Իրավապաշտպան Զառա Հովհաննիսյանը գրում է.
«Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում կալանավորված անձինք ավելի շատ են քան դատապարտյալները, և օրինակ եթե կալանավորված անձանց թիվը 2022թ. եղել է 1210 , 2023թ. աճել է, կազմելով 1341, իսկ 2024-ի դեկտեմբերի 19-ի դրությամբ՝ 1417:
Եվ եթե ՔԿՀ-ներում այժմ պահվում է 2701 անազատության մեջ գտնվող անձ, նրանցից միայն 1284-ն է դատապարտյալ, այսինքն դատարանի օրինական ուժի մեջ մտած վճռի հիման վրա է պահվում ճաղերի հետևում:
Սա անընդունելի իրավիճակ է, և ես բազմիցս գրել եմ այդ մասին, որ Հայաստանում կալանքը որպես խափանման միջոց շարունակում է լայնորեն կիրառվել և ավելանալ:
Որպես մարդու իրավունքների վերաբերյալ բարձրագոչ ճառեր արտաբերողներ մենք պետք է առաջին հերթին հասկանանք, որ մարդու ազատությունը, որպես բարձրագույն արժեք երաշխավորված է թե միջազգային պայմանագրերով և ներպետական օրենսդրությամբ: Ազատազրկումը այն վերջին կետն է, որը պետք է կիրառվի մարդու նկատմամբ:
Իսկ կալանավորումը քրեական գործի քննության ընթացքում կիրառվող խափանման միջոցներից ամենախիստն է, որը պետք է դատարանի կողմից ընտրվի միայն այն ժամանակ, երբ խափանման մյուս միջոցները քրեական գործի վարույթի ընթացքում չեն կարող ապահովել անձի պատշաճ վարքագիծը:
Իսկ օրենսդրությամբ ամրագրված այլ միջոցների տեսանկյունից, հատկապես, 2022 թվականին կատարված օրենսդրական փոփոխությունների արդյունքում այլընտրանքային խափանման միջոցների ցանկն ընդլայնվել է՝ ներառելով նաև տնային կալանքը, սակայն դեռևս դատական պրակտիկայում արդիական է հենց կալանավորումը, որը խափանման միջոցներից ամենախիստն է և պետք է կիրառվի բացառիկ դեպքերում»։



















