«Նման բարձր գների պայմաններում կառավարության՝ գնաճը զսպող ոչ մի գործիք չի կարող աշխատել». Արմեն Քթոյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է տնտեսագետ Արմեն Քթոյանը

– ՊԵԿ-ը հրապարակել է 1000 խոշոր հարկատուների ցուցակը: Տեսակետ կա, որ խոշոր գործարարները, օրինակ՝ Սամվել Ալեքսանյան, Գագիկ Ծառուկյան և այլք, շատ պատկառելի հորիզոնականներում չեն: Դուք այստեղ խնդիր տեսնո՞ւմ եք և, ընդհանրապես, առաջին տասնյակն ինչպե՞ս եք գնահատում:

– Երբ մենք գործ ունենք մեծ համակարգի հետ, որտեղ հազարավոր խաղացողներ կան, առաջին տասնյակը ոչինչ չի տալիս: Այսինքն՝ ես այնքան էլ համամիտ չեմ, որ առաջին տասնյակի հիման վրա կարող ենք ինչ-որ հեռուն գնացող խորքային եզրակացություններ անել: Առաջին տասնյակում կոնկրետ տնտեսվարող սուբյեկտներ են, որոնք նախորդ 9 ամսվա գործունեության ընթացքում ունեցել են ավելացումներ կամ նվազեցումներ:

Եթե առաջին տասնյակը նայենք, այնտեղ «Գազպրոմն» է, որ 3,4 մլրդ դրամով ավելի շատ հարկ է վճարել, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը 5 մլրդ-ով ավելի հարկ է վճարել: ՊՆ-ի աշխատակազմն է մոտ 10 մլրդ-ով ավելի շատ վճարել, «Թեղուտը» 7 մլրդ դրամով ավելի է վճարել: Նույն առաջին տասնյակում կան ընկերություններ, որոնք նվազեցրել են հարկերը՝ CPS oil-ը, «Ֆլեշը»:

Օրինակ՝ CPS oil-ը այս տարի վճարել է մոտ 12 մլրդ դրամի հարկ, նախորդ տարի 14,4 մլրդ էր: Ամենաշատ նվազեցումն ունի «Գրանդ Տոբակոն»՝ ոլորտի առանձնահատկությունից ելնելով: Նա մոտ 1/3-ով նվազեցրել է հարկերը: Սրանք ընդամենը թվեր են, որոնք հեռու են այն միտումները ներկայացնելուց, որոնց հիման վրա կարող ենք խորքային եզրահանգումներ անել:

– Ամեն դեպքում, այս ցուցակն ինչի՞ մասին է խոսում: Ասենք, եթե բենզին ներկրող ընկերությունները նվազեցրել են հարկերը, սա ինչի՞ նշան է:

– Մենք երկար տարիներ բողոքում էինք, որ բենզինի շուկան մենաշնորհային է, որ կան արհեստական սահմանափակումներ այլ ընկերությունների համար: Հիմա հին խաղացողները որոշակիորեն զիջում են իրենց դիրքերը, ինչը կարող է պայմանավորված լինել մրցակցության ուժեղացմամբ:

Հարկերի ավելանալը կամ պակասելը միանշանակ չէ, որ կարող է վկայել, որ տնտեսության համար ինչ-որ վատ պրոցեսներ են տեղի ունենում: Դա տնտեսվարող սուբյեկտի կամ տնտեսվարողի առանձնահատկությունն է: Ասենք՝ հանքարդյունաբերության մեջ պղնձի հանքանյութ արտահանող կազմակերպությունների պարագայում գրանցվել է աճ, շահույթի աճ կա նաև:

Սա խոսում է տնտեսության մեջ այս ոլորտի դերակատարության մեծացման, պղնձի գների բարձրացման մշակող արդյունաբերության համար հանքարդյունաբերության առաջանցիկ աճի մասին: Միանշանակ դա դրական կամ բացասական գնահատելը դժվար է: Բացի այդ, եզրակացություն անելու համար պետք է ունենալ տվյալների կրիտիկական զանգված: 10 հարկատուի տվյալը այդ կրիտիկական զանգվածը չէ, որ հնարավոր լինի վերլուծությունը տարածել ամբողջ ոլորտների վրա:

– Էկոնոմիկայի նախարարը հայտարարել է, որ կառավարության աշխատանքի արդյունքը պետք է լինի մարդկանց լավ ապրելը, բայց գնաճը խժռում է այդ արդյունքի մի մասը: Արդյոք հենց իշխանությո՞ւնը չպետք է քայլեր աներ, որ զսպեր այդ խժռելու պրոցեսը:

– Մենք ֆորսմաժորային իրավիճակում ենք և գլոբալ իմաստով ունենք առանձին ապրանքատեսակների մասով դեֆիցիտային կարճաժամկետ դրսևորումներ, ինչը բերում է գների բարձրացման: Դա իր արտացոլումն ունի ՀՀ-ում գների ավելացման վրա: 2013-ից ի վեր նման բարձր գնաճ չէր արձանագրվել: Կառավարությունը և ԿԲ-ն ունեն որոշ գործիքներ՝ գնաճը զսպելու կամ գնաճի բացասական ազդեցությունը մեղմելու համար: Նման բարձր գների պայմաններում կառավարության ոչ մի գործիք չի կարող աշխատել կամ չի կարող բերել այն արդյունքին, որը հասարակությունն ակնկալում է:

Եթե մենք ունենք 8-9 տոկոս գնաճ, այդ մասշտաբի գնաճի մեղմման կամ 4 տոկոսի միջակայք վերադարձնելու գործիք պետությունը, ըստ էության, չունի: Գործիքակազմը կարող է լինել ԿԲ դրամավարկային քաղաքականությունը: Նման դեպքում ԿԲ-ն թանկացնում է փողը, կրճատում է շրջանառության մեջ գտնվող փողի քանակը, դրա արդյունքում որոշակիորեն զսպվում է տնտեսական ակտիվությունը: Բայց նման բարձր գնաճային ֆոնին դա լավագույն դեպքում կարող է առավելագույնը 1 տոկոսային կետի ազդեցություն ունենալ:

Բացի այդ, այստեղ ուրիշ խնդիր էլ կա. գնաճն արտացոլում է տնտեսական գործունեության արդյունավետությունը: Ցածր գնաճ ունենալու համար պետք է կարողանալ արտադրել ցածր ինքնարժեքով ապրանքներ ու ծառայություններ, դրա համար պետք է ունենալ նորարարությունների բարձր մակարդակ: Իսկ դրա համար էլ պետք է լինի մրցակցային միջավայր, որ արտադրողները խթան ունենան լրացուցիչ գումար ծախսելու նորարարություններ ներդնելու համար:

Այս բոլոր կետերով մենք երկար ժամանակ ունեցել ենք բացեր: Հետևանքը մեր ոչ էֆեկտիվ, ցածր նորարարական տնտեսությունն է, որը նաև գնաճի համար նպաստավոր միջավայր է հանդիսանում: Այսինքն՝ այստեղ պատճառները բազմաթիվ են, և ասել, որ կառավարությունը կամ ԿԲ-ն ոչ էֆեկտիվ են գործում, այնքան էլ արդարացի չէ:

– Եթե զսպման մեխանիզմները բավարար չլինեն, հասարակությունն առաջիկայում ավելի մե՞ծ գնաճի հետ գործ կունենա, և դա ինչպե՞ս կանդրադառնա խոցելի խավերի վրա:

– Այս դեպքում մենք պետք է խոսենք ոչ թե գնաճի, այլ սոցիալական ծրագրերի մասին, խոցելի խավերի համար թիրախային ծրագրեր ներդնելու մասին: Մենք ոչ թե պետք է ասենք՝ պետությունը պետք է կարտոֆիլի գինը վերադարձնի 70 դրամ գնին, որ մատչելի լինի, այլ սոցիալական որոշակի ծրագրեր իրականացնի, որը մեր պարագայում էլի լուրջ խնդիրների է բախվում՝ հաշվի առնելով, թե 2020-ին ինչ տարի ենք ունեցել, ինչ լրացուցիչ սոցիալական ծախսեր են արվել, ինչքան դեֆիցիտ ունի մեր բյուջեն և ինչ պարտք ունենք:

Այսինքն՝ այսօր, նույնիսկ այս վիճակում, երբ սոցիալական ծախսերը ամենամեծ մասնաբաժինն ունեն պետական բյուջեում և ծախսերի կառուցվածքում, հավելյալ ծրագրեր իրականացնելը մի կողմից անհրաժեշտություն է, մյուս կողմից՝ բավականաչափ դժվար, որովհետև մենք ունենք բյուջետային սահմանափակում:

Բյուջեի դեֆիցիտը չենք կարող անվերջ մեծացնել, այնտեղ կա պարտքի խնդիր, պետք է պարտք/ՀՆԱ հարաբերակցությունը զսպվի: Մինչև 2023 թվականի ամառը սահմանված է ժամանակացույց, որի համաձայն պետք է նվազեցվի պարտք/ՀՆԱ հարաբերակցությունը: Իսկ այս ամենը հուշում է, որ չի կարելի ծախսերն անվերջ ավելացնել:

Մանե Հարությունյան

MediaLab.am