Վրաստանի հետ սահմանազատման հարցում կան որոշակի խնդիրներ, ու շատ լուրջ հարց է, Փաշինյանը մոտեցումը այդ գործընթացին. Հրանտ Միքայելյան

Լուսանկարը՝ «Բուն TV»

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է քաղաքագետ, Կովկասի ինստիտուտի ավագ գիտաշխատող Հրանտ Միքայելյանը 

– Պարո՛ն Միքայելյան, Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի գլխավորած պատվիրակության աշխատանքային այցը Հայաստան ինչպե՞ս եք գնահատում, ի՞նչ հարաբերություններ ունեն կողմերը:

– Վրաստանը մի քանի անգամ առաջարկել է իրեն միջնորդի դերում հանդես գալ հայ-ադրբեջանական բանակցություններում, ու այդ դերում Վրաստանը կարծես թե ուզում է վերակենդանացնել պատմական Թիֆլիսի դերը՝ որպես Կովկասի մայրաքաղաքի ու դրանից մեծ դիվանագիտական կապիտալը բարելավել: Այդ առաջարկները մի քանի անգամ արվել են, ու դրանցից մեկը նույնիսկ մեկ անգամ Վրաստանում իրականացել է, մասնավորապես, 2021-ի ընտրություններից առաջ: 

Ինչ վերաբերում է հնչեցված կոչերի իրականացմանը, դա շատ դժվար է լինելու, որովհետև Վրաստանը չունի բավական անվտանգային ներուժ, որպեսզի կողմերին պարտադրի իրենց պայմանավորվածությունների կատարումը: Այսինքն՝ մի բան է հանդիսանալ որպես հարթակ, այլ բան՝ երբ Վրաստանը հանդես գա իբրև միջնորդ, որովհետև միջնորդի դերը միշտ բարձր է լինում, ինչը հիմա տեսնում ենք ռուս-ուկրաինական հակամարտության դեպքում, երբ ԱՄՆ-ն փորձում է ստանձնել միջնորդի դեր և պարտադրել կողմերին որոշակի տեսլական, թե ինչպես պետք է հակամարտությունը լուծել: 

Մենք պետք է հաշվի առնենք, որ Վրաստանի պարագայում չեն կարող Ադրբեջանին խաղաղություն պարտադրել, որովհետև այս դեպքում Ադրբեջանն է ագրեսոր և խաղաղությունը խախտող կողմ: Այսպիսով, Վրաստանի հարթակն այս առումով թերի է: 

Թերի է նաև այն պատճառով, որ Վրաստանը Թուրքիայի հետ գտնվում է Ադրբեջանի տիրապետության տակ՝ թե՛ տնտեսապես, թե՛ քաղաքականապես: Հետևաբար, Վրաստանը չի կարող հանդես գալ որպես չեզոք կողմ: Ինչ վերաբերում է առհասարակ խաղաղության պայմանագիր կնքման արագացմանը, դա ոչինչ չասող հայտարարություն է, որովհետև խաղաղության պայմանագիրը ընդամենը վերնագիր է, կարևորը պայմաններն են, որոնք, ըստ քննարկումների, բարենպաստ չեն: 

– Նիկոլ Փաշինյանն ասաց, որ Վրաստանի հետ սահմանազատման ու սահմանագծման գործընթացին ևս զարկ կտան: Կա՞ դրա անհրաժեշտությունն այս պահին, ձեր դիտարկումներն եմ խնդրում այս հարցի վերաբերյալ:

– Վրաստանի հետ սահմանազատման հարցում կան որոշակի խնդիրներ. մինչ օրս, եթե չեմ սխալվում, սահմանազատվել է սահմանի մեկ երրորդը, գուցե վերջին տարիներին լրացուցիչ առաջընթաց է եղել, բայց, համենայնդեպս, սահմանի կեսից ավելին սահմանազատված չէ: 

Մի քանի տեղ սահմանն անցնում էր անտառով, ու մի տեղ անտառը մեծացել է, մի տեղ՝ փոքրացել, ու դա ստեղծում անորոշություն: Եվ երկու վիճելի եկեղեցի կա, որոնք երկուսն էլ հայերն են կառուցել են ու հայկական բնակավայրերին կից են եղել, ուղղակի դրանցից մեկը ուղղափառ է, մյուսը՝ առաքելական, երկուսն էլ շատ կարևոր միջնադարյան հուշարձաններ են: 

