Կալանավոր Հարություն Մուրադյանն ազատ արձակվեց Factor TV-ի հրապարակումներից հետո 

«Արմավիր» քրեակատարողական հիմնարկում ավելի քան 4 ամիս ապօրինի պահվելու մասին Factor TV-ի մի քանի ահազանգերից հետո կալանավոր Հարություն Մուրադյանն այսօր  ազատ է արձակվել։  Այս մասին հայտնում է Factor.am-ը:

Կալանավորի փաստաբանն օրեր առաջ պատժի կրման ժամկետի վերաբերյալ դիմում էր ներկայացրել Քրեակատարողական ծառայություն։ Ստացվել էր պատասխան, որ Հարություն Մուրադյանի պատժի կրման սկիզբը հաշվվում է 2020թ. մայիսի 11-ից։

Նախկինում տրվել էր գրություն, որ պատժի սկիզբը 2022թ. մայիսի 12-ն է։ Այդ գրությունը ստանալուց հետո փաստաբանը դիմել է Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գոռ Շահբազյանին (վերջինս այն դատավորն է, որը Հարություն Մուրադյանի վերջին գործով համակցված պատժաչափ էր նշանակել՝ հիմք ընդունելով նախորդ դատական ակտը։ Ըստ վերջնական դատավճռի՝ կալանավորի պատժի կրման ժամկետն ավարտվելու էր 2026 թվականի դոկտեմբերին-խմբ․)։

Շահբազյանն անմիջապես լուծել է իր իսկ կողմից կայացրած դատավճռում առաջ եկած անհստակությունը, որն առաջացել էր Քրեակատարողական ծառայության կողմից տրամադրված տեղեկատվության անհստակությունից՝ վերջնական դատական ակտի եզրափակիչ մասում «2022 թվականի մայիսի 12-ից» բառերը փոխարինելով «2020 թվականի մայիսի 11-ից» բառերով։ Սա նշանակում է, որ Հարությունի պատժի կրման ժամկետը լրացել է։ Դատարանն այս որոշումն ուղարկել է «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ, ինչի հիման վրա Հարություն Մուրադյանը  ազատ է արձակվել։

Ավելին՝ սկզբնաղբյուրում