«Հիմա, երբ Թրամփն իր անունն է տվել Զանգեզուրի միջանցքին, վստահ եմ, որ այն մոտ ապագայում կիրականացվի». Ալիև

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Al Arabiya հեռուստաալիքին տված հարցազրույցում անդրադարձել է Վաշինգտոնում Հայաստանի ու Ադրբեջանի միջև նախաստորագրված խաղաղության փաստաթղթին և կրկին շեշտել «Զանգեզուրի միջանցքի» նշանակությունը։

«Առանց Զանգեզուրի միջանցքի ապահով և միջազգային երաշխիքներով գործարկման խաղաղ գործընթացը չի կարող լիարժեք լինել։ Միայն Հայաստանի տված երաշխիքները բավարար չեն։ Հենց այս պատճառով էլ, երբ նախագահ Թրամփն իր անունը տվեց այս նախագծին՝ այն ստացավ Trump Route for International Peace and Prosperity անվանումը։ Հիմա, երբ Թրամփն իր անունն է տվել Զանգեզուրի միջանցքին, վստահ եմ, որ այն մոտ ապագայում կիրականացվի»,- հայտարարել է Ալիևը։

Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ, Ալիևը նշել է, որ միջանցքի երկարությունը մոտ 42 կիլոմետր է, և ենթակառուցվածքների՝ երկաթուղու ու ավտոճանապարհի կառուցումը մեծ ժամանակ չի պահանջի։

«Ենթակառուցվածքների՝ երկաթուղու և ճանապարհի կառուցումը երկար ժամանակ չի պահանջի․ խոսքը ընդամենը 42 կիլոմետրի մասին է։ Եթե մենք ինքներս կառուցեինք, մեկ տարում այն արդեն պատրաստ կլիներ։ Հայաստանը գուցե մի քիչ ավելի երկար ժամանակ պահանջի, քանի որ մենք ավելի մեծ փորձ ունենք երկաթուղի կառուցելու մեջ։»