Այստեղ շատ լուրջ հարց է, թե Փաշինյանն ինչպես է մոտենալու սահմանազատման գործընթացին. եթե այնպես, ինչպես Ադրբեջանի հետ է, ապա երկուսն էլ կտա Վրաստանին, մեծ հաշվով հիմնական հակասությունը եղել է հենց սա: Եթե առաջնորդվեն այլ տրամաբանությամբ, ապա, հավանաբար, մեկը կմնա Հայաստանին, մյուսը՝ Վրաստանին, բայց հայկական շահերի տեսանկյունից ցանկալի է, որ երկուսն էլ մնան Հայաստանի կազմում, որովհետև Վրաստանը տասնամյակներ ի վեր իրականացնում է հայկական եկեղեցիների վրացականացում՝ հատկապես Վրաստանի տարածքում: 

– Պարո՛ն Միքայելյան, ձեր գնահատմամբ՝ հայ-վրացական հարաբերությունները գործընկերայի՞ն են, թե՞ ավելի բարձր:

– Ես կասեի՝ բարձր գործընկերային, բայց ոչ՝ ռազմավարական գործընկերային: Ի՞նչ է սա նշանակում. կողմերը հանդիսանում են միմյանց համար կարևոր տնտեսական գործընկեր, բայց չունեն ընդհանուր քաղաքական օրակարգ: Այդ քաղաքական օրակարգի բացակայությունը պայմանավորված է թե՛ հայկական, թե՛ վրացական էլիտայի վերջին 30 տարվա շատ թերի աշխատանքով, որովհետև ընդհանուր օրակարգ գտնելու իրական փորձեր չեն արվել: Վրացական էլիտայի մոտեցումներն ավելի կարևոր են եղել, որովհետև Վրաստանի աշխարհաքաղաքական դիրքն ավելի բարձր է եղել, ու նա շատ ավելի մեծ հնարավորություններ է ունեցել: 

Հայաստանի պարագայում, եթե առաջ կոմպլեմենտար քաղաքականությունը եղել է որպես պաշտոնական կուրս, իսկ Ռուսաստանը ֆորմալ առումով ռազմավարական դաշնակից է եղել, ապա հիմա կուրսը քաղաքական մակարդակում դառնում է ավելի արևմտամետ, իսկ Ռուսաստանի հետ հարաբերությունների մակարդակը իջեցվել է դեպի գործընկերային: 

Վրաստանի պարագայում եղել է միանշանակ արևմտամետ քաղաքականություն, որը վերջին տարիներին փոխվում է դեպի կոմպլեմենտար քաղաքականություն, իսկ այս փոփոխությունը ենթադրում է Արևմուտքի ազդեցության նվազեցումը և ուրիշ խաղացողների, մասնավորապես՝ Չինաստանի ու Ռուսաստանի աճը: 

Ակնհայտ է, որ կողմերի միտումները տարբեր են, ու Հայաստանի արևմտյան ինտեգրումը գոնե անվտանգային հարցերում անհնար է իրականացնել՝ առանց Վրաստանի շատ խոր արևմտյան ինտեգրման, որովհետև Վրաստանը չի ուզենա Հայաստանին մատակարարել պատերազմի պայմաններում, ինչի հավանականությունը համարում ենք բարձր: Վրաստանը դա կարող է անել, եթե միայն Արևմուտքը պարտադրի: 

Այսօր Վրաստանը Հայաստանի արտաքին քաղաքական կուրսը դիտարկում է չափից ավելի արևմտամետ, այստեղ հակասություն կա: Նույն հակասությունը կա նաև Հայաստանում, որովհետև Վրաստանի ներկայիս քաղաքականությունը՝ Արևմուտքից հեռացումը, գործող իշխանությունը բացասական է գնահատում: Այսինքն՝ մեծ հաշվով, Վրաստանն ու Հայաստանը միջազգային քաղաքականության մեջ համաձայնություն ու ընդհանուր ուղղություն չեն ունեցել:

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am