Հունգարական Wizz Air-ը հայտարարել է, որ սեպտեմբերից կդադարեցնի գործունեությունը Աբու Դաբիում։ Ընկերությունը նշել է, որ վերջին երկու տարիներին Մերձավոր Արևելքի քաղաքական անկայունությունը և օդային երթևեկության խափանումները չեն թողել շահույթ ստանալու հնարավորություն։
Wizz Air-ը Աբու Դաբիում իր բազան բացել էր 6 տարի առաջ՝ նախատեսելով ընդլայնվել Մերձավոր Արևելքում։ Սակայն, ըստ ընկերության ղեկավար Յոժեֆ Վարադիի, այս պլանները չեն իրականացվել։
«Մենք հիմա վերադառնում ենք մեր հիմնական շուկա՝ Կենտրոնական և Արևելյան Եվրոպա, որտեղ տարիներ շարունակ քիչ էինք ներդրում անում»,-ասել է Վարադին։
Բացի այդ, ընկերությունը նշում է, որ Աբու Դաբիի շոգ կլիման հանգեցրել է շարժիչների արագ մաշման, ինչը ավելի է բարձրացրել ծախսերը։



















