ԱՄՆ Ալյասկայի ամենամեծ քաղաքում՝ Անքորիջում, հարյուրավոր մարդիկ դուրս են եկել բողոքի ակցիայի՝ ընդդեմ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի այցի։ Ցույցն անցկացվել է ԱՄՆ–Ռուսաստան գագաթնաժողովից մեկ օր առաջ, որին մասնակցելու են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Պուտինը։
Մասնակիցները ձեռքում պահել են Ուկրաինայի դրոշներ և տարբեր կարգախոսներով պաստառներ՝ «Պուտինը ռազմական հանցագործ է, տեղ չունի ամերիկյան հողում», «Ալյասկան Ուկրաինայի կողքին է», «Ուկրաինայի լիարժեք հաղթանակ», «Զավթիչները տեղ չունեն բանակցությունների սեղանի շուրջ», «Փառք Ուկրաինային»։
Ցույցի կազմակերպիչներից «Stand UP Alaska» կազմակերպության ղեկավար Էրին Ջեքսոն–Հիլը «Ուկրինֆորմ»-ին հայտնել է, որ իրենց պահանջը Պուտինի՝ անմիջապես ձերբակալումն է նրա ԱՄՆ ժամանելու դեպքում։
«Մենք դեմ ենք, որ ավտորիտար բռնապետերին հրավիրեն մեր նահանգ, առավել ևս, երբ դա անում են ոչ մեր նահանգապետը կամ Կոնգրեսում մեր ներկայացուցիչները։ Նա ռազմական հանցագործ է, և նրան տեղ չունի ամերիկյան հողում», – ասել է նա։
Ակնկալվում է, որ ակցիաներ կլինեն նաև 15 օգոստոսի երեկոյան՝ գագաթնաժողովի օրը։ Ալյասկա արդեն ժամանել են Ռուսաստանի պատվիրակության անդամները, այդ թվում՝ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպան Ալեքսանդր Դարչիևը և ՌԴ Պետական ներդրումների հիմնադրամի ղեկավար Կիրիլ Դմիտրիևը։



















