Քաղաքապետարանը հավաստիացնում է, թե քաղաքային տրանսպորտի համակարգի բարեփոխումները կազմակերպվել են նախնական հստակ հաշվարկներից ելնելով։ Ըստ ամենայնի, սակայն, չի հաշվարկել մի բան՝ բնակիչների բողոքը։
Այն, որ տրանսպորտային համակարգը վաղուց արդեն բարեփոխման կարիք ունի, բոլորին է հայտնի, այդուհանդերձ պարզվում է՝ ամեն ինչ չէ, որ կարելի է հրամցնել բնակչությանը «թողեք աշխատենք» սոուսի ներքո։ Դրա վառ ապացույցը քաղաքապետարանի հետքայլն էր, երբ օրերս Տիգրան Ավինյանը հայտարարեց, որ նախապես հաշվարկված 300 դրամը կդառնա 150 դրամ։
Հետաքրքրական է, որ ՔՊ-ական մի քանի անդամներ օրեր շարունակ փորձում էին տարբեր հնարքներով պաշտպանել քաղաքապետարանի ընդունած գնային քաղաքականությունը։ Բանը հասավ անգամ արհեստական բանականությանը հարցեր տալուն։ Բայց երբ Տիգրան Ավինյանը հայտարարեց զիջումների մասին, նույն այդ անձինք մեծ ուրախությամբ հայտնեցին տրանսպորտի նոր գինը։
Ինչևէ, այս ամբողջ «մի քայլ առաջ, երկու քայլ հետ» սկզբունքով քաղաքական վալսի մեջ նախևառաջ հետաքրքիր է «ինչու» հարցերի պատասխանները. ինչու քաղաքացիներն այսպես բողոքեցին, ինչու քաղաքապետը հետքայլ արեց, ինչու միայն մեկ տարով։ Փորձենք հասկանալ։
Նախևառաջ մարդկանց անհանգստացնում է տրանսպորտային համակարգի անկատար, փաթեթների խրթին ու թանկ լինելը։ Օրինակ՝ ամենաէժանը իհարկե տարեկան փաթեթն է։ Բայց ստացվում է, որ եթե տանը չորս անդամ ունեք, պետք է վճարեք 360 հազար դրամ տարեկան փաթեթի համար մի երկրում, որտեղ միջին աշխատավարձը 300 հազարի չի հասնում։ Առանձին խնդիր են կանգառներում երկար սպասելը, սարքերի երբեմն չաշխատելը և այլ տեխնիկական հարցեր։
Այս բոլոր նշված հարցերը, սակայն, լավ կողմեր ունեն։ Նոր համակարգին կարելի է ընտելանալ, ցանկության դեպքում՝ կանգառասրահները կարելի է վերանորոգել, ժամանակացույցը քիչ թե շատ կարգավորել։ Իսկ թե ինչը կլինի ավելի դժվար, դա Երևան քաղաքում իշխող կուսակցության վարկանիշի բարձրացումն է։
Թեև «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը երկրում վարկանիշով առաջին տեղում է, այդուհանդերձ այդ առաջին տեղը խիստ պայմանական է։ Հայաստանում գրեթե բոլոր կուսակցությունները, այդ թվում և՝ իշխող, հակառեյտինգի ռեկորդներ են սահմանում, անվստահությունը քաղաքական ուժի նկատմամբ ավելի բարձր է, քան վստահությունը։
Այսպիսով՝ հաջորդ տարի ընտրություններ են։ Երևան քաղաքում է գտնվում Հայաստանի բնակչության գրեթե կեսը։ Քաղաքական ուժը, որը իշխանության է եկել սոցիալական հարցերի շուրջ բողոքի ալիքի վրա, նոր բողոքի ալիք է բարձրացնում՝ հենց այդ սոցիալական հարցերն ալեկոծելով։ ՔՊ-ում լավ գիտեն կամ գուցե ողնաշարով զգում են, որ ի տարբերություն Արցախի և պաշտպանության, սոցիալ-տնտեսական հարցերի ձախողման դեպքում ոչ ոք «նախկիններին» չի նայելու։ Խոստացել են իրենք, պահանջելու են իրենցից։
Իրավիճակը բարդանում է նրանով, որ նախկին քաղաքապետը նույնպես իրենց հետ կիսում է սոցիալական խնդիրների դաշտը։ Նրան դժվար է պիտակավորել որպես «նախկին», հետևաբար եթե հարցը սաստկանա, այն էլ՝ ընտրություններին այսքան մոտ ժամանակաշրջանում, իրավիճակը, այսինքն՝ Երևանից եկող քվեները, կարող է վերահսկողությունից դուրս գալ։
Նման պարագայում իհարկե խելացի քայլ է մեկ տարով իջեցնել տրանսպորտի սակագինը։ Հետո՝ ինչպես կստացվի։ Եթե հաջողվի իրապես բարձրացնել քաղաքային տրանսպորտի համակարգի որակը, ապա գուցե ստացվի արդարացնել գալիք թանկացումը։ Եթե ոչ՝ ստիպված են սպասել մինչև 2026-ի ընտրությունների ավարտը։ Ինչպես ժողովուրդն է ասում՝ շառից-փորձանքից հեռու։
Լիաննա Խաչատրյան
MediaLab.am