Միջգերատեսչական հանձնաժողովը առաջին նիստում հավանության է արժանացրել ութ սուբվենցիոն ծրագրային հայտ

Գեղարքունիքի մարզի համայնքների կողմից սուբվենցիաներ ստանալու նպատակով ներկայացրած ծրագրային հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի 2020 թվականի ապրիլի 10-ին կայացած անդրանիկ նիստի ընթացքում քննարկվել և այս պահի դրությամբ հավանության է արժանացել Գեղարքունիքի մարզից ներկայացրած ծրագրային հայտերից 8-ը:

Դրանք են Երանոս համայնքի «Խմելու ներտնտեսային ջրամատակարարման ցանցի 3-րդ փողոցի սկզբնամասից մինչև 3-րդ փողոցի 7-րդ նրբանցքի թիվ 3 տան մոտի հատվածի, 7-րդ փողոցի սկզբնամասից մինչև 7-րդ փողոցի թիվ 16 տան մոտի հատվածի հիմնանորոգման», Արծվանիստ համայնքի «22-րդ միջհամայնքային փողոցի ասֆալտապատման» և «Համայնքի նոր աղբյուրակապի և սնման ջրատարի կառուցման», Վաղաշեն համայնքի «Համայնքի կարիքների համար բազմաֆունկցիոնալ ամբարձիչ էքսկավատորի (անհավասար անիվներով) ձեռքբերման», «Համայնքի մանկապարտեզի գույքի ձեռքբերման» և ««Կոփոյ վար» կոչվող տարածքի ջրարբիացման, ոռոգման, կենցաղային և տեխնիկական ջրի ջրաքանակի ավելացման», Զոլաքար համայնքի «Մշակույթի կենտրոնի վարչական շենքի ներքին հարդարում» և «Համայնքում խմելու ջրի ներքին ցանցի կառուցման» աշխատանքների վերաբերող ծրագրերը:

Գեղարքունիքի մարզպետարանի զարգացման ծրագրերի, զբոսաշրջության և վերլուծության բաժնի տեղեկացմամբ առաջարկվել է համապատասխան համայնքների ղեկավարներին ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով հայտարարել ծրագրերի իրականացման մրցույթները` ապահովելով արդյունավետ, հնարավորինս թափանցիկ և նվազագույն ռիսկերով մրցութային գործընթաց: Նույն աղբյուրի հավաստմամբ առաջիկայում կհրապարակվի նաև հաստատված ծրագրային հայտերի մնացած խմբաքանակի վերաբերյալ տեղեկատվություն:

Այս մասին հայտնում է ՀՀ Գեղարքունիքի մարզպետարանը։