանակում է կապիտուլյացիա, նշանակում է, որ կապիտուլյացիան հարցեր լուծելու ձև է:
Մարդիկ ասում են՝ քանի որ ուրիշ ձև չկա, կապիտուլյացիան միջազգային թուղթ է, որի մեջ երաշխիքներ կան: Եթե ընդունում եք կապիտուլյացիան, դուք ստանում եք դա ստորագրողի պարտավորությունները, այսինքն՝ ուրիշ ձև չկա, միակ ձևն Ադրբեջանի ու Թուրքիայի պահանջները ընդունելն է, իսկ սա Հայաստանում խորքային մտածողություն է:
– Որ ասում եք՝ այդ կապիտուլյացիոն թուղթն ունի երաշխիքներ, պարո՛ն Սարգսյան, նմանատիպ փաստաթուղթ ստորագրվեց 2020-ի նոյեմբերի 9-ին, բայց մենք հիմա չունենք Արցախ: Ի՞նչն է խանգարելու, որ Հայաստանի հետ էլ նման մի բան տեղի ունենա այս փաստաթուղթը ստորագրելուց հետո:
– Ոչ մի բան, անողները չեն ասում, որ հարյուր տոկոս երաշխիք են տալիս, ասում են՝ ուրիշ ձև չկա, ու քանի որ ձև չկա, գոնե այսպես մի չնչին հույս կա, ու գնում են այդ չնչին հույսի հետևից, տրամաբանությունը սա է: Այն, որ այս պայմանագիրը բնավ էլ ապագայի հետ առնչություն չունի, այն չէ, ինչ ներկայացնում են, ապացուցում է նաև Թուրքիայի նախագահի գլխավոր խորհրդականի հայտարարությունը առ այն, որ Հայաստանում դեսպանատներ բացելու որևէ նախադրյալ չի տեսնում:
Սա նշանակում է, որ իրենց համար դեռ պարզ չէ Հայաստանը, ադրբեջանական մամուլում էլ բազմիցս ասել են, որ Հայաստանը չի լինելու այն, ինչ հիմա է: Լինելու է այն երկիրը, որն ընդունելու է Ադրբեջանի բոլոր պայմանները, ինչն էլ ենթադրում է ուրիշ Սահմանադրություն, ուրիշ Սահմանադրությունն էլ ենթադրում է ուրիշ պետություն, ուրիշ պետությունն էլ կարող է լինել ոչ հայկական պետություն: Ամենաբարձր մակարդակով են խոսում այս մասին:
Քրիստինե Աղաբեկյան
MediaLab.am