«Երբեք որևէ հանքարդյունաբերական կազմակերպության համար չեմ աշխատել»․ Էրիկ Գրիգորյանը հերքում է «Լիդիանի» տնօրենին

«Երբեք որևէ հանքարդյունաբերական կազմակերպության համար չեմ աշխատել»․ Էրիկ Գրիգորյանը հերքում է «Լիդիանի» տնօրենին
«Երբեք որևէ հանքարդյունաբերական կազմակերպության համար չեմ աշխատել»․ Էրիկ Գրիգորյանը հերքում է «Լիդիանի» տնօրենին

«Ես երբևիցե իմ կյանքում որևէ հանքարդյունաբերական կազմակերպության համար չեմ աշխատել, չնայած վերջին տասը տարիների ընթացաքում շատ առաջարկներ եմ ստացել՝ շատ մեծ հանարավորություններով ու աշխատավարձերով»,- այսօր կառավարությունում լրագրողներին ասաց Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը։

Նախարարը հերքեց «Լիդիան Արամենիա» ընկերության տնօրեն Հայկ Ալոյանի այն պնդումները, թե Էրիկ Գրիգորյանը նախկինում աշխատել է «Լիդիան Արամենիա»-ի համար, համագործակցել է  իրենց հետ։ Ալոյանը նաև ասել էր, որ Էրիկ Գրիգորյանը շատ լավ տեղյակ է Ամուլսարի հանքի շահագործման ծրագրին և գիտի, որ լրացուցիչ ՇՄԱԳ-ի կարիք չկա։

«Միգուցե նա միայն այն մասով է ճիշտ ասել, որ ես եզակի անձանցից մեկն եմ, ով ծրագիրը շատ լավ գիտի։ Ավելի քան տասը տարի ես տեղյակ եմ ծրագրից, ամենասկզբից ինչպես է սկսվել ու ինչպես է ընթանում։ Իսկ մյուս հարցը, որ աշխատել եմ իրենց հետ, երբևիցե ես իմ կյանքում որևէ հանքարդյունաբերական կազմակերպության համար չեմ աշխատել, չնայած վերջին տասը տարիների ընթացաքում շատ առաջարկներ եմ ստացել՝ շատ մեծ հանարավորություններով ու աշխատավարձերով»,- ի պատասխան ասաց Էրիկ Գրիգորյանը։

Էրիկ Գրիգորյանը նշեց, որ տարիներ առաջ աշխատել է բրիտանական մի կազմակերպության համար՝ խորհրդատվական, որն աշխարհի լավագույն խորհրդատվական կազմակերպություններից մեկն է։ «Եվ իրենց վերլուծությունների ժամանակ եղել են նաև վերլուծություններ, որոնք արել եմ Լիդիանի, Զանգեզուրի, Ագարակի կոմբինատների համար։ Բայց ես որևէ պարտավորություն չունեմ, ուղղակի զարմանալի է, թե ինչպես կարող են այդպիսի հայտարարություններ անել։ Նաև ինչ-որ կոռուպցիոն, այս տիպի ձևակերպումների էին տվել, շատ ծիծաղելի է այդ ամենը։ Եվ կարծում եմ՝ բոլորդ էլ շատ լավ հասկանում եք, թե ինչի համար են այդ հայտարարություններն անում»,- ասաց նախարարը։