Սերժ Սարգսյանը մտածում է, որ իշխանությանը շանտաժի ենթարկելու նյութ ունի․ Անդրիաս Ղուկասյան. Տեսանյութ

Քաղաքագետները ոչ պատահական, ավելի շուտ՝ լավ մտածված քայլ են համարում Սերժ Սարգսյանին «Անդրանիկ Մարգարյան» քաղաքական դպրոցի ուսանողի կողմից հարց ուղղելը հնարավոր ձերբակալման մասին։

Ի պատասխան՝ Սերժ Սարգսյանը հիշեց Հոկտեմբերի 27-ի և Մարտի 1-ի գործերը։ Ըստ քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանի՝ իշխանությունը միտումնավոր է Ռոբերտ Քոչարյանին «Մարտի 1»-ի գործով Սահմանադրական կարգի տապալման մեղադրանք առաջադրել, որպեսզի հնարավոր լինի Սերժ Սարգսյանին ազատել պատասխանատվությունից։ Ձերբակալման մասին խոսելը, ըստ քաղաքագետի, մատնում է այն, որ երրորդ նախագահը վտանգ է զգում՝ հնարավոր է՝ Քոչարյանի վրայից կհանվի Քրեական օրենսգրքի 300․1 հոդվածը, ու այդ դեպքում ինքը կհայտնվի իշխանություն յուրացնողի դերում։ Խոսելով մոտալուտ ձերբակալումից՝ Սերժ Սարգսյանը փորձում է կանխարգելել այդ սցենարը։

«Հիշեցնել Նիկոլ Փաշինյանին և իր համախոհներին, որ ինքն է իշխանությունը հանձնել խաղաղ, առանց բռնության, և դրա հետ կապված ինքը կարող է և ասելիքներ ունենալ։ Ինքը մտածում է, որ ունի նյութ՝ շանտաժի ենթարկելու համար այսօրվա իշխանություններին և ենթատեքստը հետևյալն է, որ եթե դուք ինձ ձերբակալեք, ես էլ ժողովրդին դեռևս ասելու բան կարող է ունենամ։ Այդ ամենը սոսկ խոսքեր են, և այն պահին, երբ հանգամանքների ճնշման տակ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը ստիպված է լինելու մեղադրանք ներկայացնել Սերժ Սարգսյանին, ավելի մեծ հավանականություն կա, որ նա ընտանիքի հետ կտեղափոխվի Ռուսաստան»,- ասում է Անդրիաս Ղուկասյանը։

Մանրամասները՝ Factor.am-ի տեսանյութում: