Աղքատության և անհավասարության ախտանիշ. խաղամոլություն 

Լիաննա Խաչատրյանը (Լուսանկարը՝ Էմմա Գրիգորյան, MediaLab.am)

Օրերս համացանցի տարբեր օգտատերեր կիսվեցին ՊԵԿ-ի հրապարակած՝ նախորդ տարիների կատարված խաղադրույքների վիճակագրական աճի ցուցանիշներով: Ոլորտում աճը ակնհայտ է՝ 

2022 թ. – 5.8 տրիլիոն դրամ կամ 14.4 մլրդ դոլար

2023 թ. – 6.3 տրիլիոն դրամ կամ 15.6 մլրդ դոլար

2024 թ․ – 7․2 տրիլիոն դրամ կամ 18․2 մլրդ դոլար:

Մինչ պետությունը փորձում է խաղային ոլորտը զսպել հարկերով, հանրությունը նման լուրերի ալիքից կրկին ու կրկին անցնում է խաղամոլների վարքի բուռն քննարկմանը: Կա կարծիք, որ խաղամոլությունը անպատասխանատու և տգետ մարդկանց գործն է, և որ մարդիկ կրթության պակասից են դառնում խաղամոլ: Խնդիրն այն է, որ այս հարցը շատ ավելի բազմաշերտ է ու վտանգավոր, քան թվում է: 

Հետազոտությունները ցույց են տալիս, որ աղքատության և խաղամոլության միջև գոյություն ունի զգալի կապ։ Կա կոռելյացիա երկրում աղքատության բարձր մակարդակի, ֆինանսական անհավասարության, ապագայի հանդեպ անվստահության և խաղամոլության տարածվածության միջև։ 

Հիմնական պատճառները ծանր տնտեսական, ոչ կայուն քաղաքական վիճակից բխող հոգեբանական հետևանքներն են: Տնտեսագետները և հոգեբանները վաղուց գիտեն, որ մարդիկ այնքան էլ ռացիոնալ էակներ չեն, մեր ամեն մի ֆինանսական որոշում չէ, որ բխում է չոր հաշվարկից: Մարդիկ, որոնք ունեն բավականին աղոտ պատկերացում սեփական ապագայի վերաբերյալ, ավելի հակված են զոհ գնալու հենց այս պահի ցանկություններին, անգամ եթե այս պահին նրանց խոստանում են ինչ-որ աղոտ երազ: 

Եթե հասարակ բանվորը նայում է շուրջը և չի տեսնում բարեկեցության հասնելու ոչ մի ռեալ, գետնի վրա աշխատող հնարավորություն, նա ենթադրում է, որ արդար գործով հեռու չի գնա: Մարդկանց մեջ խորանում է զգացողությունը, որ սովորական աշխատանքով հնարավոր չէ բարեկեցության հասնել։ Ֆինանսական անհավասարության խորացման դեպքում նպատակային վարքի, հետևողական աշխատելու փոխարեն տարածվում է արագ հարստանալու միտումը։

Ապագայի հանդեպ անորոշությունը բերում է նրան, որ մարդիկ այլևս երկարաժամկետ ոչինչ չեն պլանավորում, ավելի շատ ներդրումներ են կատարում մեկանգամյա ռիսկային հնարավորություններում։ 

Եվ վերջապես՝ խաղամոլությունը նաև նյարդաբանական խնդիր է: Այն խթանում է ուղեղում պարգևատրման մեխանիզմները, ինչ հատկապես այն մարդկանց, որոնց կյանքում այնքան էլ շատ չեն ոգևորիչ գործոնները, գցում է ծուղակը։

Խաղը դառնում է փոքրիկ հաղթանակների աղբյուր, այն ժամանակավորապես պայծառեցնում է կյանքի խամրած գույները: Մարդը մոռանում է, որ իրական կյանքում նա գրեթե ոչինչ չի վերահսկում, մոռանում է ինքն իրեն։

Արդյոք հայրենի կառավարությունը գիտակցո՞ւմ է խաղամոլության նման խորքային պատճառները։ Դժվար է ասել։ Այդուհանդերձ ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանը, հավանաբար տեսնելով ՊԵԿ-ի հրապարակած թվերը, քաղաքացիներին կոչ է արել դուրս գան վիրտուալ մոլախաղերից։ Այս կոչերին հետևել է պատգամավորի ներկայացրած «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծերի փաթեթը:

Նա առաջարկում է առկա հարկերից և տուրքերից բացի՝ ոլորտը հարկել 10 տոկոս շրջանառության հարկով: Սա նշանակում է խաղային հաշվին լիցքավորված 100 հազար դրամից պետք է հարկվի 10 հազար դրամը: Եթե օրենքն ընդունվի, պետբյուջեն գուցե կլցվի ավել գումարով, բայց արդյոք դա կօգնի՞ արմատախիլ անել կամ առնվազն դանդաղեցնել խաղամոլության աճը Հայաստանում։ 

Այս հարցերը մնում են օդի մեջ։ Քանի որ բարդ իրավիճակների համար չկան հեշտ լուծումներ, չի կարելի պարզապես անիծել բոլոր խաղամոլներին և սպասել հարցի լուծմանը։ Պետք է արձանագրել, որ մեր հասարակությունը հիվանդ է, խորապես հիվանդ: Մեր բուժումը, սակայն, ախտանիշները կոծկել կամ ճակատին մեկ թրջոց ավել դնելու մեջ չէ:

Տնտեսական և սոցիալական ապահովությունը, անհավասարության կրճատումը և ապագայի հանդեպ հստակ տեսլականը ավելի շատ են օգնում այս գործում, քան պատժամիջոցները, պախարակումը և հուզական հայտարարությունները: 

Լիաննա Խաչատրյան

MediaLab.am