Նիկոլա Սարկոզի․ «Սա մղձավանջ է, երբեմն ինձ թվում է՝ դեռ չեմ արթնացել»

Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին, որը դատապարտվել է հինգ տարվա ազատազրկման՝ Լիբիայի նախկին ղեկավար Մուամար Կադաֆիից կաշառք ստանալու գործով, հրապարակային ելույթում պատմել է իր բանտային փորձառության մասին՝ այն անվանելով «սաստիկ», «տանջալի» և «մղձավանջային»։

«Սա մղձավանջ է։ Երբեմն ինձ թվում է՝ դեռ չեմ արթնացել։ Չէի հավատում, որ իմ կյանքի այս փուլում կհասնեմ նման իրավիճակի», – ասել է Սարկոզին տեսաուղերձի ընթացքում։

Նա շնորհակալություն է հայտնել բանտի աշխատակիցներին՝ իրենց մարդկային վերաբերմունքի համար՝ նշելով, որ «նրանց շնորհիվ այս մղձավանջը մի փոքր ավելի տանելի է դարձել»։

Ըստ «The Guardian»-ի՝ Սարկոզին պահվում է Փարիզի «La Santé» բանտի մեկուսացված խցում՝ մոտ 9 քմ տարածքով, որտեղ կան սանհանգույց և ցնցուղ։ Նրան մշտապես հսկում են երկու աշխատակիցներ՝ անվտանգության նկատառումներից ելնելով։ Պարբերականը գրում է, որ նախկին նախագահը հիմնականում հրաժարվում է բանտային սննդից՝ սահմանափակվելով յոգուրտով և թեթև մթերքով։

Փարիզի դատարանը Սարկոզիի գործը բնորոշել է որպես «բացառիկ ծանրության» հանցանք՝ ընդգծելով, որ այն խարխլում է քաղաքացիների վստահությունը պետական ինստիտուտների հանդեպ։ Չնայած բողոքարկման ընթացքին՝ դատարանը որոշել էր նրան պահել կալանքի տակ։

Այժմ որոշվել է Սարկոզիին ազատել բանտից՝ դատական վերահսկողության ներքո․ նա չի կարող լքել Ֆրանսիան կամ շփվել դատախազության հետ մինչև գործի վերջնական քննությունը։

Նիկոլա Սարկոզին մնում է Ֆրանսիայի պատմության առաջին նախկին նախագահը, որը փաստացիորեն կալանավորվել է։ Նրա փաստաբանները պնդում են, որ նախկին նախագահը անմեղ է և այս դատավարությունը քաղաքական ենթատեքստ ունի։

Դատավարության շարունակությունը սպասվում է առաջիկա ամիսներին։