«Գևորգը, ճշգրիտ հաշվարկներ կատարելով, ոչնչացրել է թշնամու զինտեխնիկայի միավորումներ, կենդանի ուժ»․ քույրը եղբոր մասին՝ «թիկունքս կոտրվել է»

Գևորգ Օթարյանի մասին բազում հերոսապատումներ են պատմում, որ պատերազմի ժամանակ ճշգրիտ հաշվարկներ կատարելով՝ ոչնչացրել է թշնամու զինտեխնիկայի միավորումներ, կենդանի ուժ, բայց դա չի սփոփում հարազատների սիրտը, որոնք 44-օրյայի ժամանակ իրենց միակին են կորցրել։

«Մենք շատ մտերիմ էինք, Գևորգն ինձ համար ամեն ինչ էր։ Երբ տանն էր, հումորով ու ուրախությամբ էր լցնում տունը, իր զոհվելուց հետո իմ թիկունքը կոտրվել ա, երազանքներս անիմաստ են դարձել»,- հուզմունքով ասում է Մերին ու նշում՝ անընդհատ այդ հիշողություններով են ապրում, թե եղբայրն ինչ ասաց, ինչպես վարվեց, ուր գնաց, ինչ երազանքներ ուներ, ինչ նպատակներ։

Մերի Օթարյանի եղբայրը՝ Գևորգ Օթարյանը, ժամկետային զինծառայող էր, ծառայել է Դիլիջանի զորամասում որպես կրտսեր սերժանտ։ 

Լինելով հրետանային դիվիզիոնի 1-ին հաշվարկի հրամանատար՝ 2020 թ. հոկտեմբերի 7-ից մասնակցել է Արցախյան 44-օրյա պատերազմին։

Չնայած Գևորգը Ջրականում թեժ մարտերի է մասնակցել, սակայն ընտանիքն այդ մասին չի իմացել, Գևորգը փորձել է ամեն կերպ հավատացնել, թե ինքն ապահով է և պատերազմին չի մասնակցում: 

«Երբ իմացել ենք, որ պատերազմի դաշտում ա, արդեն ինքը զոհված ա եղել, մենք գիտեինք՝ նորմալ ա, մեզ ոչինչ չէր պատմում։ Մենակ հոպարիս տղային ա ասել ու նշել՝ տնեցիքին չասես»։

Քույրը հուզմունքը խեղդելով ասում է, որ ողբեգական դեպքը տեղի է ունեցել հոկտեմբերի 10-ին՝ ժամը 13:00-ի սահմաններում։ 

«Ընկերները մեզ պատմեցին, որ հոկտեմբերի 10-ին, երբ հրադարար էր հայտարարվել, ժամը 1-ի մոտ, Գևորգը գնացել ա, որ ստուգի՝ արդյոք տեխնիկան նորմալ աշխատո՞ւմ ա, թշնամին խախտել ա հրադադարը։ ԱԹՍ-ով հարվածել են տեխնիկային, ինքը կողքն ա եղել ու էդ պահին զոհվել ա»,- ասում է Մերին։

Գևորգ Օթարյանը հուղարկավորվել է «Եռաբլուր» զինվորական պանթեոնում։ Հետմահու արժանացել է Մարտական ծառայության մեդալի։

Դիլիջանի զորամասում, որտեղ ծառայել էր Գևորգը, բացվել է հուշահամալիր՝ նվիրված 22 հերոսների հիշատակին, որոնց թվում է նաև Գևորգ Օթարյանը։ 

195-րդ ավագ դպրոցում, որտեղ սովորել էր Գևորգը, նրա անունով ֆիզիկայի դասասենյակ է բացվել։ Խաչքարեր են կանգնեցվել նաև Բաշինջաղյան 171 շենքի և 195-րդ դպրոցի բակերում՝ ի հիշատակ անմահացած հայ քաջերի, այդ թվում՝ Գևորգ Օթարյանի։

Գևորգը մինչև ծառայության մեկնելը ընդունվել էր Ճարտարապետության և շինարարության համալսարանի քաղաքային տնտեսություն և էկոլոգիա բաժին, բայց որոշել էր փոխել մասնագիտությունը։ Իր ցանկությունն էր՝ բանակից վերադառնալուց հետո կրթությունը շարունակել հաշվապահության ոլորտում: 

Քույրն ասում է՝ եղբայրը երազում էր նաև բանակից վերադառնալուց հետո ընտանիք կազմել, երեխաներ ունենալ․ 

«Ինքը ընտանիքի տղա էր, սիրում էր ընտանիքը, ուզում էր ընտանիք կազմել, բայց ոչինչ չհասցրեց․․․»։

2020-ի հոկտեմբերի 10-ին ժամանակը կանգ է առել Օթարյանների համար։ Մերին ասում է՝ ֆիզիկապես ապրում է, բայց հոգեպես անցյալում է։

«Ես չեմ գիտակցում, որ 2022 թիվն ա, եթե ինձ հարցնեն՝ որ թիվն ա, կպատասխանեմ՝ 2020, իմ կյանքն առաջ չի շարժվել, ես էդ օրվան եմ մնացել»,- հուզմունքով ասում է Մերին։

Արփինե Արզումանյան

MediaLab.am