Հոկտեմբերի 1-ը Ընտանեկան բռնության դեմ պայքարի ազգային օրն է

Հոկտեմբերի 1-ը Ընտանեկան բռնության դեմ պայքարի ազգային օրն է
Հոկտեմբերի 1-ը Ընտանեկան բռնության դեմ պայքարի ազգային օրն է

Ամեն տարի «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիան Հոկտեմբերի 1-ը նշում է որպես «Ընտանեկան բռնության դեմ պայքարի ազգային օր»։

Հայաստանում, ամեն տարի գրանցվում է ընտանեկան բռնության դեպքերի աճ։  Ըստ ՀՀ ոստիկանության 2017 թվականի առաջին յոթ ամիսների տվյալների գրանցվել է ընտանեկան բռնության 416 դեպք, որից 235-ը, այսինք շոշափելի մեծամասնությունը ամուսնու կողմից կնոջ նկատմամբ։ 2018 թվականին Ոստիկանությունը Հայաստանում ընտանեկան բռնության շուրջ 1600 դեպք է արձանագրել: Իսկ 2019 թվականի առաջին 8 ամիսների ընթացքում ՀՀ ոստիկանությունը ստացել է 1270 ահազանգ:  «Ընդդեմ կանանց նկատմամբ բռության» կոալիցիայի կողմից հավաքագրած տվյալներով այս տարի առնվազն 10 կին է սպանվել ընտանեկան բռնությունից, իսկ անդամ կազմակերպությունների թեժ գծերին ստացվող հեռախոսազանգերի թիվը կրկնապատկվել է՝  անցնելով 4500-ը։

Այս տարի  «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության»  կոալիցիան  իրականացնելու է միջոցառումներ՝ Սպիտակում, Վանաձորում և Երևանում:

11։00 – Սպիտակի կենտրոնական հրապարակում

13։00 – Վանաձորի պատկերասրահի տարածում

19։00 – Միսաք Մանուշյանի այգում, Մալիբու սրճարանի հարևանությամբ
/Մոմավառություն՝  ի  հիշատակ ընտանեկան բռնության զոհերի/

Հիշեցնենք, որ 2010թ. հոկտեմբերի 1-ին, ամուսնու կողմից դաժան ծեծի հետևանքով զոհվեց 20-ամյա Զարուհի Պետրոսյանը: Սա միակ դեպքը չէր Հայաստանում, սակայն իր դաժանությամբ ցնցեց  հասարակությանը: Դեպքից հետո ընտանեկան բռնության խնդրով մտահոգ հասարակական կազմակերպությունները միավորվեցին՝ ստեղծելով  «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության»  կոալիցիա, որի պահանջն էր արդար դատավարություն, ընտանեկան բռնության դեպքերի կանխարգելում և օրենսդրական դաշտի կարգավորում։