«Կարծում եմ՝ մենք աշխարհի միակ ծերանոցն ենք, որտեղ կորոնավիրուսը հաղթահարել են բոլոր խնամյալները՝ մեկ մարդու նման ապաքինվել են»․ Տնօրեն

Երևանի թիվ 1 տուն-ինտերնատում ուրախ են ու գոհ․ կորոնավիրուսով վարակված վերջին տարեցը ուրբաթ օրը ստացել է թեստի արդյունքը՝ բացասական և բուժվելուց հետո վերադարձել ինտերնատ։ 

«Հիմա մեր բնակիչները վերականգնողական փուլում են, վիտամիններ են ստանում, որ իմունիտետն ամրապնդվի, առողջ լինեն»,- «Մեդիալաբին» ասում է Երևանի թիվ 1 տուն-ինտերնատի տնօրեն Վահան Զուրաբյանը։

Տնօրենը խոսքով՝ փետրվարից տուն-ինտերնատի բնակիչները ներսուդուրս չեն արել, իսկ ապրիլի 21-ից՝ աշխատակիցները։ Վերջիններից կազմվել է երկու խումբ, որոնք աշխատել են հերթափոխով՝ 14 օրը մեկ։

14 օր դրսում եղած հերթափոխի անդամները ջերմաչափվել, թեստավորվել ու հակահամաճարակային կանոնները պահպանելով մուտք են գործել տուն-ինտերնատ, անցել աշխատանքի։

«Սակայն ժամանակը ցույց տվեց, որ պարտադիր չէ՝ թեստի պատասխանը լինի բացասական, և այդ մարդը վարակակիր չլինի։ Լինում է, որ մարդու մոտ այդ պահին թեստը բացասական արդյունք է ցույց տալիս, բայց մի քանի օր հետ մարդն սկսում է ջերմել, և նրա մոտ հայտնաբերվում է կորոնավիրուս։ Այդպես եղավ նաև մեր մեկ կամ երկու աշխատակիցների հետ»,- նշում է տնօրենը։ 

Արդյունքում՝ հունիսի կեսերին Երևանի թիվ 1 տուն-ինտերնատում արձանագրվել են կորոնավիրուսի հաստատված դեպքեր՝ 35 խնամյալի ու 35 աշխատակցի։ Ընդհանուր առմամբ՝ տուն-ինտերնատում կա 205 խնամյալ, որից 80-ը՝ անկողնային։ Վերջիններից 22-ի մոտ հաստատվել էր կորոնավիրուս։

«Հունիսի կեսերին դիմեցինք նախարարություն և կազմակերպեցինք 205 խնամյալների ու աշխատակիցների թեստավորում կատարելու»,- ասում է Զուրաբյանը։

Կորոնավիրուսի հաստատված դեպքերի մասին տեղեկությունն ստանալուց հետո անմիջապես, Վահան Զուրաբյանի խոսքով, սկսել են կազմակերպել մարդկանց բուժումը՝ առողջապահության նախարարության կողմից ինտերնատին կցվել է վարակաբան, տուն-ինտերնատի շենքը կիսվել է, և վարակակիրները բուժվել են առանձին տարածքում

««Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի վարակաբանը եկավ, առանձին-առանձին նայեց բոլորին, ստեղծվեցին նրանց հիվանդությունների պատմությունները, համապատասխան դեղամիջոցները նշանակվեցին, իսկ մեր բուժանձնակազմը շարունակեց խնամյալների բուժումը»,- ասաց տնօրենը: 

35 հիվանդ խնամյալներից միայն 2-ի մոտ է հիվանդությունը ծանր ընթացք ունեցել, սակայն նրանք երկուսն էլ վերջերս վերադարձել են տուն-ինտերնատ։ Վարակված և բուժված խնամյալների տարիքը 70-90-ի միջակայքում է եղել, սակայն նրանք կարողացել են հաղթահարել կորոնավիրուսը։

Մեր հարցին՝ չե՞ն ունեցել քրոնիկական հիվանդություններ, հաշվի առնելով այն, որ կորոնավիրուսը հիմնականում վատ է անդրադառնում ուղեկցող հիվանդություններ ունեցող մարդկանց վրա, տուն-ինտերնատի տնօրենը պատասխանեց․

«Մեզ մոտ այնպիսի խնամյալ չկա, որ քրոնիկական հիվանդություն չունենա, թերևս միայն մեկ-երկուսը։ Մնացյալ բոլորը ունեն արյան ճնշման հետ կապված խնդիրներ, շաքարային դիաբետ և այլն»։

Մյուս հարցին՝ թե այդ դեպքում ինչպե՞ս հաջողվեց հաղթահարել կորոնավիրուսը, Զուրաբյանը պատասխանեց․

«Հոգատարությամբ։ Բուժքույրերի, մայրապետների, բժիշկների և բոլորի հոգատարությամբ մարդիկ այդպես էլ խնդիրներ չունեցան։ Եվ իհարկե, կարևորն այն էր, որ վիրուսը ժամանակին հայտնաբերեցինք ու ժամանակին սկսեցինք բուժումը։ Բոլորը մեկ մարդու նման ապաքինվել են։ Ես կարծում եմ՝ մենք աշխարհի միակ ծերանոցն ենք, որտեղ կորոնավիրուսը հաղթահարել են բոլոր խնամյալները»։

Ի դեպ, Վահան Զուրաբյանը աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին նախարար Մանե Թանդիլյանի որոշմամբ ազատվել էր աշխատանքից, սակայն դատարանի որոշմամբ վերջերս վերականգնվել այդ պաշտոնին։ Մինչև հիմա Զուրաբյանի համար պարզ չէ՝ ինչու նախկին նախարարը որոշեց ազատվել իրենից հարցի պատասխանը։

«Ինձ համար էլ մինչև հիմա պարզ չէ՝ առանց ոչ մի բանի ինչո՞ւ է մարդուն աշխատանքից հեռացնում, այն էլ այն մարդուն, որը, թող անհամեստ չհնչի, միշտ է լավ աշխատել, ինչն էլ այսօր ապացուցեցի․ ես չեմ լսել աշխարհում մի ծերանոցի մասին, որտեղ վարակը ներթափանցել է, ու գեթ մեկ խնամյալ չի մահացել», – նշում է Վահան Զուրաբյանը։

Հասմիկ Համբարձումյան

MediaLab.am