Նիկոլա Սարկոզին պայմանականորեն ազատ է արձակվել բանտից

Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին նոյեմբերի 10-ին ազատ է արձակվել բանտից՝ պայմանական ազատման որոշման հիման վրա։ Նա ազատ է արձակվել Փարիզի վերաքննիչ դատարանի որոշմամբ՝ ընդամենը երեք շաբաթ անց այն բանից, երբ սկսեց կրել հինգ տարվա ազատազրկման պատիժը՝ Լիբիայի նախկին առաջնորդ Մուամմար Քադաֆիից իր 2007 թվականի նախընտրական արշավի համար ֆինանսավորում ստանալու գործով։

Դատարանի որոշմամբ՝ Սարկոզին տեղակայվել է դատական հսկողության տակ և չի կարող լքել Ֆրանսիայի տարածքը մինչև վերաքննիչ դատավարությունը։ Սարկոզին, որը ղեկավարել է Ֆրանսիան 2007–2012 թվականներին, դատապարտվել էր քրեական դավադրության մեղադրանքով։ Նա արդարացվել էր կոռուպցիայի և ապօրինի ֆինանսավորման մյուս մեղադրանքներով։ Դատավոր Նատալի Գավարինոն նշել էր, որ բանտային պատիժը կիրառվել է անմիջապես՝ «հանցագործության բացառիկ լրջության պատճառով»։

Դատարանում խոսելով տեսազանգով՝ 70-ամյա Սարկոզին իր երեքշաբաթյա կալանքը բնութագրել է որպես «ծանր փորձություն». «Դա շատ դժվար էր, նույնիսկ տանջալից, ինչպես յուրաքանչյուր կալանավորի համար։ Բայց ես ուզում եմ շնորհակալություն հայտնել բանտի աշխատակազմին, որոնք այս մղձավանջը դարձրել են մի փոքր տանելի»,- ասել է նա։

Ֆրանսիայի դատախազությունը ևս կողմ է արտահայտվել Սարկոզիի պայմանական ազատ արձակմանը՝ նշելով, որ «վկաների վրա ճնշման և կոլուզիայի վտանգները բավարար հիմք են նման որոշման համար»։

Սարկոզին պնդում է, որ իր դեմ հարուցված գործը քաղաքական ենթատեքստ ունի և իրեն ներկայացնում են որպես նախկին լիբիական ռեժիմի հետ կապված «դավադրության» զոհ։ Նա նաև շարունակում է մնալ մի քանի դատական հետաքննությունների կենտրոնում, ներառյալ՝ վկաների նկատմամբ հնարավոր միջամտության գործով։ Նախորդ տարի Ֆրանսիայի ամենաբարձր դատարանը հաստատել էր նրա մեկ այլ դատավճիռ՝ ապօրինի ֆինանսավորման մեղադրանքով, որը վերաբերում էր 2012 թվականի անհաջող վերընտրական արշավին։