«Հոգնած էի, նստեցի գետնին, այդպես էլ մնացի, աչքս կպել էր». հայտնի լուսանկարի բժշկուհին՝ առաջնագծի կյանքի մասին

Հերացու անվան պետական բժշկական համալսարանի արդեն 5-րդ կուրս փոխադրված ուսանողուհի, ապագա բժշկուհի, այս բարդագույն օրերին կորոնավիրուսի դեմ պայքարի առաջնագծում մարդկանց իր մասնագիտական օգնությունը ցույց տվող Տաթև Խաչատրյանի լուսանկարը համացանցում շատերին հայտնի դարձավ:

Ապագա բժշկուհին՝ ծանրաբեռնված աշխատանքային օրվանից, ամբողջ օրը ոտքի վրա լինելուց հետո նստել էր հատակին և չէր էլ զգացել, թե ինչպես է մի պահ քնել:

«Մեդիալաբի» հետ զրույցում Տաթև Խաչատրյանը պատմում է, որ մեծ սիրով է գործը կատարում: Բուժանձնակազմում էլ նրա մասին կատակում են, թե որտեղից նրան այդքան էներգիա, որ կարող է անգամ ողջ օրը չքնել և աշխատել, այդուհանդերձ, նշում է, որ լինում են պահեր, երբ անմարդկային հոգնածություն է զգում: 

Այդպիսի օրերից մեկի ժամանակ էլ գործընկերուհին լուսանկարել է Տաթևին:

«Արդեն լուսադեմ էր, ժամը 5-6-ի կողմերը, երբ ամբողջ օրը ոտքի վրա անընդհատ գնում-գալիս եմ, իմ միակ խնդիրն այն է, որ ոտքերս շատ են ցավում, միակ դիրքը դա էր, որ ոտքերս հանգստանում են, որովհետև աթոռի վրա նստած կամ այլ տեղ ոտքերս չեն հանգստանում, ու այդպես որ նստեցի, այդպես էլ մնացի, աչքս կպել էր: Երեխեքից մեկը՝ Մարիամը, նկարել էր, երևի մի 10 րոպե քնել եմ, բայց հավեսով հանգստացել եմ»,- լուսանկարի պատմությանն անդրադառնալիս ասում է Տաթև Խաչատրյանը:

Հայտնի լուսանկարը համացանցում հրապարակել է հայրը, որից հետո այն լայն տարածում է ստացել: Բազմաթիվ օգտատերեր, այդ նկարը վերահրապարակելով, կոչ էին հղում մարդկանց, որ դիմակ կրեն, կանոնները պահպանեն, որպեսզի բժիշկները կարողանան վերադառնալ բնականոն կյանք, տեսնել իրենց հարազատներին:

«Պապաս ու մամաս մի քանի օր առաջ եկել էին ինձ տեսնելու: Մի քանի րոպե հեռվից շփվեցինք, նկարս ցույց տվեցի, որ այդ գիշեր ընկերուհիս էր նկարել: Պապաս՝ խնդրեց, որ ուղարկեմ իրեն: Երեկոյան շատ բարի վերնագրով՝ խաղաղ ու բարի գիշեր գրելով, հրապարակել էր: Իմ հերթափոխի հաջորդ օրն էր, ես իրենց էի տեսել ու շատ հոգնած քնել էի: Արթնանում եմ ու տեսնում, որ պապայից հետո ընկերներս են հրապարակել, տեսնեմ՝ ամբողջ համացանցում իմ նկարն է»,- ժպտալով ասում է նա։

Թեպետ նրան դուր չի եկել այդ նկարի օգտագործումով որոշ մարդկանց կողմից մյուսներին մեղադրելը՝ դիմակ չկրելու համար կամ այն ցուցարարների նկարների հետ համեմատելու համար, այնուամենայնիվ, ասում է, ուրախ կլինի, եթե այդ նկարը տեսնելուց հետո թեկուզ 5, 10 կամ 20 մարդ սկսի դիմակ կրել:

Ապագա բժշկուհին Հայաստանում կորոնավիրուսի տարածման հենց առաջին պահից է ցանկություն հայտնել՝ միանալու բուժանձնակազմին և պատրաստակամություն հայտնել օգնելու մարդկանց: Առաջին իսկ օրերին դիմել է առողջապահության նախարարություն, սկզբում տեղ է եղել ներգրավվելու Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնում: Այնտեղ հիմնականում զբաղվել է համակարգման աշխատանքներով՝ հեռախոսազանգերի միջոցով Հայաստան ժամանած ինքնամեկուսացած քաղաքացիներից ճշտելով նրանց առողջական վիճակը, ինքնազգացողությունը, ջերմությունը և այլն:

Այնուհետև, ապրիլի 20-ից գնացել է «Նաիրի» հյուրանոց. «Ինֆեկցիոնի բաժանմունք էր հանդիսանում, այնտեղ բժշկի օգնական էի աշխատում: Երբ մայիսի 7-ին թեստս բացասական եկավ, եկա տուն: Մայիսի 10-ից գնացի «Սուրբ Աստվածամայր» հիվանդանոց, հիվանդանոցում լրիվ այլ բան էր կատարվում հյուրանոցի հետ համեմատած՝ լրիվ տարբեր աշխարհ էր»,- նշում է նա:

Նրա խոսքով՝ աշխատանքի մեջ ամենաբարդը այն պահերն են, երբ ամբողջ օրը վազքի մեջ աշխատելուց հետո՝ գիշերվա ժամին, միայնակ լինելով հիվանդանոցի միջանցքում կամ պալատում, սկսում է գիտակցել, թե ինչ է կատարվում, մարդիկ ինչի դեմ են պայքարում, աշխարհում ինչ է կատարվում: «Պահ է գալիս, որ մտածում ես՝ այս ամենը ոնց որ խաղ լինի, ու զգում եմ՝ քիչ է մնում խելագարվեմ այդ պահերին: Փորձում եմ շատ չխորանալ, որովհետև ծանր է, երբ գիտակցում ես՝ մարդիկ են մահանում, որ ինչ-որ անհասկանալի, նոր բան եկավ ու բոլորիս կյանքը փոխեց»։

Հիվանդանոցում Տաթև Խաչատրյանը հիմնականում կատարում է բուժքրոջ պարտականություններ: Աշխատում է 24-ժամյա գրաֆիկով՝ հերթափոխով: Կատարում է ներարկումներ, շաքարային դիաբետով հիվանդների չափումներն է իրականացնում, հսկողություն և այլն:

«Անմարդկային հոգնում եմ, բայց սիրով եմ անում: Երբ անում եմ ամեն ինչ, ներքին բավարարվածություն են ունենում, դա ինձ համար ամեն ինչ արժի: Շատ բան եմ սովորում, շփվում եմ բժիշկների հետ, որը նույնպես շատ լավ պրակտիկա է: 24 ժամ եմ աշխատում, 2 ժամ հանգստանում եմ ցերեկը, 3 ժամ՝ գիշերը»,- պատմում է նա:

24-ժամյա վազքի մեջ պաշտպանիչ հագուստը, որ կրում են բժիշկները, Տաթև Խաչատրյանի խոսքով՝ դաժան բան է. «Սկզբում մտածում էի՝ ինչ լավ է, կնիհարեմ, բայց հետո հասկացա, որ ընդամենը ջրազրկվում եմ (ժպտում է): Բազմիցս եղել է, որ իջել եմ ու վատ վիճակում եմ եղել, մի անգամ ամբողջությամբ ջուր էի, չէի կարողանում նույնիսկ շորերս հանել փոխել, լրիվ թաց էին»,- պատմում է նա:

Տաթև Խաչատրյանը իր գործընկերներին ևս համբերություն է մաղթում և կոչ անում, որ ինչքան էլ հիվանդները ինչ-որ պահերի դժգոհ լինեն, փորձեն հասկանալ նրանց ու չնեղվեն:

Նրա խոսքով՝ հիվանդներից մեկը կարող է՝ ուշադրություն է ուզում, մեկն ասում է՝ թողեք տուն գնամ, մյուսն ասում է՝ արևը վրաս է ընկնում. «Ու էդ ամբողջը քո գլխին է կոտրվում, ուղղակի պետք է կարողանաս միջիդ պոզիտիվը չկորցնել: Հիվանդի հարազատը մենք ենք, սա լրիվ ուրիշ բան է, սա սովորական հիվանդություն չէ: Նրանք օրերով, շաբաթներով, երբեմն՝ ամիսով տուն չեն գնում ու հարազատ չեն տեսնում: Նույնիսկ մի հիվանդ ունեմ, էն օրն ասում էր՝ ամսի 4-ին ծնունդս ենք նշելու, մի ամսից ավելի է, որ այստեղ է: Ասում եմ՝ չէ, էլի, գնացեք տանը նշեք, ասում է՝ չէ, ես ձեզ հետ եմ ուզում նշել»:

Տաթև Խաչատրյանը որոշել է մինչև վերջ լինել համավարակի դեմ պայքարում, մինչև վիրուսը չհաղթահարվի՝ չի լքելու հիվանդանոցը:


«Դեռ անորոշ ժամանակով ներգրավված եմ լինելու պայքարում, այնքան ժամանակ, ինչքան էներգիաս հերիքի, իսկ իմ էներգիան անսպառ է: Այսինքն՝ այնքան, մինչև վիրուսը վերանա մեր կյանքից ու այսքան վատ ու ծանր բաների մեջ չգցի»,- նշում է:

Իսկ ամենաշատը Խաչատրյանը կարոտել է փոքր եղբորը, ծնողներին:

«Հիմա հեռախոսով էլ ենք շատ քիչ խոսում, օրական մի քանի րոպե հազիվ եմ հարմարեցնում: Ընկերներիս եմ շատ կարոտում, ազգային գրադարանն եմ շատ կարոտում, որտեղ պարապում էինք, իմ կյանքի լավ մասնիկն էր, կյանքը, տրանսպորտը՝ ամեն ինչ կարոտում եմ, նույնիկ խանութ գնալը, թատրոն, կինո, ուղղակի գնալ քաղաքով քայլելը շատ եմ կարոտել»,- ասում է նա:

Արփինե Արզումանյան

MediaLab.am