Գյումրիում իրականացված խուզարկությունների արդյունքում կան ձերբակալված անձինք. 1lurer

Գյումրիում իրականացված խուզարկությունների արդյունքում կան ձերբակալված անձինք: Այս մասին 1Lurer.am-ին հայտնել են Հակակոռուպցիոն կոմիտեից` նշելով, որ ձերբակալվածներ կան ինչպես «Մայր Հայաստան» դաշինքից, այնպես էլ Մարտուն Գրիգորյանի նախընտրական շտաբից:

Խուզարկություններն ու ձերբակալությունները տեղի են ունեցել կոմիտեում քննվող քրեական վարույթների շրջանակներում, հավելել են կոմիտեից:

Անդրադառնալով ավագանու անդամին Հակակոռուպցիոն կոմիտե բիրտ ուժով բերելու լուրին՝ կոմիտեից նշեցին, որ այն չի համապատասխանում իրականությանը՝ ընդգծելով, որ ՄԻՊ արագ արձագանքման խմբին տրվել են անհրաժեշտ պարզաբանումներ բարձրացված բոլոր հարցերի հետ կապված:

Ավելի վաղ Մարդու իրավունքների պաշտպանի թեժ գծի հեռախոսահամարին ՀՀ ԱԺ պատգամավորի կողմից ահազանգ է ստացվել առ այն, որ «Մայր Հայաստան» դաշինքի շտաբում խուզարկությունից հետո Գյումրու ավագանու անդամ Էմմա Գրիգորյանին ուժի կիրառմամբ տեղափոխել են Հակակոռուպցիոն կոմիտե:

«Հավելել է, որ պատգամավորներին թույլ չի տրվում մուտք գործել Հակակոռուպցիոն կոմիտե: Պաշտպանի թեժ գծին ահազանգել է նաև փաստաբան, ով ևս հայտնել է, որ խոչնդոտվում է իր մուտքը վարույթն իրականացնող մարմին՝ Էմմա Գրիգորյանին իրավաբանական օգնություն տրամադրելու նպատակով:

Պաշտպանի հանձնարարությամբ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե է մեկնել արագ արձագանքման խումբ՝ տեղում բարձրացված խնդիրների մանրամասներին ծանոթանալու,

ազատությունից զրկված անձի հետ առանձնազրույց ունենալու նպատակով:

Պաշտպանի աշխատակազմում ուսումնասիրվում են նաև նշված դեպքի վերաբերյալ հրապարակային նյութերը»,- ասված է հաղրոդագրությունում:

Հիշեցնենք՝ իրավապահ մարմինները մարտի 27-ի առավոտյան խուզարկություններ են իրականացրել «Մայր Հայաստան» դաշինքի Գյումրիի գրասենյակում։ Այս մասին հայտնել էր «Մայր Հայաստան» դաշինքը։

Ըստ հաղորդագրության՝ խուզարկություն են իրականացնում Մայր Հայաստան դաշինքի Գյումրու գրասենյակում: