Դավիթ Տոնոյանին առաջադրված մեղադրանքի, նրան ձերբակալելու հանգամանքը համարում եմ Փաշինյանի հերթական խոշոր ձախողումներից մեկը․ Նորիկյան

«Արդար Հայաստան» կուսակցության ղեկավար Նորայր Նորիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Դավիթ Տոնոյանին առաջադրված մեղադրանքի, նրան ձերբակալելու և կալանավորելու նպատակով միջնորդություն ներկայացնելու հանգամանքը ինքս համարում եմ Նիկոլ Փաշինյանի հերթական խոշոր ձախողումներից մեկը և անձնական պարտությունը։

Երբ 2018թ․ մայիս ամսին Նիկոլ Փաշինյանը Դավիթ Տոնոյանին, Արթուր Վանեցյանին և Վալերի Օսիպյանին համապատասխանաբար նշանակում էր Պաշտպանության նախարար, Ազգային Անվտանգության Ծառայության տնօրեն ու Ոստիկանության պետ, ինքս հրապարակավ հռետորական հարցադրում արեցի, որ եթե Նիկոլ Փաշինյանին հաջողվի Սերժի ՛՛Գեներալներով՛՛ կառուցել իրավական ու ժողովրդավարական պետություն, առաջին ծափահարողներից մեկը ես կլինեմ։

Կյանքն ապացուցեց, որ Նիկոլ Փաշինյանն այս հարցում ճիշտ չէր։ Ակնհայտ է, որ իր իսկ ղեկավարման օրոք իր իսկ կողմից հռչակված կոռուպցիայի դեպ պայքարը որոշ առանցքային անձանց մոտ գրոշի արժեք չի ունեցել, և այդ գործընթացն ամբողջությամբ տապալվել է։

Ես չգիտեմ, թե այս քրեական գործի ելքն ինչով կավարտվի, բայց որ այս սկանդալային քրեական գործի քաղաքական պատասխանատվությունը գործող իշխանությանն է ու անձամբ Նիկոլ Փաշինյանինը՝ համոզված եմ։

Այժմ նորից վերահաստատում եմ ասածս․ Այդ ու՞մ միջոցով եք ուզում կառուցել իրավական ու ժողովրդավարական պետություն, պարո՛ն Փաշինյան․․․»։