Քաղաքապետարանի պաշտոնյան երկու ամսով կալանավորվել է. Factor

Մարտի սկզբին ձերբակալված Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի կոմունալ տնտեսության վարչության պետ Արսեն Կարոյանը կալանավորվել է: Այս մասին հայտնում են Factor.am-ի աղբյուրները:

Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը ձերբակալումից օրեր անց հայտնել էր, որ Արսեն Կարոյանին կալանավորելու միջնորդությունը չի բավարարվել, վերջինիս նկատմամբ սահմանվել է վարչական հսկողություն, գրավ և չբացակայելու արգելք։ Սակայն երեկ Հակակոռուպցիոն վերաքննիչ դատարանը որոշել է երկու ամսով կալանավորել պաշտոնյային:

Հիշեցնենք, որ Արսեն Կարոյանը ձերբակալվել էր Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում: Factor.am-ի տեղեկություններով՝ վարույթը վերաբերում է կաշառք ստանալուն, տալուն և օժանդակելուն: Այդ քրեական վարույթի շրջանակում քաղաքապետարանում փետրվարի սկզբին ևս ձերբակալություններ էին եղել:

Այդ ժամանակ ձերբակալվել էին քաղաքալետարանի աշխատակազմի հասարակական կարգի պահպանության ծառայության պետ Արամ Գյուլզադյանը, 2018 թվականին Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության պետի պաշտոնը զբաղեցրած, փաստաբան Ռոբերտ Դարբինյանը և այդ ժամանակ նրա տեղակալի պաշտոնը զբաղեցնող Արամ Այվազյանը, նաև այլ ներկա և նախկին պաշտոնյաներ: Այդ գործով, ըստ Հակակոռուպցիոն կոմիտեի, ավելի քան 10 մեղադրյալ կա, բայց հակակոռուպցիոն կոմիտեն ձեռնպահ է մնում անուններ նշելուց:

Նշենք, որ Կարոյանը քաղաքապետարանում պաշտոն էր զբաղեցնում 2020 թվականից, երբ քաղաքապետը Հայկ Մարությանն էր: