Վաշինգտոնը ժամանակավորապես դադարեցնում է այլ երկրների զարգացմանն ուղղված օգնության հատկացումը

ԱՄՆ-ն 90 օրով դադարեցնում է այլ երկրների զարգացմանն ուղղված օգնության հատկացումը՝ վերլուծելու դրա արդյունավետությունն ու համապատասխանությունը Վաշինգտոնի քաղաքականությանը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասվում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կատարողական հրամանագրում, որը հրապարակվել է Սպիտակ տան կայքում:

Ըստ հրամանագրի տեքստի՝ ԱՄՆ «արտաքին օգնության ինդուստրիան և բյուրոկրատիան չեն համապատասխանում ամերիկյան շահերին և շատ դեպքերում հակասում են ամերիկյան արժեքներին։

«Դրանք ծառայում են համաշխարհային խաղաղության ապակայունացմանը՝ արտասահմանյան երկրներում առաջ մղելով գաղափարներ, որոնք ուղղակիորեն հակասում են ներդաշնակ և կայուն հարաբերություններին երկրի ներսում և երկրների միջև: Միացյալ Նահանգների քաղաքականությունն այն է, որ արտասահմանյան երկրներին օգնությունն այլևս չպետք է հատկացվի այն ձևով, որը լիովին չի համապատասխանում ԱՄՆ նախագահի արտաքին քաղաքականությանը», – ասվում է հրամանագրում։

Այդ կապակցությամբ այլ երկրների զարգացմանն ուղղված ողջ օգնությունը 90 օրով կասեցվում է այդ ծրագրերի արդյունավետությունը գնահատելու համար։

Օգնության ծրագրերի վերանայումից հետո դրանցից յուրաքանչյուրը կարող է շարունակվել, ձևափոխվել կամ չեղարկվել։ Օգնության վերսկսումը կարող է տեղի ունենալ դեռ մինչև 90 օրը լրանալը, եթե դրա վերլուծությունը որևէ խախտում կամ խնդիր չհայտնաբերի: