OC Media-ի ստացած արտահոսած փաստաթղթերը ցույց են տալիս, որ Ադրբեջանի նախագահի աշխատակազմը համակարգել և ֆինանսավորել է «Արևմտյան Ադրբեջան» քարոզարշավը՝ այն ներկայացնելով որպես մարդասիրական նախաձեռնություն, սակայն իրականում այն հիմք է դնում Հայաստանի տարածքի նկատմամբ հնարավոր տարածքային պահանջների համար։
Այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջան» հասկացությունը վերաբերում է ոչ թե Ադրբեջանի տարածքին, այլ ամբողջովին կամ մասամբ Հայաստանի Հանրապետությանը։ Քարոզարշավը ներկայացվում է որպես Ադրբեջանի քաղաքացիների՝ Հայաստանից «անվտանգ և արժանապատիվ վերադարձի» նախաձեռնություն՝ այն մարդկանց համար, ովքեր տեղահանվել են ԽՍՀՄ փլուզման շրջանում՝ Ղարաբաղյան առաջին պատերազմի նախօրեին։
Անկախ փորձագետները նշում են, որ նախաձեռնությունն ունի հստակ իռեդենտիստական (տարածքային հավակնությունների) բնույթ։ Բրիտանացի վերլուծաբան Թոմաս դե Վաալը դեռ 2023-ին այն անվանել էր «պարզապես իռեդենտիստական»։
Փաստաթղթերից պարզ է դառնում, որ քարոզարշավը ուղղակիորեն ֆինանսավորվել և վերահսկվել է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի կողմից։ Պետական միջոցներով կազմակերպվել են միջազգային համաժողովներ, վարձվել են կապերի և հաղորդակցության մասնագետներ, ստեղծվել են քարոզչական հարթակներ։
Հիմնական միջոցառումը տեղի է ունեցել 2023 թվականի դեկտեմբերին Բաքվում՝ «Ապահով և արժանապատիվ վերադարձի ապահովումը» խորագրով։ Դրան մասնակցել են Եվրոպայից, Ասիայից և Մերձավոր Արևելքից 34 արտասահմանյան մասնակիցներ։ Ադրբեջանը միջոցառման համար հատկացրել է ավելի քան 109 հազար մանաթ (մոտ 65 հազար դոլար)։
Չնայած միջազգային արձագանքը թույլ էր, Բաքուն այն համարել է հաջողված և հետագայում շարունակել նման միջոցառումները։
Փաստաթղթերի համաձայն՝ այս ամբողջ գործընթացը ծառայում է որպես քաղաքական գործիք՝ հասարակական ուշադրությունը շեղելու, ազգայնական տրամադրությունները պահպանելու և Հայաստանի վրա ճնշում գործադրելու նպատակով։
Ադրբեջանցի գիտնական Ալթայ Գոյուշովը նշել է.
«Կառավարությունը այս գաղափարը օգտագործում է որպես միջոց՝ հասարակական կարծիքը մոբիլիզացնելու և մարդկանց ուշադրությունը հեռացնելու սոցիալական խնդիրներից։ Դա նաև սպառնալիքի գործիք է՝ Հայաստանի վրա հոգեբանական ճնշում գործադրելու համար»։
Քարոզարշավը նաև ակտիվորեն տարածվել է Եվրոպայում․ Վարշավայում կայացած ԵԱՀԿ համաժողովի ընթացքում, ինչպես նաև Գերմանիայում և Բրյուսելում կազմակերպվել են միջոցառումներ՝ նվիրված «Արևմտյան Ադրբեջան» թեմային։
OC Media-ի տվյալներով, Ադրբեջանի կառավարությունը «Արևմտյան Ադրբեջան» գաղափարը շարունակում է օգտագործել որպես քարոզչական և քաղաքական լծակ՝ միջազգային հարթակներում Հայաստանի դեմ։



















