Սեպտեմբերի 3-ին ձերբակալվել է վերջերս ԱՄՆ-ում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան նշանակված աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին նախարար Նարեկ Մկրտչյանի եղբայրը՝ Մկրտիչ Մկրտչյանը։Այս մասին հայտնում է «Ազատություն»-ը:
Ներքին գործերի նախարարի մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը հայտնեց, որ երեկ Պարեկային ծառայության Արմավիրի մարզի գումարտակի ծառայողները Փարաքար համայնքի Երևանյան փողոցում ստուգման նպատակով կանգնեցրել են տրանսպորտային միջոց։ Այդ պահին ուղևորը դուրս է եկել մեքենայից և դիմել փախուստի՝ ճանապարհին նետելով իր մոտ եղած իրերը՝ ատրճանակ և փոշենման զանգված։
Մեքենայի վարորդը նույն պահին ձերբակալվել է և տեղափոխվել ոստիկանության Վաղարշապատի բաժին։ «Նրա անձնական խուզարկությամբ արգելված որևէ իր չի հայտնաբերվել», – հայտնում է Նարեկ Սարգսյանը, հավելելով, որ ձեռնարկվում են միջոցառումներ՝ փախուստի դիմած անձին հայտնաբերելու ուղղությամբ։
Ձերբակալված Մկրտիչ Մկրտչյանի եղբայրը՝ ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան նշանակաված Նարեկ Մկրտչյանը, ով նաև ՔՊ կուսակցության արտաքին կապերի պատասխանատուն է, «Ազատության» հետ զրույցում միայն մի կարճ մեկնաբանություն տվեց. «Դեպքին տեղեկացել եմ ձեզ նման մամուլից: Հայաստանում՝ կլինի իմ եղբայրը, թե մյուսի եղբայրը, օրենքի առաջ բոլորը հավասար են: Կգնա նախաքննություն, մեղավորները կբացահայտվեն, վստահաբար պատասխանատվություն կկրեն օրենքի ողջ խստությամբ: Իսկ ինչ վերաբերում է իմ քաղաքական թիմին, իմ ազդեցությանը, ո՛չ իմ հանրային կարգավիճակը, ո՛չ ներկայիս պաշտոնը չի կարող որևիցե ազդեցություն կամ միջամտություն ունենալ: Հետևաբար՝ հետևեք իրավական գործընթացներին, ես էլ ձեզ նման հետևելու եմ»:
Քննչական կոմիտեից հայտնեցին, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի 1-ին մասով՝ հրազենի ու ռազմամթերքի ապօրինի շրջանառություն, և 393-րդ և 396-րդ հոդվածի 1-ին մասերով՝ թմրամիջոցների ապօրինի շրջանառության վերաբերյալ:
Կատարվում է նախաքննություն։



















