«Մտավախություն ունեմ, որ սա կարող է իր շարունակությունն ունենալ նաև Լեռնային Ղարաբաղում». Տիգրան Գրիգորյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է քաղաքագետ Տիգրան Գրիգորյանը

Պարո՛ն Գրիգորյան, ստեղծված իրավիճակից ելնելով՝ Հայաստանի Հանրապետությունը դիմել է ՀԱՊԿին, ինչին ի պատասխան նշվել է, որ ՀԱՊԿ առաքելություն կժամանի Հայաստան: Նման արձագանք սպասելի՞ էր:

– Իրականում, ի սկզբանե պարզ էր, որ ՀԱՊԿ-ից առարկայական քայլեր ակնկալելն անիմաստ է: Նախորդ էսկալացիաների ընթացքում ՀԱՊԿ-ի նախկին ու ներկա ղեկավարները գրեթե ուղիղ տեքստով հայտարարում էին, որ բացառված է մի իրավիճակ, երբ այդ կառույցը կարող է ինչ-որ քայլեր ձեռնարկել Ադրբեջանի դեմ:

Տեսնում ենք, որ այդ կազմակերպության անդամ պետությունների մեծ մասն ավելի լավ հարաբերություն ունի Ադրբեջանի, քան Հայաստանի հետ: Իսկ Ռուսաստանի պարագայում պարզ է, որ Ռուսաստանը ևս չի ցանկանում այս հակամարտության կողմ դառնալ, փորձում է պահպանել միջնորդի իր կարգավիճակն ու դերը, ու Ռուսաստանից ևս չարժի ինչ-որ առարկայական քայլեր ակնկալել:

Բայց որպես ռազմավարական դաշնակից որոշակի պարտավորություններ ունի՞:

– Իրականում իրավիճակը ռուս-ուկրաինական պատերազմի մեկնարկից հետո այնպիսին է, որ Ռուսաստանը Ադրբեջանին զսպելու ո՛չ ցանկություն, ո՛չ հնարավորություն ունի: Տեսանելի է, թե Ադրբեջանն ինչ կարևորություն է ստացել Մոսկվայի համար, օրեր առաջ Բաքվում ստորագրվել է հռչակագիր Ռուսաստանի, Ադրբեջանի ու Իրանի միջև Հյուսիս-հարավ միջանցքի զարգացման վերաբերյալ, ու այդ միջանցքը շատ կարևոր նշանակություն ունի հիմա Ռուսաստանի համար:

Այս առումով ակնհայտ է, որ Ռուսաստանն ամեն կերպ խուսափելու է Ադրբեջանի հետ ուղիղ դիմակայության մեջ մտնելուց: Եթե այս ամենին գումարենք այն, ինչ տեղի է ունեցել վերջին շաբաթվա ընթացքում ուկրաինական ճակատում, երբ ռուսական ուժերը լրջագույն պարտություն են կրել Խարկովի ուղղությամբ, պարզ է դառնում նաև, որ Հարավային Կովկասը Ռուսաստանի առաջնահերթությունների մեջ չի մտնում, ռեսուրսների առումով էլ արդեն իսկ խնդիր ունի, ուստի կարելի է կասկածի տակ դնել այս փուլում Ադրբեջանին զսպելու կամ ճնշելու Ռուսաստանի ունակությունը:

Այս վարկածի մասին է խոսում նաև այն հանգամանքը, որ նույնիսկ 44-օրյա պատերազմի ընթացքում Ադրբեջանը չէր համարձակվել արկակոծել Հայաստանի տարածքում գտնվող խոշոր բնակավայրեր, այսինքն՝ Ադրբեջանում ևս զգում են այն ուժային վակուումը, որը ստեղծվել է տարածաշրջանում Ռուսաստանի զբաղվածության պատճառով, ու օգտագործում են այդ:

Իսկ Ադրբեջանին ի՞նչը կարող է զսպել կամ ճնշել, պարո՛ն Գրիգորյան:

– Ադրբեջանի վրա ճնշում գործադրելու լուրջ լծակներ այժմ գրեթե ոչ ոք չունի, տեսականորեն Արևմուտքը կարող է ինչ-որր պատժամիջոցներ կիրառել, բայց դրա հավանականությունը ևս շատ ցածր է, որովհետև Ադրբեջանը Արևմուտքի համար ևս բավականին կարևոր երկիր է: Հիշում եք՝ վերջին ամիսներին Ադրբեջանի ու Եվրամիության միջև կնքված այդ գազային պայմանագիրը ու, ընդհանրապես, հարաբերությունների սերտացումը: Այդ առումով ակնկալել ինչ-որ կտրուկ քայլեր Արևմուտքից՝ ևս անիրատեսական է: Միակ բանը, որը կարող է առնվազն միջնաժամկետ ու երկարաժամկետ կտրվածքով զսպել Ադրբեջանին ու նվազեցնել այս ռազմական էսկալացիաների կիրառման քաղաքականության հավանականությունը, Հայաստանի ու Ադրբեջանի միջև ուժերի բալանսի մասնակի կամ լրիվ վերականգնումն է:

Ադրբեջանի նպատակը ո՞րն է, ու ինչո՞ւ է ընտրել հենց այս ուղղությունները պատերազմի համար:

– Եթե խոսում ենք ռազմական բաղադրիչի մասին, պարզ է, որ դրանք ամենահարմար ուղղություններն են նմանատիպ գործողություններ իրականացնելու համար, որովհետև Ղարաբաղյան երկրորդ պատերազմի ավարտից հետո այդպես էլ նորմալ աշխատանք չի կատարվել այդ ուղղություններում դիրքերը կահավորելու մասով ու լիարժեք առաջնագիծ ձևավորելու համար:

Եթե նկատել եք, օրինակ՝ նույն Տավուշի ուղղությամբ նմանատիպ սրացումներ շատ քիչ են եղել վերջին երկու տարվա ընթացքում, որովհետև այնտեղ, այնուամենայնիվ, կայացած առաջնագիծ կա, ու ադրբեջանական կողմի համար շատ ավելի բարդ է նմանօրինակ գործողություններ այդտեղ իրականացնել:

Ինչ վերաբերում է քաղաքական նպատակներին, արդեն ասացի, որ այսկերպ Ադրբեջանը փորձում է ճնշում գործադրել Հայաստանի վրա՝ մի շարք գործընթացներում իր առավելապաշտական նպատակներին հասնելու համար: Այստեղ կարելի է խոսել թե՛ խաղաղության պայմանագրի կնքման մասին, թե՛ մյուս գործընթացների մասին, այսինքն՝ մեկ պահանջ չէ, պահանջների համախումբ է, որն Ադրբեջանը դրել է Հայաստանի առջև: Այդ մասին երեկ Նիկոլ Փաշինյանը մանրամասն խոսեց խորհրդարանում:

Իսկ ի՞նչ զարգացումներ եք կանխատեսում:

– Հուսանք, որ այս էսկալացիան, այնուամենայնիվ, առաջիկա օրերին կավարտվի, սակայն ես մտավախություն ունեմ, որ սա կարող է իր շարունակությունն ունենալ նաև Լեռնային Ղարաբաղում, որովհետև երբ նայում ենք Ադրբեջանի պահվածքին, ապա նկատելի է, որ լուրջ հարվածներ է հասցրել զորամասերին, ռազմական ենթակառուցվածքներին, ու սա կարող է նշանակել, որ փորձում են ապահովագրվել Հայաստանի կողմից հնարավոր արձագանքից ու ինչ-որ լուրջ գործողության դիմել Լեռնային Ղարաբաղում:

Եթե երկարաժամկետ կտրվածքով նայենք, կարծում եմ՝ եթե նույնիսկ հիմա ինչ-որ կերպ հաջողվի հանդարտեցնել իրավիճակը տարածաշրջանում, այս գործողությունները պարբերական բնույթ են կրելու, ու մինչև այն ուժային վակուումը, որը ձևավորվել է տարածաշրջանում ռուս-ուկրաինական պատերազմի պատճառով, չլրացվի, Ադրբեջանին շատ քիչ զսպող գործոններ կան:

Ենթադրենք՝ Ադրբեջանն այսկերպ հասնում է իր առջև դրած բոլոր խնդիրների լուծմանը, երաշխիք կա՞, որ դրանից հետո նման ագրեսիաների ականատես չենք լինի, պարո՛ն Գրիգորյան:

– Ինչպես տեսանք, երեկ Ազգային ժողովում Նիկոլ Փաշինյանը նույնիսկ ասաց, որ որևէ երաշխիք գոյություն չունի, սա կարևոր, բայց ուշացած արձանագրում է: Իշխող ուժը, առնվազն վերջին մեկ տարվա ընթացքում, ինչ-որ հեքիաթային պատկերացումներ ուներ միջազգային հարաբերությունների մասին:

Ադրբեջանը հիմա հնարավորություն ունի Հայաստանից նորանոր զիջումներ ստանալու, և ինչքան լինի այդպիսի հնարավորություն, երբեք կանգ չի առնելու, ի տարբերություն որոշ գործիչների, որոնք զարմանում էին, թե ինչո՛ւ Ադրբեջանը մեծահոգի չէ, որովհետև հաղթողները պետք է մեծահոգի լինեն: Ադրբեջանը հասկանում է, որ նման հնարավորությունների պատուհան կարող է այլևս երբեք չլինել, ու փորձում է ստանալ ինչ հնարավոր է, ու գնալով այդ պահանջներն ավելանում են:

Հաշվի առնելով հատկապես վերջին երկու օրերի իրադարձությունները՝ կարո՞ղ ենք արձանագրել, որ Հայաստանը, ըստ էության, չունի ո՛չ աջակիցներ, ո՛չ դաշնակիցներ:

– Միամտություն էր մտածել, որ միջազգային հանրությունը, որքան էլ հրապարակային մակարդակում չողջունի քո վարած քաղաքականությունը, որքան էլ քո դիրքորոշումները չփորձես համապատասխանեցնել միջազգային հանրության դիրքորոշումներին, ինչն անում էր մեր իշխանությունը վերջին ամիսներին, գալու է քո փոխարեն քո տարածքը պաշտպանելու:

Այս առումով պետք է հիշել Նիկոլ Փաշինյանի ապրիլի 13-ի ելույթը, երբ հայտարարեց, որ «մեր միջազգային գործընկերները հորդորում են, որ Արցախի կարգավիճակի հարցում նշաձող իջեցնելու դեպքում Հայաստանի շուրջ մեծ միջազգային կոնսոլիդացիա կլինի»:

Հիմա ես ուզում եմ հարցնել՝ ո՞ւր է այդ միջազգային կոնսոլիդացիան Հայաստանի շուրջ, հարցն արդեն Ղարաբաղին չի վերաբերում, Հայաստանի քաղաքներն են ռմբակոծում: Այսպիսի իրավիճակ է լինում, երբ մարդիկ միջազգային հարաբերությունների մասին պարզունակ պատկերացում են ունենում ու փորձում են սեփական դիրքորոշումն ու շահը համապատասխանեցնել միջազգային հանրության՝ կոնկրետ երկրների շահերին ու դիրքորոշումներին: Երբ երկու տարվա ընթացքում առարկայական աշխատանք անելու փոխարեն հույսդ դնում ես միջազգային հանրության վրա, վերջում չպետք է մեղադրել այդ հանրությանը, պետք է սեփական քայլերիդ մեջ միայն փնտրես այդ ձախողումների պատճառները:

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am