Ձևավորեք Ձեր խմբերը և… Չէ, պատերազմ չի սկսվել: Ձևավորեք խմբեր և հանդիպման հայտն ուղարկեք նշված էլեկտրոնային հասցեով: Որպեսզի ունենաք բացառիկ հնարավորություն ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ նոր գաղափարներ քննարկելու:
Օրեր առաջ Նիկոլ Փաշինյանը հանդես եկավ գաղափարախոսական ուղերձով: Նախքան ուղերձի բովանդակությանն անցնելը, կարծում եմ, արժի նշել, որ սա շատ հետաքրքիր քաղաքական տեխնոլոգիա է: 2026-ը սարերի ետևում չէ, և Փաշինյանների ընտանիքը արդեն քանի ամիս շարունակ պատրաստվում է ընտրություններին: Հարցումները սփոփիչ չեն. իշխող ուժն իհարկե վարկանիշով առաջին տեղում է, բայց այդ՝ անգամ 12 տոկոսի չհասնող վարկանիշը այնքան էլ գրավիչ չէ: Պետք է գործել հիմա:
Հետազոտությունները ցույց են տալիս, որ մարդիկ ավելի շատ հակված են ձայն տալու այն քաղաքական գործիչներին, որոնց պարբերաբար տեսնում են: Իսկ եթե նրանց հետ գոնե մեկ անգամ ընթրել են, սա շատ ավելի է նպաստում դրական վերաբերմունքին: Քանի որ եթե ինչ-որ մեկի հետ դու եղել ես սեղանակից, քո ուղեղն արդեն քեզ ընկալում է որպես այդ մարդու շրջապատի մաս, ձևավորվում է նրա հետ «ծանոթներ» լինելու պատրանք, ինչը խթան է դառնում քվեարկելու մեզ ծանոթ մարդուն կամ նրա ամուսնուն և ոչ թե անծանոթ եսիմ ում:
Հաշվի առնելով կամ գուցե պարզապես զգալով այս ամենը՝ նախ ստեղծվեց «Կրթությունը նորաձև է» հարթակը: Հրաշալի գաղափար: Զրո քաղաքական մեսիջ: Ոչ ոք չի կարող ասել՝ այս ինչ եք անում, քարոզարշավը սկսել եք նախապես: Առաջին տիկինն է, հավաքվում է շատ տարբեր մարդկանց հետ, հաց ուտում, զրուցում… ժողովրդի լեզվով ասած՝ մարդատեղ դնում:
Հավաքվածներն էլ իրենց շրջապատն ունեն, իրենց լավ տպավորություններով կկիսվեն: Այսպիսով՝ Օրիֆլեյմի սկզբունքով կտարածվի դրական կարծիքը Աննա Հակոբյանի և, հետևաբար, Նիկոլ Փաշինյանի մասին:
ՀՀ վարչապետը կրթությունից կամ այլ ոլորտային հարցերի շուրջ զրուցելու համար սեղան գցել չի կարող: Որպես տղամարդ և քաղաքական առաջնորդ նա պետք է ձգտի ավելի վեհ բարձունքների: Հետևաբար նա հանդես կգա գաղափարախոսական առաջարկով… Մի երկրում, որտեղ օրենքով արգելված է ունենալ իշխող գաղափարախոսություն:
Ինչևէ, Նիկոլ Փաշինյանն առաջարկել է մարդկանց հավաքվել ու քննարկել իր առաջ քաշած թեզերը: Ավելին՝ եթե ցանկացողների թիվը հասնի 70-ի, նա ինքը կգա ձեր համայնք և կզրուցի ձեզ հետ: Ոչ մի քարոզարշավ: Պարզապես գաղափարներ: Ի՞նչ խոսք, հրաշալի քաղաքական հնարք է: Մինչև հասնի 2026 թվականը, Նիկոլ Փաշինյանը կշրջի գրեթե բոլոր համայնքներով, կզրուցի երևի թե ամեն 10-րդ քաղաքացու հետ: Կդառնա հանրության զգալի մասի «լավ ծանոթը»:
