ԱԱԾ տնօրենի պաշտոնակատար Էդուարդ Մարտիրոսյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձավ Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի ընտանիքի անդամներին ԱԱԾ հրավիրելու հարցին։
«Ոչ մի քաղաքական հետապնդման խնդիր չի եղել, ենթատեքստ չփնտրեք»,- ասաց նա՝ հավելելով՝ ուղղակի նյութերի նախապատրաստման ամբողջականության համար նաև խնդիր է առաջացել լսել Հրայր Թովմասյանի մոտ ազգականներին։
«Եվ երբ ասում ենք երեխաներ, առանձին անձինք ասում էին՝ 16-18 տարեկան, ես ասում եմ՝ երեխաները 23-25 տարեկան են։ Այսինքն՝ խնդիրը կապված է եղել գույքի հետ, իրենց գույք է փոխանցվել, և մենք պարտավոր էինք պարզաբանում իրականացնել՝ ամբողջականությունն ապահովելու համար»,- ասաց ԱԱԾ տնօրենի պաշտոնակատարը։
Նա հավելեց, որ ԱԱԾ-ն նախօրոք փորձել էր կապ հաստատել Հրայր Թովմասյանի հետ, բայց նա զանգերին չէր պատասխանել։
«Մենք ուզում էինք իրեն տեղեկացնել, որ մենք հրավիրելու ենք իրենց։ Սակայն ինքը հեռախոսազանգերին չի պատասխանել և հետագայում մեկնել է Մոսկվա։ Ուղղակի մենք իրեն որպես բարի կամքի դրսևորում ուզում էինք տեղեկացնել։ Եվ այստեղ, խնդրում եմ, ոչ մի քաղաքական ենթատեքստ չփնտրեք»,- ասաց նա։