Ակնկալում ենք անխոչընդոտ և կանոնավոր մարդասիրական մատակարարումների շարունակություն. Զախարովան՝ Լաչինի և Աղդամի երթուղիների մասին

Ռուսական կողմը շարունակում է նպաստել Լեռնային Ղարաբաղում ստեղծված բարդ հումանիտար իրավիճակի հանգուցալուծմանը` հումանիտար բեռնափոխադրումների համար Լաչինի և Աղդամի երթուղիների զուգահեռ ապաշրջափակման վերաբերյալ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի նախաձեռնության հիման վրա։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: Նրա հայտարարության տեքստը զետեղված է ՌԴ ԱԳՆ պաշտոնական կայքէջում:

«Սեպտեմբերի 18-ին Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ջանքերով, ռուսական խաղաղապահ կոնտինգենտի և ՌԴ ԱԳՆ-ի մասնակցությամբ երկու ուղղություններից միաժամանակ պարենամթերքի և դեղորայքի խմբաքանակներ են առաքվել տարածաշրջան։ Ակնկալում ենք անխոչընդոտ և կանոնավոր մարդասիրական մատակարարումների շարունակություն՝ ելնելով տեղի բնակչության շահերից»,-շեշտել է Զախարովան:

Նա հույս է հայտնել, որ Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակի աստիճանական բարելավումը պայմաններ կստեղծի Բաքվի և Ստեփանակերտի միջև երկխոսություն սկսելու և հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման վերաբերյալ 2020-2022 թվականներին ղեկավարների՝ բարձր մակարդակով եռակողմ պայմանավորվածությունների ամբողջ համալիրի իրականացմանն ուղղված ռիթմիկ աշխատանքը վերսկսելու համար։«Լիովին շահագրգռված ենք Հարավային Կովկասում խաղաղության և կայունության պահպանմամբ»,- նշել է նա: