Ռեփեր առաջնորդը․ Բալեն Շահը երիտասարդների նոր հույսն է Նեպալի քաղաքական ճգնաժամում

Կատմանդուի քաղաքապետ Բալենդրա Շահը, նախկին ռեփեր և ինժեներ, դարձել է երիտասարդների ֆավորիտը Նեպալի քաղաքական ճգնաժամի ժամանակ՝ դիտարկվելով որպես անցումային կառավարության հնարավոր ներկայացուցիչ։ 35-ամյա քաղաքապետը, առավել հայտնի որպես «Բալեն», նախկիններից տարբերվում է նաև նրանով, որ զգալի երիտասարդ է նրանցից:

Շահը հանրային ուշադրության կենտրոնում է հայտնվել մահաբեր հակակոռուպցիոն ցույցերից հետո, որոնք հանգեցրին վարչապետ Կհադգա Պրասադ Շարման Օլիի հրաժարականին։ Ցույցերի ժամանակ զոհվել է 19 մարդ։

Երիտասարդների մեծամասնությունը՝ երկրի մոտ 30 միլիոն բնակչության կեսից ավելին, աջակցում է Շահին։ Սոցցանցերում նրան կոչ են անում առաջադրվել վարչապետի պաշտոնում՝ փոխարինելու 73-ամյա Օլիին։ Շահը, սակայն, դեռ չի արձագանքել այս կոչերին։

Շահը 2022-ին հաղթեց քաղաքապետի ընտրություններում՝ անկախ թեկնածու լինելով և մարտահրավեր նետելով Նեպալի ավանդական կուսակցական համակարգին։ Նա հայտնի է իր հակակոռուպցիոն հայտարարություններով և ռեփ ստեղծագործություններով․ նրա «Balidan» («Զոհաբերություն») երգը, որը լույս է տեսել 2020-ին, ունի ավելի քան 11 միլիոն դիտում YouTube-ում։

Իր Instagram էջում, որն ունի ավելի քան 800,000 հետևորդ, Շահը հետևողականորեն աջակցել է ցուցարարներին՝ նախկին վարչապետ Օլիին անվանելով «ահաբեկիչ»։

Reuters-ը նշում է, որ «Gen Z Nepal» շարժման պատրաստած նախագծում Շահը դիտարկվում է որպես երիտասարդների և բողոքող խմբերի ներկայացուցիչ չեզոք անցումային խորհրդում, որը պետք է վերականգնի կարգուկանոնը և մոտ 18 ամսում երկիրը հասցնի ընտրությունների։

Շահի քաղաքապետական գործունեությունը բնորոշվում է հակակոռուպցիոն պայքարով, քաղաքային բարեփոխումներով և ակտիվ ներկայությամբ սոցիալական մեդիայում։ Նա բարելավել է քայլողի ենթակառուցվածքը, պայքարել մասնավոր դպրոցների հարկերից խուսափելու դեմ և ձգտել ավելի խիստ վերահսկողության հանրային կրթության ոլորտում։

Շահը ծնվել է 1990-ին Կատմանդուում, սովորել է քաղաքացիական ճարտարագիտություն Նեպալում և ավարտել է մագիստրատուրա Հնդկաստանում։ Time ամսագիրը նրան ներառել է «100 առաջատար նոր գործիչների» ցուցակում 2023-ին։