Սա արդար չէ: Բայց, դե, ոչ ոք չի էլ խոսել արդարության մասին: Առնվազն 2018-ից հետո: Կարող եմ միայն խորհուրդ տալ մյուս ուժերին ոչ թե ժամանակ առ ժամանակ ՀՀ դրոշով հայտնվել ինչ-որ հեռավոր գյուղում կամ սպասել, որտեղ է բունտ հասունանում, որպեսզի այնտեղ գնալ հարցազրույց տալու, այլ օրինակ վերցնել գործող իշխանությունից: Մարդկանց տեսնել, խոսել, քննարկել…
Հարստացիր՝ հարստացրու…
Առանձնակի հետաքրքրություն են առաջացնում հնչեցված բուն թեզերը: Դրանք, եթե մի կողմ դնենք որոշակի զեղումները, մեծ հաշվով համընկնում են նոր աշխարհում թափ առնող գաղափարախոսությանը, որը կարելի է անվանել «պետություն-կորպորացիա» մոդել: Թրամփից մինչև Պուտին… այս աշխարհընկալումը ամենուր ենք տեսնում:
Ըստ այս գաղափարի՝ պետությունը բոլորիս մեծ նախագիծն է, քաղաքացիները միաժամանակ համ աշխատակիցներ են, համ ծառայություններ ստացող: Իսկ, դե, վերևներում են հայտնվում ամենակոմպետենտները, որոնք պատասխանատու են պետության էֆեկտիվության համար: Դրա համար նրանց պետք է վճարել որպես լավ մենեջերների: Ու, դե, պարգևատրել հավելյալ բոնուսներով:
Մեծ հաշվով, այս աշխարհայացքը կիսում են նաև մեր ընդդիմադիրները՝ նախկին իշխանությունների ներկայացուցիչները, որոնք ամեն առիթով խոսում են իրենց կոմպետենտության մասին՝ դրանով արդարացնելով կոռուպցիան և այլ բացթողումներ: Այս մտածելակերպից է գալիս «մարդկային կապիտալ», «Էֆեկտիվ պետություն» և այլ արտահայտությունները:
Այսպիսով՝ Նիկոլ Փաշինյանը պարզապես վեր է հանել առօրեական մակարդակով պետության մասին ձևավորված և ձևավորվող արդի ընկալումները, ըստ որոնց՝ պետությունը մեծ հիմնարկի պես մի բան է:
Սա նորություն չէ, սա յուրահատուկ մոտեցում չէ, ավելին՝ վտանգավոր նարատիվ է: Քանի որ «պետություն-կորպորացիայի» գաղափարին եկողը նաև շատ շուտով կհանգի այն մտքին, որ էֆեկտիվ կառավարման համար ճիշտ է նաև բրգաձև կառավարման համակարգը, որտեղ վերևում կան մի շեֆ և մի, այո, պատասխանատու, և երբեք ՈՉ մեղավոր: Քանի որ բիզնեսում մեղավորներ չեն լինում, սա բարոյական հարցեր քննարկելու հարթակ չէ: Այստեղ կան միայն պատասխանատուներ: Ի դեպ, այստեղ երկրորդական են նաև իրավունքները, և առաջնային են էֆեկտիվությունն ու աճը: Մի խոսքով՝ եթե ՀՀ վարչապետին լսելիս ձեզ թվաց, թե լսում եք ինչ-որ գործարարի, ապա ձեզ այնքան էլ չթվաց…
Ինչ վերաբերում է սահմանադրական փոփոխություններին: Վաղ թե ուշ դրանք արվելու են, և դիտարկել Նիկոլ Փաշինյանի ելույթը միայն այդ փոփոխությունների համատեքստում, կարծում եմ, այնքան էլ ճիշտ չէ: Բայց, իհարկե, իր հանդիպումների ժամանակ նա կփորձի այս միտքն էլ հնարավորինս տարածել: Հատկապես, երբ զրուցելով հասնեն խաղաղության կետին:
Բայց արդյո՞ք կփոխի պետության կառավարման մոդելը, կհանի՞ Սերժ Սարգսյանի օրոք ներդրված հակաժողովրդավարական փոփոխությունները: Ես, անկեղծ ասած, կասկածում եմ:
Լիաննա Խաչատրյան
MediaLab.am